155 տարի առաջ այս օրը լույս աշխարհ է եկել կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ և խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան)։
Հայտնի է, որ Վարդապետը վերին աստիճանի ճշտապահ է եղել, երբեք չի խախտել պայմանավորված ժամը։ Սակայն հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտասի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանը մի այսպիսի դեպք է պատմել. մի օր Վարդապետն իր սաների հետ հանդիպումից ուղիղ 4 ժամ է ուշացել, ինչը նրան հատուկ չէր։ Պարզվել է, որ հանդիպման գալիս ճանապարհին մի հնամաշ դրամապանակ է գտել, որի չնչին պարունակությունից եկել է այն եզրակացության, որ կորցնողն աղքատ մարդ է, հաստատ մեծ ցավ կապրի և անպայման հետ կգա՝ դրամապանակը գտնելու։ Այդպես էլ լինում է. Կոմիտասը երկար սպասում է և տեսնում՝ ինչպես է մի աղջիկ մոլորված քայլում՝ ինչ-որ բան փնտրելով։ Մոտենում է այդ աղջկան, համոզվում, որ դրամապանակը նրանն է, տալիս է ու երջանիկ գալիս իրեն սպասող սաների մոտ։
Այս լուսանկարը, որն արվել է Կոստանդնուպոլսում 1912 թվականին, Կոմիտասը նվիրել է իր սիրելի ընկեր Մարգարիտ Բաբայանին։ Այս լուսանկարը և շուրջ 200 արխիվային փաստաթուղթ, լուսանկար ու կտավ կարող եք տեսնել Գրականության և արվեստի թանգարանի ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտի՝ «Փարիզյան հանդիպումներ» խորագրով ժամանակավոր համատեղ ցուցադրության շրջանակում, որն այսօրվանից սկսած կգործի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։
Գրականության և արվեստի թանգարան
Կարդացեք նաև