Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սերոբ Գասպարյանը ձերբակալվելուց օրեր առաջ մեկնել էր Եվրոպա

Սեպտեմբեր 25,2024 22:02

Իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանքով կալանավորված «Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել դատարան՝ կալանքի միջնորդության վերաբերյալ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւը:

Հիշեցնենք, որ  «Սեւ հովազներ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը,
չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նրա պաշտպաններից Գուրգեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գասպարյանին ձերբակալել են օդանավակայանից, վերջինս, ըստ պաշտպանի, իր գործերով մեկնում էր արտերկիր. «Ձերբակալումից մի տասը օր առաջ նույնպես պարոն Գասպարյանը եղել է  արտերկրում՝ Եվրոպայում,  որեւէ խնդիր չի եղել»:

Թե ինչ ապացույցներ կան մեղադրանքի հիմքում, փաստաբանը նախաքննությունից ելնելով ոչինչ չասաց: Մեր հարցին, թե կան Գասպարյանի դեմ ցուցմունք տվողներ, ի պատասխան ասաց. «Այս ձեւով պատասխանեմ, անկախ ամեն ինչից՝ ես համոզված եմ, որ պարոն Գասպարյանը վերջում արդարացվելու է: Ավելին չեմ կարող ասել: Պարոն Գասպարյանը ՀՀ իշխանության, ինքնիշխանության դեմ գործողություն չի կարող անել: Վարույթ իրականացնող մարմինը ներկայացնում է, որ որոշ  հաշվարկներով՝  3 ամիս հետո կարող էր խումբը գործողություն անել, սակայն դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ 3 տարում էլ այդպիսի խումբ կազմակերպել հնարավոր չէր»:

Հավելենք, որ իշխանությունն իբրև զավթելու գործը, որով կալանավորված է Սերոբ Գասպարյանը, հարուցվել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հաղորդման հիման վրա։ Սերոբ Գասպարյանի պաշտպանական խմբի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ որքան էլ տարօրինակ հնչի պնդումը, բայց Գասպարյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական չէ։

«Պարզապես, պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ այս խեղճ անձանց տարել են ՌԴ, որ վերապատրաստեն և գան՝ զինված հեղաշրջում կատարեն։ Գործի ակունքը սա է, ոչ ծանրակշիռ ՕՀՄ-ներ են եղել, ոչ փաստական ծանրակշիռ տվյալներ են եղել, որ անձինք նման գործողություններ են արել։ Այսինքն՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԱԾ-ին ասել է՝ տեսե՞լ եք այս տղերքին տարել են ինչ անեն, այս պայմաններում ի՞նչ անի ՔԿ-ն, բա գործ չհարուցի՞։ Գործը քաղաքական է այն ասպեկտով, որ որոշ պաշտոնյաներ ցանկացել են հատուկ ընդգծել իրենց ծառայությունն՝ իշխանություններին։ ՔԿ-ն էլ ՝ առանց ստուգելու հիմքը՝ հարուցել է»։

«Ոչ զենք կա հայտնաբերված, ոչ գրագրություն կա հայտնաբերված,- նշել է Կոչուբաևը,- Զինված հեղաշրջումն էլ երկու 70-ն անց պապիկները պետք է կատարեին, որոնց Սերոբ Գասպարյանը տարել էր ՌԴ՝ վերապատրաստման։ Լպրծուն գործելաոճ ընդամենը, թե «պարոն վարչապետ, տեսեք ինչ հետևողական ենք մենք, ինչ տվյալ ստացանք՝ տվեցինք ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն էլ ինչպիսի հետևողականությամբ բացահայտեցին դեպքը, իրենք խնդիրը ստեղծել են, իրենք՝ բացահայտել, իրենք էլ՝ քննում են»։

Դիտարկմանը, որ փաստացի մեղադրում են ՌԴ-ին, Կոչուբաևը նշեց՝ նման միտում տեսել է, բայց այն անձինք, որոնք այդ մասին խոսում են՝ ՌԴ ուժը չեն պատկերացնում։ «Եթե ՌԴ-ն ցանկանար այստեղ զինված հեղաշրջում աներ, ապա վստահաբար 70-նն անց պապիկների միջոցով չէր անի։ Բացի այդ, հստակ երևում է, որ արտաքին դիվանագիտության տեսանկյունից՝ մեր պաշտոնյաները, թող ներեն ինձ, իմբիցիլ են, եթե ասում են՝ 70 տարեկան պապիկների միջոցով ՌԴ-ում զինված հեղաշրջում էր նախապատրաստվում»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ 70 տարեկան պապիկների ցուցմունքների հիման վրա՝ հայ-ռուսական հարաբերությունները կասկածի տակ առնելը նորմալ չէ։

ՔԿ-ն սեպտեմբերի 18-ին հայտարարել է՝ իշխանության յուրացման նախապատրաստման ենթադրյալ դեպքի մասին։ Ըստ ՔԿ-ի՝ շուրջ երեք տասնյակ խուզարկությունների, հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ, ինչի համար նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: Քրեական վարույթի շրջանակներում երեք անձ կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Կալանավորված անձանց թվում Սերոբ Գասպարյանն է, արցախցի Արմեն Մնացականյանը, որը Ռոստովից ՀՀ էր ժամանել՝ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30