Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության» ադրբեջանական ավանտյուրան

Սեպտեմբեր 26,2024 12:00

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ոչ ոք խաղաղության պայմանագիր չառաջարկեց նացիստական Գերմանիային։ Նացիստական Գերմանիան բաժանվեց մասերի»` սա Հայաստանի հետ «խաղաղության» հաստատման ձգտող Ալիեւի գնահատականն է

Երեւանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ ՀՀ իշխանությունը, ինչպես հայտնի է, առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո` շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։

Եվ որքան ավելի հաճախակի է միջազգային հանրությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության հասնելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարություններ ու կոչեր հնչեցնում, ավելին` ազդարարում են, թե որքան են Երեւանն ու Բաքուն մոտեցել հանգուցալուծման, Ալիեւն այնքան ջղաձիգ է դառնում…

«Ռեւանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնում», օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ պնդելով, թե այդպիսի մտքերով ու երազանքներով են ապրում նաեւ գործող իշխանությունները։ Միլի մեջլիսի 7-րդ գումարման առաջին նիստի ելույթում Ալիեւը Ադրբեջանի ռազմական հզորացման մեծացման անհրաժեշտությունից է խոսել՝ այն իրենց թիվ մեկը խնդիրը որակելով։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի «ռեւանշիստական միտումներն» իրենց ստիպում են մշտապես ուշադրություն դարձնել այս ոլորտին. «Թեեւ բառերով այլ բաներ են ասում, բայց իրենց գործերը, քաղաքականությունը լրիվ հակառակ պատկեր են ստեղծում։ Նրանք չեն ցանկանում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի եւ հակաահաբեկչական գործողության արդյունքների հետ։ Դա է վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը գործառական նշանակություն չունի»:

Ալիեւը բաց տեքստով ասել է՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրենք զգալիորեն ավելացրել են իրենց ռազմական ներուժը, ապա հավելել՝ Հայաստանն ու Հայաստանի հետեւում կանգնած ցանկացած երկիր պետք է իմանան՝ իրենց հետ շանտաժի ու վերջնագրերի լեզվով անհնար է խոսել. «Բայց եթե մենք քիչ ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին եւ չապահովենք դրա համար հատկացվող միջոցների պատշաճ մակարդակը, ապա ապագայում կարող ենք խնդիրների առաջ կանգնել»։

Սեփական կարողություններն ընդլայնելու հայտարարությանը զուգահեռ` Ալիեւը քննադատել է Երեւանի քայլերը ռազմական ոլորտում՝ մեղադրելով, թե Հայաստանը ցանկացած պահի կարող է սադրանքի գնալ: «Հայկական կողմը զանգվածաբար զինվում է, միեւնույն ժամանակ զորավարժություններ անցկացնում այլ երկրների՝ ընդ որում գերտերությունների հետ։ Այսինքն՝ որոշ արեւմտյան երկրների` Հայաստանին մեր դեմ տրամադրելու պլաններն ավելի քան ակնհայտ են»:

Ահա, թե ինչի հանգեցրեց Ալիեւի թելադրած խաղի կանոններով առաջնորդվելու, նրա քմահաճությունները բավարարելու ՀՀ իշխանությունների հարմարվողական կեցվածքը: Այսպիսի տոնայնությամբ խոսում է մի երկրի ղեկավար, որի ստորաբաժանումները մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս չեն եկել: Եվ դուրս չեն եկել, որովհետեւ Հայաստանի իշխանությունները որեւէ նախապայման չդրեցին Բաքվի առջեւ, որ` կբանակցեն, կհանդիպեն Ադրբեջանի իշխանություններին միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական ստորաբաժանումները դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից:

Հիմա Ալիեւը ցանկացած օր առաջ է քաշելու մի պատրվակ, որպեսզի արդարացնի իր` խաղաղության հասնելուց խուսափելու գիծը: Եվ դա’ է նրա իրական նպատակը` խուսափել Հայաստանի հետ խաղաղության հաստատումից: Ադրբեջանին եւ նրան սատարող երկրներին ընդամենը պետք է միջանցք, այլ ոչ թե խաղաղություն եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում Հայաստանի հետ: Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց` առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երեւանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջեւանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

Ալիեւին մե՛կ դուր չեն գալիս Հայաստանի եւ գործընկեր պետությունների ռազմական ոլորտի համագործակցություններն ու ձեռքբերված համաձայնությունները: Ադրբեջանը մե՛կ պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։

Մի կողմից Ալիեւը Հայաստանին մեղադրում է զավթողական քաղաքականության մեջ, սակայն Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, որոնք օկուպացրել է 2021-2022 թվականներին ադրբեջանական ներխուժումների ժամանակ:

