«Մենք սովորաբար դեպի ներս ենք նայում, մտածելով՝ ամեն ինչ հայության համար, բայց եթե մի քիչ ավելի հեռատես լինենք, ապա կնկատենք, որ Ռուբեն Վարդանյանի երազանքը՝ լինի UWC Դիլիջանը, «Ավրորան» կամ «ՏաԹևեր» ճոպանուղին, բոլորն էլ հեռու նայելով ու գյուղերը զարգացնելու նպատակով են արվում, բայց՝ ուրիշ մեթոդով»։ Այս մասին ասել է UWC Դիլիջանի խորհրդի անդամ, կրթական հարցերով միջազգային խորհրդատու, ամերիկյան մի շարք բուհերի խորհուրդների անդամ Ալիս Պետրոսյանը՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցի տասնամյակի առիթով CivilNet-ին տված հարցազրույցում:
Նա պատմել է, որ սկզբում Հայաստանում, Դիլիջանում UWC ցանցի քոլեջ ունենալու գաղափարն իր մոտ տարակուսանք է առաջացրել. «Երբ ամեն անգամ գնում էինք Դիլիջանի գյուղերը՝ դպրոցները նորոգելու կամ ուսուցիչներին օգնելու, տեսնում էինք ոչ բարվոք վիճակ, հետո՝ մի հրաշալի շենք՝ UWC Դիլիջանի շենքը, որը նախատեսված էր միջազգային ուսանողների համար։ Հիմա ես ընդունում եմ իմ կարճատեսությունը։ Ես չէի հասկանում, թե ինչքան հեռատես էին Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, որոնք մտածում էին, որ միայն հայերը չէ, որ պիտի Հայաստանում սովորեն, այլ բոլոր ազգերին պիտի բերես երկիրդ, ծանոթացնես քո երկրի պատմությանը, երաժշտությանը, դրանից հետո նրանց դարձնես քո խոսնակը, քո ամենակարևոր ընկերը մինչև կյանքի վերջ»:
Նա նշում է, որ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի երազանքն էր աշխարհում խաղաղություն քարոզելը, և դա տեսանելի է, երբ մտնում ես Դիլիջանի միջազգային դպրոց, որտեղ ավելի քան 90 երկրից երիտասարդներ են սովորում. «Երբ Արցախի պատերազմն սկսեց՝ Թուրքիան պարտադրեց, որ Դիլիջանում սովորող երեք թուրք աշակերտները վերադառնան տուն՝ մտածելով, թե մենք լավ չենք վերաբերվի այդ երեխաներին։ Երեխաներին հրավիրեցինք, ծնողներին կանչեցինք ու ասացինք, որ երեխաներին վերադարձնում ենք Թուրքիա։ Գիտե՞ք երեխաներն ինչ ասացին՝ «մենք մի ոտք անգամ դուրս չենք դնի Հայաստանից, մենք նույնիսկ համակիր ենք իրենց մտածելակերպին եւ արած գործերին»»։
Ալիս Պետրոսյանը UWC Դիլիջանի հիմնումը կարևոր է համարել նաև հենց Դիլիջան քաղաքի զարգացման համար. «Երբ երեխաներն ավարտում են դպրոցը՝ ավարտական օրվա համար հարյուրավոր զբոսաշրջիկ է գալիս դրսից, գիտե՞ք դա ինչ է նշանակում Դիլիջանի համար, նույնիսկ Երևանի համար։ Հետո նրանք ուրիշներին են պատմում, մյուս երեխաներին են ուղարկում Հայաստան, երկիրն անուն է ստեղծում լավ իմաստով։ Եվ դա է մեր PR-ն ու հանրաճանաչությունը, որը շատ կարևոր է»։
Կարդացեք նաև
Ալիս Պետրոսյանի հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է սկզբնաղբյուր կայքում:
Ռուբեն Վարդանյանի գրասենյակ