Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ժամանակ պատերազմում չէինք պարտվել, Հայաստանի նախագահը հաղթանակած էր, երբ ժպտում էր, հիմա ժպտում է պարտված ղեկավարը. Ռուբեն Մելքոնյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 26,2024 10:16

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

– Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջերմ հանդիպում են ունեցել, քննարկել որոշ հարցեր, Էրդողանն անգամ Փաշինյանին իր հեղինակած գիրքն է նվիրել: Այս ամենը հայ հասարակության թեժ քննարկումների առարկան է դարձել: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ մեսիջ է պարունակում այս հանդիպումը: Թուրքիան, 1915 թվականի ցեղասպանությունից զատ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ էլ հովանավորեց ու անմիջականորեն մասնակցեց Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակմանն Արցախի դեմ: Հետո բացահայտորեն խոստովանեց դա եւ ողջունեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումը», օրերս էլ հայտարարել էր, որ Ղարաբաղը «հայկական օկուպացիայից ազատագրեցինք»: Այժմ Նիկոլ Փաշինյանը երջանիկ դեմքով նվերներ է ընդունում Էրդողանից:

– Նախեւառաջ ուզում եմ ասել, որ այդ գիրքը թուրքական ծավալապաշտության գերխտացման մասին է: Էրդողանի գաղափարներից է, որ ՄԱԿ-ի անվտանգության մշտական հինգ անդամների կազմը պետք է ընդլայնվի, եւ Թուրքիան պետք է անպայման տեղ գտնի դրանց շարքերում` մասնակցելով աշխարհի տարբեր խնդիրների լուծմանը, եւ աշխարհը կլինի ավելի արդար: Այդ գիրքը հենց այդ մասին է: Գիրքը կարդացել եմ ամիսներ առաջ, այն Թուրքիայի եւ Էրդողանի ամբիցիաների մասին է: Եթե այդ ամենը Հայաստանի վարչապետի մոտ ժպիտ ու ուրախություն է առաջացնում, այստեղ ավելացնելու ոչինչ էլ չի մնում: Մի քանի կարեւոր նյուանսներ էլ կան: Այդ հանդիպումը տեղի ունեցավ թուրքական տարածքում` Թուրքական տուն կոչված երկնաքերում: Ահռելի Նյու Յորքում չեն կարողացել մի չեզոք տարածք գտնել եւ հանդիպել են հենց թուրքական տարածքում: Արդեն իսկ այս փաստը հայկական կողմից զիջման մասին է փաստում: Այդ տարածքը, որտեղ հանդիպել են նրանք, հայկական շահերի դեմ բաստիոն է: Ամերիկայում ողջ հակահայկական գործունեությունը համակարգում են այդ շենքում: Չեմ կարծում, թե այնտեղ հանդիպման գնալն անկարեւոր հանգամանք է: Դիմավորելու հարցը նույնպես կարեւոր է: Էրդողանն իր թիմակիցների հետ Փաշինյանին դիմավորեց սեղանի մոտ, աթոռների կողքին: Ի վերջո, Էրդողանի շարժումները, ժեստերը դիվանագիտության մեջ ունեն շատ կարեւոր նշանակություն: Էրդողանին նման կերպ ժպտալը նույնպես կարեւոր դետալ էր: Այո, ճիշտ նկատեցիք, Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմի, Արցախի դեմ ողբերգությունների հովանավորն է եղել, Հայաստանի դեմ քաղաքականության, ցեղասպանական գործողությունների հիմքն է, եւ Հայաստանի ղեկավարը գոնե ինչ-որ ներքին մեխանիզմների օգնությամբ պետք է կարողանար կարգավորել իր հիացմունքը, ժպիտը, մանավանդ, որ արդեն վեց տարվա կառավարման փորձ ունի: Ենթադրում եմ, որ նա պետք է արդեն իմանար, որ նման նյուանսները շատ կարեւոր են, եւ դրանց պետք է անպայման ուշադրություն դարձնել: Ողջ թուրք-ադրբեջանական մեդիան ողողված է այդ լուսանկարներով: Դրանք այն մասին են, թե ինչպես կարելի է մեկ լուսանկարով հարված հասցնել ողջ հայ ժողովրդին եւ նրա ինքնությանը: Ինչ վերաբերում է այդ հանդիպման մասին հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների մասին են, մեղմ ասած, ժպիտ են առաջացնում: Որովհետեւ ավելի շատ նախապայմաններ Թուրքիայի կողմից երբեք Հայաստանի առջեւ չեն դրվել, եւ Հայաստանը երբեք այսքան պատրաստակամ չի եղել՝ կատարելու Թուրքիայի նախապայմանները: Այնպես որ, նշված հայտարարությունները, որոնք արվել են այս հանդիպման մասով, կարելի է դասագրքերում ներառել որպես ինքնախաբեության ցցուն օրինակ:

– Ինչո՞ւ ենք նման հանդիպումների մասին առաջինը թուրքական ԶԼՄ-ներից տեղեկանում: Հայաստանի իշխանությունները գիտակցո՞ւմ են, որ այս տեսակ հանդիպումները հնարավոր չէ գաղտնի պահել: Գուցե հասկանում են, որ դրանք կարող են բացասաբար ազդել, դրա համա՞ր են փորձում թաքցնել:

– Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները նման վախեր ունենան: Ես հիշում եմ ֆուտբոլային դիվանագիտության շրջանը, երբ Սերժ Սարգսյանը խաղի ժամանակ ժպտում էր Թուրքիայի նախագահին, եւ հիշում եմ, թե այդ ընթացքում մեր հասարակությունն ինչպես արձագանքեց դրան: Նայում եմ նաեւ այսօրվա արձագանքները: Այն ժամանակ պատերազմում չէինք պարտվել, Հայաստանի նախագահը հաղթանակած էր, երբ ժպտում էր, հիմա ժպտում է պարտված ղեկավարը: Նա Հայաստանի դժբախտությունների հեղինակն է, սակայն ես չեմ տեսնում այն արձագանքը, որը պետք է լիներ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30