Ու այս պայմաններում Հայաստանի իշխանությունները լծվեցին Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացին:

Պաշտոնական Անկարան էլ հայտարարում է, թե հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են, եւ հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի։ Այսինքն, թեեւ Բաքուն համարում է, որ «լուծել են ԼՂ-ի խնդիրը», բայց Անկարան Հայաստանի իշխանությունների առջեւ դրել է հստակ նախապայմանը:

Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում մշտական խաղաղության եւ կայունության հասնելու կարեւոր հնարավորություն են ստացել՝ Նյու Յորքում օրերս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «Թուրքական տանը» ԱՄՆ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ անդրադառնալով համաշխարհային եւ տարածաշրջանային իրադարձություններին ու մարտահրավերներին Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի հիմնական սկզբունքներն են՝ բարեկամության ամրապնդումը, տարաձայնությունների նվազեցումը, խաղաղության ապահովումը։

Անցյալ շաբաթ էլ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը Բաքվում, անվտանգության համաժողովի շրջանակներում կարծիք հայտնեց, թե Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որն իր հերթին ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանից Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով։ Ըստ Քալընի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրն առաջին հերթին կապահովի ողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը։

Այսինքն, Բաքվի, Անկարայի ու նաեւ՝ Մոսկվայի համար որեւէ արժեք չունեն պաշտոնական Երեւանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհներն ապաշրջափակել՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, սակայն՝ ՀՀ ինքնիշխանության ներքո:

Ու այս պայմաններում, բոլորվին վերջերս Ալիեւը վստահեցնում էր, թե` «խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ Երեւանն ու Բաքուն ընդհանուր հայտարարի են եկել»: Թե՝ որ հարցերի շուրջ են պահպանվում տարաձայնությունները, Ալիեւը չէր մանրամասնել։ «Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանագծման, նույնիսկ սահմանազատման գործընթացին։ Այո, սա առաջին փոքր քայլն է՝ համաձայնեցվել է Հայաստանի հետ 1000 կիլոմետր սահմանի ընդամենը 13 կիլոմետրանոց հատվածը։ Այնուամենայնիվ սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է, եւ մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների համար Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը», – իտալական Չերնոբիո քաղաքում՝ միջազգային համաժողովում ունեցած իր ելույթում նշել էր Ալիեւը։

Այսօր արդեն, Ալիեւը նաեւ դեպի միջազգային հանրությունն է մեղադրանքի սլաքներ ուղղում, ակնարկելով, թե չկարողանալով մարսել Ադրբեջանի հաղթանակը, նոր ծրագրեր են մշակում իր երկրի դեմ։ Ալիեւը ասել է. «Հենց դա է մեր դեմ իրականացվող մեդիա արշավի նպատակը՝ սեւացնող, զրպարտչական քարոզարշավը»:

Ինչպե՞ս է Ալիեւը խաղաղության ձգտում, երբ շարունակ ազդարարում է, որ շարունակելու են զինվել, երբ Ադրբեջանը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում Հայաստանի սահմանին, իսկ այդ երկրի պաշտպանության նախարարը մերթընդմերթ ստուգում է բանակի մարտական պատրաստությունը՝ զինվորականների հանձնարարելով` «զգոնությունը բարձր պահել»։ Բնականաբար, այս քայլերի համար պաշտոնական Բաքուն չի մոռանում ձեւավորել քարոզչական համապատասխան ֆոն. ադրբեջանական կողմը շարունակ հայկական կողմին մեղադրում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ, իսկ Հայաստանի ՊՆ-ն շարունակ հերքում է ադրբեջանական կողմի կեղծիքը:

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը Միլի մեջլիսում, Հայաստանի հասցեին մեղադրանքները, թե` «մի շարք կետեր հիմք են տալիս խոսելու այն մասին, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում եւ ցանկանում է ձգել ժամանակը», կամ` «մենք ամրապնդվում ենք պայմանական սահմանին, որովհետեւ Հայաստանից ցանկացած պահի կարելի է ակնկալել ցանկացած սադրանք» եւ ի վերջո, հատկապես նրա կողմից հնչեցրած այս նախադասությունը` «Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ոչ ոք խաղաղության պայմանագիր չառաջարկեց նացիստական Գերմանիային։ Նացիստական Գերմանիան բաժանվեց մասերի», ամբողջապես լույս են սփռում Ալիեւի «խաղաղասիրական» ավանտյուրայի վրա։

Այժմ, Ալիեւի վերոնշյալ գնահատականները համեմատենք ճիշտ նույն օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում` Ապագայի գագաթնաժողովում, Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակության հետ:

Դեռեւս մնացե՞լ են կասկածներ Ադրբեջանի իշխանությունների իրական նպատակների մասին…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 25.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30