Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գազը չի կարող ամբողջությամբ փոխարինել ռուսական գազին. տնտեսագետ Արմեն Եղիազարյան. «168 ժամ»

Սեպտեմբեր 26,2024 08:30

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չբացառեց Ադրբեջանից գազի ձեռքբերման հավանականությունը։

«Այս հարցին ինքս մեկ անգամ պատասխանել եմ։ Նախ, կախվածություն լինում է  այն ժամանակ, երբ դու էներգառեսուրս գնում ես մեկ աղբյուրից, ցանկացած այլընտրանքային աղբյուրից էներգառեսուրս գնելը կախվածությունը ոչ թե ավելացնում, այլ նվազեցնում է։ Այսինքն՝ եթե մենք ժամանակին գազ գնում էինք միայն Ռուսաստանից, հետո սկսեցինք գնել նաև Իրանից՝ երրորդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է  քո էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը։ Հիմա Ադրբեջանից գազ կգնվի, թե չի գնվի, սա մի քիչ ավելի հետագայում ու տեսական հարց է, բայց երբ կունենանք այնպիսի իրավիճակ, երբ կկարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել, և եթե մեզ որևէ ռեսուրս պետք է, պետք է նայենք, թե այդ ռեսուրսը ով է ավելի էժան, որակով ու արագ մատակարարում»,- նշեց Բաբկեն Թունյանը։

Արդյո՞ք Ադրբեջանից գազ գնելով՝ Հայաստանը կարող է ապահովել իր էներգետիկ անկախությունը, ադրբեջանական գազը կարո՞ղ է փոխարինել ռուսական գազին։

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանի կարծիքով՝ այլընտրանք ունենալը միշտ լավ է, սակայն հարց է, թե այդ այլընտրանքն ինչ տարբերակով է ապահովվելու։

«Կարծում եմ՝ ռուսական գազին ամբողջությամբ չեն կարող փոխարինել, որովհետև «Բաքու-Ջեյհան»-ով Ադրբեջանն իր գազն ուղարկում է Եվրոպա, և այնպես չէ, որ «Բաքու-Ջեյհան»-ին զուգահեռ գազատար կա։ Եվ այնպես էլ չէ, որ իրենց մոտ մեծ քանակությամբ գազ կա, դրա համար ինչ-որ քանակությամբ եթե տան, այդ հնարավորությունը կարող է տալ հայկական կողմին»,- նշեց Արմեն Եղիազարյանը։

Ըստ նրա, տարբեր մարդիկ, «էներգետիկ անկախություն» ասելով, դրա տակ տարբեր բաներ են հասկանում, այդ պատճառով էլ կարծում է՝ ադրբեջանական գազը չի կարող ամբողջությամբ փոխարինել ռուսական գազին։

«Այսօր Վրաստանը գազը ձեռք է բերում Ադրբեջանից, էներգետիկ առումով անկա՞խ է, թե՞ ոչ։

Կրկնում եմ՝ մեկից ավելի մատակարարողն ավելի լավ է, բայց եթե Ադրբեջանին են դիտարկում, ապա արդյո՞ք դա Ադրբեջանը չի օգտագործի՝ որպես քաղաքական ճնշում՝ չեմ կարող ասել։ Գուցե իրենք ուզում են դիվերսիֆիկացիա իրականացնել, գուցե խաղաղության պայմանագրից հետո անեն, բացառել պետք չէ»,- եզրափակեց Արմեն Եղիազարյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30