Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսագիտական համալսարանը երբ կարող է տեղ գտնել գոնե թոփ 100-ի մեջ»․ Ժաննա Անդրեասյանն ուղղեց Մհեր Գրիգորյանի սխալը

Սեպտեմբեր 26,2024 12:17

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էր չորս հավակնորդ՝ Արսեն Պետրոսյանը, Արմեն Գրիգորյանը, Էդգար Ղազարյանը, Ատոմ Մարգարյանը: Փակ քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է ձայների հետեւյալ արդյունքը՝ Արմեն Գրիգորյան՝ 19 կողմ, Ատոմ Մարգարյան՝ 1 կողմ, Արսեն Պետրոսյան՝ 0 կողմ, Էդգար Ղազարյան՝ 0 կողմ: Համալսարանի կանոնադրության 25-րդ կետի համաձայն՝ խորհրդի անդամների 19 կողմ ձայնով տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Գրիգորյանն ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Արմեն Գրիգորյանն ասաց, որ իր հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու է համալսարանի միջազգային ծրագրային հավատարմագրման գործընթացներն առաջ մղելու ուղղությամբ։ «Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ ձեզ հրավիրել նաեւ համալսարան՝ բաց դասախոսություններով հանդես գալու»,- կառավարության անդամներին դիմեց նորընտիր ռեկտորը։

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց ռեկտորին․ «Իսկ ձեր կարծիքով՝ համալսարանը ե՞րբ կարող է տեղ գտնել, զբաղեցնել որեւիցե միջազգային վարկանիշային աղյուսակում, գոնե 100-ի մեջ»։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղղեց փոխվարչապետի սխալը․ «Պարոն Գրիգորյան, մեր ռազմավարությամբ 500-ի մեջ պիտի տեղ գտնենք»։

«Ես ուզում եմ, որպեսզի չզսպենք նորանշանակ մենեջերի ամբիցիաները, բայց եկեք՝ 500-ի մեջ»,- արձագանքեց Մհեր Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանն ասաց, որ թոփ 500-ում ներգրավվելն ավելի իրատեսական է, քան թոփ 100-ում։ «Կարծում եմ՝ 5 տարին բավարար ժամանակահատված է՝ Եվրոպայի թոփ 300 համալսարանների եւ աշխարհի թոփ 1000 համալսարանների շարքում մեր համալսարանը հաստատապես տեսնելու համար»,- հավելեց ռեկտորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30