Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է
Երեկ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննեց 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործով զեկուցողներն էին նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Վ. Գրիգորյանը, Դ. Խաչատուրյանը, Է. Շաթիրյանը: Դատարանը խորհրդակցական սենյակում է ժամը 11.30-ից:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց. «Սահմանադրական դատարանը հավաքվել է, որպեսզի որոշի՝ հակասո՞ւմ է կանոնակարգը սահմանադրությանը, թե՞ չի հակասում: Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի: Եթե մի միջազգային պայմանագիր պետք է վավերացվի, այն չի կարող չգալ Սահմանադրական դատարան: Եթե կա մի միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն այն Հայաստանի համար իրավական ուժ չունի»:
Կարդացեք նաև
«Կիրանցի սահմանազատումն ապօրինի՞ է, քանի որ կանոնակարգը չի հաստատվել» հարցի կապակցությամբ էլ Դիլանյանը պատասխանեց այսպես. «Այս պահին որեւէ գնահատական չեմ տա, ավելի լավ է սպասենք, եթե այդ հարցը կգա ՍԴ, այդ ժամանակ մենք մեր գնահատականը կասենք: Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք, որոշումը կհրապարկվի, եթե խնդիր չտեսանք, ասելու ենք՝ խնդիր չկա: Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՝ ոչ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.09.2024