Նյու Յորքում գտնվող Թուրքիայի տանը կայացավ Փաշինյան-Էրդողան հանդիպումը, որից ստանդարտ պաշտոնական տեքստ տարածվեց։ Թուրքական մամուլը շեշտադրեց այդ հանդիպման ժամանակ Էրդողանի՝ Փաշինյանին մատուցած նվերը՝ իր հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գրքի տեսքով։ Թուրքագետ, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանին հանդիպման վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք։
– Էրդողանական «արդար» աշխարհում ի՞նչ տեղ պետք է ունենա Հայաստանը կամ՝ պե՞տք է ունենա, առհասարակ։
– Չեմ կարծում, թե հիմա Թուրքիան մտածի Հայաստանը վերացնելու մասին, ինչպես դա արվում էր Աթաթուրքի ժամանակ, երբ հրաման տրվեց, որ Հայաստանը պետք է ոչնչացվի ե՛ւ քաղաքականապես, ե՛ւ իրապես։ Չեմ կարծում, որ Թուրքիան հիմա ինչ-որ ռազմական գործողություններ կիրականացնի Հայաստանի նկատմամբ, նա կարող է Ադրբեջանի միջոցով ճնշումն ուժեղացնել Հայաստանի վրա, բայց Թուրքիային պետք է այնպիսի Հայաստան, որը հրաժարվում է Թուրքիայի նկատմամբ իր պատմական պահանջներից, այնպիսի Հայաստան, որտեղից ռուսական ռազմաբազան դուրս կբերվի, եւ դա կլինի այնպիսի Հայաստան, որը կդառնա թուրքական ազդեցության ոլորտ՝ փափուկ ուժի միջոցով։ Այսինքն՝ հիմա Թուրքիան ոչ թե իսկական ռազմական ուժով, այլ փափուկ ուժով է գործում, որը տեղի ունեցավ Վրաստանում։ Ես կարծում եմ, որ սա է իրենց նպատակը։
– Կարծում եք, այսպես կոչված, միջանցքի հարցին անդրադարձ եղե՞լ է այդ հանդիպմանը։
Կարդացեք նաև
– Պատահական չէ, որ Փաշինյանը խոսել է «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին։ Հավանաբար, երբ Էրդողանի կողմից այդ հարցը բարձրացվել է, նա էլ ասել է, թե, տեսեք` մենք էլ այս ծրագիրն ունենք, որ բոլոր ճանապարհները պետք է բացվեն։ Իմ կարծիքով՝ ներկա փուլում Թուրքիայի համար այդ հարցը երկրորդական է, որովհետեւ այն հատվածը, որը Թուրքիայի երկաթուղային համակարգը պետք է կապի Նախիջեւանի հետ, կառուցված չէ․ 240 կմ հատվածը մինչեւ հիմա չեն կառուցել, եւ, ինչպես Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարեց, շինարարությունը պետք է ավարտվի 2028 թվականին։ Այսինքն՝ Թուրքիան մինչեւ 2028 թվականը ժամանակ ունի, եւ կարծում եմ, որ կշարունակի Հայաստանի վրա ճնշումը։ Էրդողանն ասում է, որ եթե Հայաստանն Ադրբեջանի հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը, մենք հարաբերությունները կկարգավորենք, բայց կարծում եմ, որ նույնիսկ այդ դեպքում մինչեւ վերջ չեն կարգավորի հայ-թուրքական հարաբերությունները, մի բան կպահեն, հետագայում կճնշեն Հայաստանին եւ արդեն կստանան Զանգեզուրի միջանցք կոչվածն այնպես, ինչպես իրենք են ուզում։ Դա իրենց մոտեցումն է, դիվանագիտությունն է։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: