Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոշոր խաղացողներն իրենց պատվիրակներին ուղարկել են «եփելու» կարգադրություններ եւ գործարքներ». Նարեկ Աբրահամյան

Սեպտեմբեր 26,2024 13:00

Լիբանանի հարավային եւ արեւելյան շրջանների բնակավայրերին իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետեւանքով զոհերի թիվը 274-ից հասել է 492-ի, վիրավորների թիվը՝ 1645-ի։ Երկրի առողջապահության նախարարության ղեկավարի խոսքով՝ լիբանանցիներն առաջին անգամ են նման կորուստներ կրում 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ավարտից հետո (ըստ Al Mayadeen հեռուստաալիքի)։ Երեկ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հրթիռային հարձակում իրականացրեց Իսրայելի հյուսիսում գտնվող Մեգիդո ռազմական օդանավակայանի եւ ռազմաօդային ուժերի Ռամաթ-Դավիդ ավիաբազայի վրա։ Այս մասին ասված է շարժման Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ՝ փոխանցել էր ՏԱՍՍ-ը:

Լիբանանահայ բլոգեր Պետրոս Մանուկյանը նախորդ օրը տեսազրույց ունեցավ Լիբանանի հայազգի գեներալ Նարեկ Աբրահամյանի հետ, հնչեցրեց նաեւ հարց, որն «Առավոտն» էր տրամադրել նրան: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

– Հարգարժան զորավար, Լիբանանը պատերազմի շեմին է, կամ՝ արդեն պատերազմի մե՞ջ է:

-Ոչ Իրանը, ոչ «Հըզբոլլահը» չեն ցանկանում պատերազմի մեջ մտնել Իսրայելի հետ:

Իրանի նախագահն արդեն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ եւ հայտարարել է, որ իրենք ցանկանում են ԱՄՆ-ի հետ հակամարտության վիճակում չլինել եւ ցանկանում են իրանական միջուկային էներգիայի զարգացման հարցը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով:

Ուստի Իրանը իրեն դիրքավորվել է այս պատերազմից դուրս:

Այսպիսով, ճակատում մնացին միայն «Համասը» եւ «Հըզբոլլահը»: Երբ Իսրայելը հարձակվեց «Համասի» վրա Գազայում՝ «Հըզբոլլահն» ասաց, որ այն գտնվում է միայն մարտական աջակցության կարգավիճակում, եւ Իսրայելի հետ հակամարտությունը մնաց սահմանափակ՝ մեկ տարի, բայց այժմ Իսրայելն ավարտվել է եւ վճռել ՀԱՄԱՍ-ի հարցը եւ այժմ թիրախում է «Հըզբոլլահը»:

«Հըզբոլլահը» չի ցանկանում գնալ տոտալ պատերազմի, հատկապես, որ նա միայնակ է կանգնած. այժմ մենք գտնվում ենք կրիտիկական փուլում, մասնավորապես, հայտնի փեյջերի գործողությունից հետո:

Իսրայելը գերազանցում է, քանի որ բավականին շատ ներքին տեղեկություններ ունի «Հըզբոլլահ» շարժման մասին՝ ներքին գործակալների ներթափանցման շնորհիվ եւ վայելում է հստակ տեխնոլոգիական առավելություն:

«Հըզբոլլահը» ցանկանում է խուսափել պատերազմից, բայց Նաթանյահուն փորձում է հրահրել «Հըզբոլլային» եւ նրան ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ:

Իսրայելը հստակ նպատակներ ունի, նախորդ տարվա հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելը վայելում է Արեւմուտքի լիակատար աջակցությունը, եւ նա որոշել է, որ երբեք չի կարող թույլ տալ, որ հոկտեմբերի նման սպառնալիքը կրկնվի:

ՀԱՄԱՍ-ն ունի առնվազն 20000 զոհ, կորցրեց իր բոլոր մարտական հնարավորությունները, ապագան ՀԱՄԱՍ-ին չի պատկանելու, ավելին՝ խաղն այժմ շատ ավելի մեծ է, ինչ էլ որ լինի Կովկասում, ռուս- ուկրաինական պատերազմում, Արեւելյան Եվրոպան եւ արաբական երկրները շաղկապված են:

