Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆոռնիայում կսահմանափակեն դասերի ընթացքում հեռախոսից օգտվելը

Սեպտեմբեր 26,2024 15:02

«Ամերիկայի ձայն». Կալիֆոռնիայի դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմը երկուշաբթի ստորագրել է նոր օրենք, որի համաձայն նահանգի դպրոցները պետք է մշակեն կանոններ` սահմանափակելու դասաժամերին աշակերտների կողմից հեռախոսներից օգտվելու հնարավորությունները։

Կալիֆոռնիան ԱՄՆ առաջին նահանգը չէ, որ փորձում է դպրոցականների համար սահմանափակել հեռախոսների օգտագործումը՝ դասարանում շեղող
հանգամանքները և սոցիալական ցանցերի վնասակար ազդեցությունը երեխաների հոգեկան առողջության վրա նվազագույնի հասցնելու նպատակով։ Նմանատիպ օրենքներ արդեն իսկ ընդունվել են Ֆլորիդայում, Լուիզիանայում, Ինդիանայում և այլ նահանգներում։

«Նոր օրենքը կօգնի աշակերտներին կենտրոնանալ ուսման, սոցիալական
զարգացման և իրենց առջև գտնվող աշխարհի վրա, այլ ոչ թե էկրանների, երբ
նրանք գտնվում են դպրոցում», – հայտարարել է Նյուսոմը։

Այդուհանդերձ, նոր օրենքի քննադատները նշում են, որ ընդունվող կանոնների
պահպանման ապահովումը չպետք է ուսուցիչների ուսերին դրվի։ Մյուսները
մտավախություն ունեն, որ այս կանոնների պատճառով աշակերտներին ավելի
դժվար կլինի օգնություն կանչել արտակարգ իրավիճակներում, կամ պնդում են, որ
հեռախոսների արգելման մասին որոշումները պետք է ընդունվեն առանձին
շրջանների կամ դպրոցների մակարդակով։

Օրենքը պահանջում է, որ դպրոցները մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը ընդունեն կանոններ, որոնք կսահմանափակեն կամ կարգելեն աշակերտներին օգտագործել սմարթֆոններ դպրոցների տարածքում կամ այն ժամանակ, երբ նրանք գտնվում են դպրոցական անձնակազմի հսկողության ներքո։

Օրենքը ներկայացվել է Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի՝
Ասամբլեայի անդամ, հանրապետական Ջոշ Հուվերի կողմից՝ մի խումբ
երկկուսակցական օրենսդիրների հետ միասին, որոնք, ի դեպ, բոլորն էլ ծնողներ են։

«Աշակերտների համար, իհարկե, երբեմն դժվար է լինելու ազատվել այդ
կախվածությունից։ Բայց, կարծում եմ, ընդհանուր առմամբ, նրանք հասկանում են,
թե ինչու է այն կարևոր, և ինչու կօգնի նրանց ավելի լավ կենտրոնանալ դասերի վրա և շատ շփվել հասակակիցների հետ, երբ նրանք դպրոցում են»,– հայտարարել է Հուվերը։

Որոշ ծնողներ մտահոգված են, որ դպրոցում բջջային հեռախոսների օգտագործման արգելքը կարող է զրկել իրենց երեխաների հետ կապվելու հնարավորությունից արտակարգ իրավիճակի դեպքում։ Նման մտահոգություններ կրկին հնչեցին այս ամսվա սկզբին` Ջորջիայի դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակոցներից հետո, որի հետևանքով չորս մարդ զոհվեց, ևս ինը վիրավորվեցին։
Հեռախոսների օգտագործման սահմանափակման կողմնակիցները բերում են հետևյալ հակափաստարկը` դպրոցում կրակոցների դեպքում ավելի լավ է, որ հեռախոսները անջատված լինեն, որպեսզի զանգերը չբացահայտեն աշակերտների գտնվելու վայրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30