ԱԶԲ-ն բարձրացնում է զարգացող Ասիայի և Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական աճի կանխատեսումը
ՄԱՆԻԼԱ, ՖԻԼԻՊԻՆՆԵՐ (2024 թվականի սեպտեմբերի 25)․ Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) այս տարի բարձրացրել է զարգացող Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական աճի իր կանխատեսումը՝ կայուն ներքին պահանջարկի և շարունակաբար ամրապնդվող արտահանման խորապատկերին: ԱԶԲ-ը նաև նվազեցրել է տարածաշրջանային գնաճի սեփական կանխատեսումը։
Համաձայն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից այսօր լույս տեսած Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) 2024 թվականի սեպտեմբերյան թողարկման՝ կանխատեսվում է, որ տարածաշրջանն այս տարի կունենա 5․0%-ով աճ՝ ապրիլ ամսվա 4․9% կանխատեսման համեմատ: Հաջորդ տարվա կանխատեսումը պահպանվում է 4.9% մակարդակի վրա։ Սպասվում է, որ 2024 թվականին զարգացող Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գնաճը կշարունակի նվազել՝ նախկին 3.2% կանխատեսման համեմատ հասնելով 22.8%-ի:
Բարելավված տնտեսական հեռանկարներն արտացոլում են սպասվածից ավելի մեծ ընդլայնումներ Արևելյան Ասիայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Կիսահաղորդիչների համաշխարհային պահանջարկի աճը, ինչը մասամբ պայմանավորված է արհեստական բանականության բումով, խթանում է արտահանումը, մինչդեռ պարենային ապրանքների համաշխարհային գների նվազեցումը և դրամավարկային քաղաքականության կոշտացման լագային ազդեցությունները գնաճը նվազեցրել են՝ ընդհուպ մոտեցնելով համավարակին նախորդող մակարդակներին:
Կարդացեք նաև
«Ուժեղ տնտեսական հիմունքները կշարունակեն խարսխել ընդլայնումը այս և հաջորդ տարվա ընթացքում», – նշել է ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Ալբերտ Փարկը: «Ակնկալվում է, որ ֆինանսական պայմանները կբարելավվեն՝ պայմանավորված գնաճի հետագա չափավորմամբ և ԱՄՆ-ի կողմից սեփական դրամավարկային քաղաքականության թուլացմամբ, և դա կաջակցի այս տարածաշրջանի դրական հեռանկարին»:
Հեռանկարների հետ կապված ռիսկերը ներառում են Միացյալ Նահանգների (ԱՄՆ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) միջև առևտրային լարվածության խորացումը, ՉԺՀ անշարժ գույքի շուկայի հետագա վատթարացումը, աշխարհաքաղաքական լարվածությունների սրացումը, և կլիմայի փոփոխության և անբարենպաստ եղանակային պայմանների ազդեցությունները ապրանքների գների և պարենային ու էներգետիկ անվտանգության վրա:
Զարգացող Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ամենամեծ տնտեսություն հանդիսացող ՉԺՀ-ի համար արված աճի կանխատեսումն այս տարի մնում է 4․8%, իսկ հաջորդ տարի՝ 4․5% մակարդակի վրա: ՉԺՀ-ի անշարժ գույքի ոլորտում արձանագրված տևական թուլացումը 2024 թվականի ընթացքում բացասաբար է ազդել տնային տնտեսությունների ծախսերի վրա: Սա մասամբ փոխհատուցվել է ավելի մեծ ներդրումներով, որոնց համար հիմք են հանդիսացել խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները, և արտահանման ավելի մեծ ծավալներով:
Կանխատեսվում է, որ Հնդկաստանի տնտեսությունը, որը տարածաշրջանում իր մեծությամբ երկրորդն է, մեծ ներքին պահանջարկի, այդ թվում՝ պետական ծախսերի աճի ֆոնին՝ 2024 թվականին կունենա 7․0% աճ՝ ապրիլի նկատմամբ չարձանագրելով որևէ փոփոխություն:
Կովկասի և Կենտրոնական Ասիայի մասով կանխատեսումն այս տարի բարձր է ապրիլ ամսվա 4․3%-ից և կազմում է 4․7%՝ պայմանավորված է որոշ երկրներում փոխանցումների շնորհիվ բարելավված ներքին պահանջարկով: Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մասով աճի կանխատեսումը՝ զբոսաշրջիկների ժամանումների ավելացման հետ կապված վերանայվել է դեպի վեր՝ ապրիլ ամսվա 3․3%-ից հասցնելով 3․4%-ի: Հարավարևելյան Ասիայի մասով կանխատեսումը կրճատվել է 0․1 տոկոսային կետով և կազմել 4․5%, ինչը պայմանավորված է պետական ներդրումների անկումով և արտահանման՝ սպասվածից ավելի դանդաղ վերականգնումով։
2024 թվականի առաջին կիսամյակին Հայաստանի տնտեսական աճը չափավորվել է՝ կազմելով 6․5%, սակայն այն մնացել է ամուր և պայմանավորված է եղել ծառայություններով, մասնավոր սպառմամբ և առևտրով։ Արդյունաբերության աճը, առանց շինարարության ոլորտի, արձանագրել է տպավորիչ վերելք՝ 2023 թվականի առաջին կիսամյակի 2․5%-ից հասնելով 7․5%-ի, հիմքում ունենալով մշակող արդյունաբերության 9․2% աճը, իսկ գյուղատնտեսության ոլորտն ընդլայնվել է 4․9%-ով։ Մասնավոր սպառման ընդլայնումը 2024 թվականի առաջին կիսամյակին արագացել է՝ կազմելով 7․5%: Գնանկումը պահպանվել է 2024 թվականի առաջին յոթ ամիսների ողջ ընթացքում՝ այդ ժամանակահատվածում գրանցելով միջինում 0․3% անկում: Ելնելով այս միտումներից՝ կանխատեսվում է, որ 2024 և 2025 թվականների միջին գնաճը կկազմի համապատասխանաբար՝ 0․8% և 2․5%, իսկ ՀՆԱ-ի աճը սպասվում է, որ 2025 թվականին կմնա կայուն և կկազմի 6․0%:
ԱԶԲ-ն հանձնառու է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հասնել բարգավաճման, ներառականության, դիմակայունության և կայունության` միաժամանակ հետևողական ջանքեր գործադրելով ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը՝ այդ տարածաշրջանից։
Մամուլի հաղորդագրություն