Սա է ԱՄՆ ռազմավարությունը՝ դառնալ աշխարհի միահեծան բեւեռը:

Նրանք նույնիսկ ամբողջությամբ չմոբիլիզացրին Ուկրաինային, բայց խորապես թուլացրին Ռուսաստանը։ Հայաստանը նույնպես ԱՄՆ-ի այս ռազմավարության մաս է կազմում: ԱՄՆ-ը կգերիշխի տարածաշրջանում:

Կարծում եմ, որ այս պատերազմից հետո «Հըզբոլլահի» զենքի ներկայությունը կավարտվի: «Հըզբոլլահը» պետք է որոշի, եթե դիմադրի այս նախագծին, դա կվտանգի այն ամենը, ինչ նա ձեռք է բերել տասնամյակների ընթացքում։

Կարծում եմ՝ այս պատերազմը երկար չի տեւի, եւ արդեն խոշոր խաղացողներն իրենց պատվիրակներին ուղարկել են «եփելու» կարգադրություններ եւ գործարքներ:

-Ի՞նչ եք կարծում, Իրանը կարո՞ղ է թույլ տալ, որ «Հըզբոլլահ» շարժումը զինաթափվի, քանի որ «Հըզբոլլահի» հրթիռները կարեւոր դեր են խաղում, որպես Իրանի երաշխիք՝ թույլ չտալու Իսրայելին հարձակվել Իրանի վրա եւ վերջ դնել իր միջուկային ծրագրերին։

-Իրանն այլեւս չունի ռազմական միջուկային կարողություն զարգացնելու ծրագրեր, նրանք գիտեն, որ իրենց հարցը ԱՄՆ-ի հետ է, ոչ թե Իսրայելի: ԱՄՆ-ն է որոշում՝ Իսրայելը կարո՞ղ է հարվածել Իրանին, թե՞ ոչ: Հիմա Իրանն ու «Հըզբոլլահը» փոխադարձ շահեր ունեն՝ իսկ շիաները Լիբանանում Իրանի հետ համագործակցության շնորհիվ մեծ ուժ են կուտակել:

-Չե՞ք կարծում, որ սա կտագնապի շիա ազդեցիկ առաջնորդներին, Հըզբոլլահի շնորհիվ նրանց կուտակած իշխանությունն այժմ հակադարձում է, նրանք անընդհատ հարվածներ էին ստանում, իրենց կուտակած ուժը չխնայեց նրանց մեծ վնասից, այժմ շիաները վտանգված են։

-Այդ իսկ պատճառով նրանք պետք է կիրառեն վնասի վերահսկում, որքան շուտ, այնքան լավ:

-Չե՞ք կարծում, որ հիմա շիաները գիտակցում եւ ափսոսում են, որ իրենց լավագույն շահը լիբանանյան պետության հովանու տակ մտնելն էր:

-Այո, կան այնպիսի ձայներ, որոնք ճնշված էին, «Հըզբոլլահը» ուժեղ էր, բայց հիմա այն թուլանում է, եւ նրանց շատ մտավորականներ կհեռանան «Հըզբոլլահից»:

Այս պատերազմից հետո նոր Մերձավոր Արեւելք է առաջանալու, հիմա, եթե նկատում եք, Պուտինը վերահսկում է Սիրիան, որը Իրանի ամենամոտ դաշնակիցն է, Պուտինի վերահսկողության տակ գտնվող Սիրիան չէր մտել այս էսկալացիայի մեջ:

Չինաստանը լռում է , Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամի մեջ է:

ԱՄՆ-ն այժմ բացառիկ պատասխանատուն է եւ կերտում է Մերձավոր Արեւելքը այնպես, ինչպես ցանկանում է:

– «Առավոտի» հարցը հնչեցնեմ, ի՞նչ զուգահեռ եք նկատում Արցախի վրա հարձակումների, որոնք ես համարում եմ հարձակում Հայաստանի վրա, Գազայի դեմ պատերազմի, իսկ հիմա 4-րդ՝ Լիբանանի դեմ պատերազմի (Ինձ համար Արցախը Հայաստանի անբաժան մաս- մարզ է – Պ. Մ.) միջեւ:

