Լրահոս
Օրվա լրահոսը

«20 ժամ դժոխքում». արցախցի բուժակը վառելիքի պահեստի պայթյունից հետո իր տեսածի մասին. «Հետք»

Սեպտեմբեր 26,2024 15:42

«Հետք». 2023 թ. սեպտեմբերի 25-ի Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի մոտ գտնվող վառելիքի պահեստի պայթյունից հետո մինչեւ հիմա բուժակ Սամվել Գաբրիելյանը չի մոռանում արյան հոտն ու ողբի ձայնը հիվանդանոցում: «20 ժամ դժոխքում. ուրիշ ձեւ չեմ կարող նկարագրել»,- ասում է Սամվելը, որն ապրում էր Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում:

Սեպտեմբերի 25-ին, երբ ընտանիքը պետք է լքեր տունը, նա անընդհատ փորձում էր հետաձգել անհավատալի հրաժեշտի պահը, բայց ոչինչ անել չէր կարող: Կեսօրից հետո ծնողների հետ հասել էր Ստեփանակերտի մայր տաճարի մոտ: Պատմում է, որ մեքենաների հերթի սկիզբն ու վերջը չէր երեւում:

Գրեթե հասել էին Մազի կամրջին, երբ հեռվում տեղի ունեցավ պայթյունը: Դրա ձայնը լսելուց հետո Սամվելը որոշեց հետ դառնալ՝ մտածելով, որ հիվանդանոցում օգնելու կարիք կլինի: Բայց քանի որ ծնողներն առողջական խնդիրներ ունեին, չէր կարող նրանց մենակ ճանապարհել Այգեստան, ու ինքն էլ գյուղ գնաց:

Հիշում է, որ այդ ժամանակ Ստեփանակերտում անձրեւ էր գալիս, արդեն մթնում էր, տեղ-տեղ լույսեր էին վառվում, իսկ Այգեստանն ամբողջությամբ մթության մեջ էր: Գյուղը դեռ օրեր առաջ էր տարհանվել: Հարազատ տանն անցկացրած վերջին ժամերն ամենատագնապայինն էին:

«Իբր պառկեցինք հանգստանալու, ընդհանրապես չկարողացանք քնել: Շատ տագնապային վիճակ էր: Քո տունն է, բայց հանգստություն չկա: Առավոտյան 5-ին դուրս եկանք: Ստեփանակերտ հասնելուն պես եկեղեցու մոտ գնացինք, ծնողներիս թողեցի հերթի մեջ, ես գնացի հիվանդանոց»,- պատմում է մեր զրուցակիցը:

Հանրապետական հիվանդանոցի բակը բազմամարդ էր: Ասում է՝ չէր պատկերացնում աղետի մասշտաբները, մտածել էր, թե մի 10-20 հոգի տուժած կլիներ:

Ներս մտնելով՝ ընկերներից բժշկական համազգեստ էր խնդրել եւ անցել գործի:

-Շատ ծանր էր։ Մի դեպք եմ հիշում։ Մեր գյուղի բարեկամներից մեկի տղան, ում փոքրից ճանաչել եմ, մի տեղ ֆուտբոլ ենք խաղացել, լրիվ այրված էր: Էդ տղան ասեց՝ Սամո, ճանաչո՞ւմ ես ինձ, ես չէի ճանաչել, բայց ասեցի՝ հա, ոնց չէ՝ խուսափելով անունը տալուց, որովհետեւ տեղը չէի բերում։ Ասեց՝ լավանալու եմ, չէ՞, ամեն ինչ նորմալ ա լինելու, չէ՞։ Էդ տղան էլ նոր նշանված էր: Մարմնի 80 տոկոսն այրված էր։

-Ապրե՞ց:

-Չէ, Երեւանում ա մահացել, տեղափոխել էին ծանր վիճակում։ Հիմա ասում եմ, բայց ջանս փշաքաղվում ա։ Մի բառով եմ նկարագրում միշտ՝ էդ պահին ոնց որ դժոխքում գտնվես։ Էդ հոտը, էդ ձայները…

Լուսանկարները՝ Արմեն Երամիշյանի

Մարինե Մարտիրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30