Սահմանադրական դատարանը գրավոր, դռնփակ ընթացակարգով քննության առավ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը: Դատարանը սեպտեմբերի 24-ից ժամը առավոտյան 11-ից խորհրդակցական սենյակում էր:
Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումը, ըստ որի՝ երկու երկրների միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է գործող սահմանադրությանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՐՇՈՒՄԸ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Կարդացեք նաև
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
1.2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2.Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
26 սեպտեմբերի 2024 թվականի
ՍԴՈ-1749
Սույն որոշումն ամբողջությամբ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում կտեղադրվի օրենքով սահմանված ժամկետում։
Հիշեցնենք՝ նշված հանձնաժողովը ստեղծվել էր ՀՀ վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ, իսկ 2022 թվականի մայիսի 23-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով ստեղծվել է նույնանուն հանձնաժողով:
Հայտնի է, որ հանձնաժողովականները մինչ օրս հանդիպել են 9 անգամ, ստորագրվել են արձանագրություններ:
Արձանագրություններից մեկի համաձայն, սահմանազատումների հիմքում դրվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված հիմնարար սկզբունքները, ըստ հռչակագրի, կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