Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիա» փառատոնի շնորհիվ դասական երաժշտության սիրահարները հնարավորություն են ստանում ունկնդրելու հայտնի երաժիշտների կատարումները

Սեպտեմբեր 26,2024 15:20

«Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել մեծ համբավ վայելող թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը։ Համերգային ծրագրում հնչել է երկու թավջութակի կոնցերտ՝ Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 և Ալեքսեյ Շորի Թավջութակի թիվ 3 կոնցերտները։ Նվագախումբը կատարել է նաև Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը։ Համերգը ղեկավարում էր մեծ ճանաչում ունեցող դիրիժոր, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր Նաբիլ Շեհատան։

Թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը, համերգից առաջ ներկայացնելով իր գործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, նշել է, որ առաջին անգամ է համագործակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նվագախումբը, թավջութակահարի խոսքով, հյուրընկալ է, կազմակերպված ու կարգապահ, ինչը խիստ կարևոր է։ «Շատ պրոֆեսիոնալ կոլեկտիվ է, որտեղ բոլորը բավականություն են ստանում երաժշտությունից»,- ասում է թավջութակահարը։

Խոսելով ներկայացվող ծրագրի մասին՝ Մաքսիմիլիան Հորնունգն ընդգծել է, որ Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտն ինքը կատարել է բազում անգամներ ամենատարբեր նվագախմբերի հետ և շատ ու շատ երկրներում։ Երաժիշտը նշում է, որ Սեն-Սանսի այս ստեղծագործությունն իր հիմնական երկացանկի մաս է կազմում։ Այն շատ հոգեհարազատ է իրեն, այդ է պատճառը, որ անընդհատ ուզում է վերադառնալ այս կոնցերտին։

Շորի կոնցերտը, ըստ երաժշտի, թեև վերջին տարիներին է գրվել, սակայն այն տպավորությունն է, որ այն ոչ թե ժամանակակից, այլ դասական ռոմանտիկ դարաշրջանի ստեղծագործություն է։ Թավջութակահարի խոսքով՝ այս կոնցերտն ունկնդիրն անմիջապես ընկալում, հասկանում է՝ տարվելով երաժշտության հնչյուններով։

Մաքսիմիլիան Հորնունգը ծանոթ է նաև հայ կոմպոզիտորների արվեստին։ Նա նշում է՝ թեև երբեք չի կատարել Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը, սակայն ունկնդրել է այդ կոնցերտի բազմաթիվ ձայնագրություններ և բարձր է գնահատում այն։ Նա նաև ավելացնում է, որ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտն իր՝ ապագայում կատարելիք ստեղծագործությունների ծրագրում է։

Հիշեցնենք, որ «Արմենիա» 8-րդ երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Փառատոնի համերգներին մասնակցում են բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք ծանոթանում են հայկական կատարողական արվեստին, ինչպես նաև հնարավորություն են ստանում Երևանում հանդիպելու աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտների ու վայելելու նրանց կատարումները։

«Արմենիա» երաժշտական փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Ունկնդրին կներկայացվեն հայ կոմպոզիտորների՝ Տիգրան Մանսուրյանի, Արմեն Սմբատյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30