– Այո, այս ամենը ԱՄՆ-ի քաղաքականության մի մասն է, ստեղծելու միակողմանի բեւեռ՝ չինական- թայվանական հակամարտությունից մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմ, մեր տարածաշրջան Անդրկովկասում՝ Վրաստանում եւ Հայաստանում, այն նպատակ ունի թուլացնել ռուսական ներկայությունը եւ այստեղ նաեւ ԱՄՆ-ն Իրանի հետ խնդիր չունի, Հայաստանում ԱՄՆ-ն ավելի մոտ է Իրանին, քան՝ Թուրքիան, Իրանն ու ԱՄՆ-ն ունեն նույն նպատակը, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան նույնպես նույն նպատակներն ունեն:

Իրան-Իսրայել հարաբերությունները ԱՄՆ-ի միակ հաշվարկը չեն, եւ ԱՄՆ-ն, եւ Իրանը գիտեն, որ միմյանց պետք են։ Տարածաշրջանն այնքան շատ խաղացողներ ունի՝ արաբներ, իրանցիներ, թուրքեր, Իսրայելը, ռուսները եւ ԱՄՆ-ը, բայց գլխավոր մաեստրոն ԱՄՆ-ն է, եւ Ռուսաստանը դա քաջ գիտի։

Ռուսաստանը տարածաշրջան մտավ ամերիկյան հովանավորությամբ եւ կանաչ լույսով, երբ սիրիական ռեժիմը, տեղում իրանական ուժերը՝ Հըզբոլլահը եւ Հաշդ Շաաբին հայտնվեցին անելանելի կացության մեջ՝ Ռուսաստանը եկավ փրկելու Բաշար Ասսադի վարչակարգը: ԱՄՆ-ն օգնեց սիրիական ռեժիմին Օբամայի վարչակազմի հսկողության եւ հովանավորության ներքո, ոչ միայն ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Իրանը նույնպես երաշխիք են Իսրայելի համար:

Իսրայելի եւ Իրանի հակամարտությունը միայն մակերեսային է, իրականում նրանք ունեն մեկ ընդհանուր թշնամի, որը նախ արաբական ազգայնականությունն էր, այնուհետեւ սուննի ծայրահեղականությունը, այդ իսկ պատճառով սիրիական վարչակարգը ստիպեց 10 միլիոն սուննի արաբներին լքել երկիրը, Իսրայելն ավելի շատ անհանգստացած է սուննի ծայրահեղականությամբ, իսկ ավելի քիչ՝ փոքրամասնություն կազմող շիաներով: Այս պատերազմից հետո ԱՄՆ-ը կկազմակերպի տարածաշրջանը կայունացնելու բանաձեւ:

Թուրքիան չի կարող հեռանալ ԱՄՆ-ի ազդեցությունից, քանի որ ԱՄՆ-ն ներկայումս զսպում է քրդերին:

Իսրայելը հաջողությամբ հարվածեց «Հըզբոլլահի» հրամանատարության եւ վերահսկման համակարգի վրա, սովորաբար, հետեւում է ցամաքային գրոհը, բայց Իսրայելը հետագա ցամաքային հարձակում չի մշակել, ինչը նշանակում է, որ նրանք չեն ցանկանում հեռու գնալ, բայց այժմ «Հըզբոլլահը» պետք է իմաստուն լինի, որպեսզի թույլ չտա, որ ամեն ինչ ավելի դառնա ծայրահեղ, քանի որ հակառակ դեպքում ամեն ինչ կկորցնի:

-Ի՞նչ եք կարծում, այժմ Լիբանանը կունենա՞ մարտի 14-ի տեսլականը իրագործված՝ անցում դեպի պետություն:

-Երկարաժամկետ հեռանկարում, այո, դա է ուղղությունը, ուժեղ բանակ, եւ Հըզբոլլահը դառնում է քաղաքական ներկայություն կենտրոնական պետականության ներքո եւ այլեւս զենք չի կրում:

Հարցազրույցը վարեց՝

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30