Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Չեխիայում հրատարակվող «Օրեր» համաեվրոպական ամսագրի հիմնադրման 25-ամյակին նվիրված ձեռնարկը:
Ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը Aravot.am-ին ասաց. «25-ամյակը, իրոք, հանրագումարի բերելու շրջան է: Մենք երբեք չէինք պատկերացնի, որ 25 տարի կդիմանանք, որովհետեւ երբ սկսեցինք, առաջին տարիներին պարզվեց, որ շատ դժվար է լինելու: Մանավանդ, որ հայությունը, որ արտագաղթել էր Եվրոպա, կարդալու, գիր-գրականության, ամսագրի, թերթերի հետ այդքան էլ սերտ կապեր չուներ: Հետեւաբար, մեզանից պահանջվում էր շատ տքնաջան աշխատանք, որպեսզի հայությանը համոզենք, որ իրենց երեխաների, իրենց համար, իրենց ինքնության պահպանության համար հարկավոր է, որ կարդան հայերեն, արեւելահայերեն ամսագիր:
Այս տարիների ընթացքում մենք, իհարկե, շատ ձեռքբերումներ ենք ունեցել: Ստեղծել ենք մեր ամսագրի բարեկամների շատ մեծ բանակ հատկապես մտավորականության շրջանում, լինի երաժշտություն, գրականություն, արվեստ, մարզական աշխարհ: Մենք համախմբել ենք ողջ եվրոպահայությանը մեր ամսագրի տանիքի ներքո:
Կարդացեք նաև
Մեզ վերջին տարիների ընթացքում բավականին օգնում է «Օրերի» մեր կայքէջը, որը թեեւ քանիցս ենթարկվել է ադրբեջանական հաքերների հարձակումների՝ ոչնչացվել է մեր էջը, արխիվը եւ այլն: Բայց էլի մենք վերականգնել ենք եւ շարունակել մեր աշխատանքը հանուն մեր ընթերցողի ոչ միայն Եվրոպայում, աշխարհի տարբեր մասերում, այլեւ Հայաստանում: Պիտի ասեմ, որ մենք Հայաստանում էլ շատ մեծ թվով հետեւորդների բանակ ունենք: Այդ ամենը մեզ լիցք է տալիս, որ նոր ծրագրերով, նոր նախագծերով շարունակենք հաջորդ 25-ամյակը:
Ամենամեծ նախագծերից մեկը, որ մենք «Օրերի» ամեն համարի էջերում տալիս ենք, Եվրոպայի մի հայկական համայնքի պատմությունն է, ներկան ու ապագան, ինչը բացառիկ է ներկա պայմաններում, քանի որ ըստ էության, դա գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք է:
Մենք փորձում ենք նաեւ մեր ամսագիրն օգտագործել, չասեմ քաղաքական նպատակներով, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ քարոզչական պատերազմում Հայաստանը, Արցախը քարոզելով: Անցած տարիների ընթացքում, թե 44-օրյա պատերազմում, թե դրանից առաջ ու հետո մենք դա արել ենք լռելյայն, բայց ունեցել ենք շատ լավ հաջողություններ, իհարկե, մեր թիկունքին ունենալով մեր համայնքի, մեր տարբեր կազմակերպությունների աջակցությունը, ինչը տվել է իր արդյունքները: Մենք նաեւ միակ պարբերականն ենք, որը լուսաբանել է Եվրոպայի բոլոր հայկական կազմակերպությունների աշխատանքը՝ անկախ իրենց կուսակցական ուղղություններից»,-ասաց գլխավոր խմբագիրը:
Հակոբ Ասատրյանը, սակայն նշեց, որ Արցախի համար պայքարում իրենք, ցավոք, այսօրվա իշխանությունների աջակցությունը չեն ստանում: «Բացարձակ: Նիկոլ Փաշինյանը որ եկավ Պրահա, ես իրեն հարց տվեցի, որ Հայաստանի իշխանությունները հինգ տարի է՝ արտաքին քարոզչությանը եւ հատկապես մեր թշնամի պետությունների քարոզչությանը հակազդելու ոչինչ չեն անում: Եվ ըստ էության եթե մենք նախկինում գոնե որոշակի համագործակցություն ունեինք Հայաստանի որոշ կառույցների հետ, որոնք այդ ոլորտում աշխատում են, հիմա ընդհանրապես որեւէ ձեւով որեւէ աշխատանք, որեւէ կարգավորում չկա: Վարչապետը շրջանցեց պատասխանը եւ հարցը ուրիշ ուղղություններով տարավ: Ասաց, որ երեք կառույց կա, որ դրանով զբաղվում է, բայց այդ կառույցների անունները չտվեց: Ես ամեն դեպքում չեմ տեսնում այդ կառույցների կատարած աշխատանքի արդյունքը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