Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյան․ Էրդողանի հետ հանդիպման այցելությունով տպավորություն են ստեղծում, թե տարածաշրջանում ամեն ինչ նորմալ է եւ որեւէ թշնամական գործողություն Հայաստանի նկատմամբ չկա

Սեպտեմբեր 25,2024 21:44

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ գնահատական կտա Նյու-Յորքում Փաշինյան-Էրդողան հանդիպմանը, ասաց. «Չի կայացել երկկողմ հանդիպում: Եկեք բառերը, մտքերը ճիշտ ձեւակերպենք: Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու ընթացքում, ոչ թե ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ բազմաթիվ դահլիճներ կան եւ հատուկ կառուցված հատվածներ երկկողմանի հանդիպումների համար, այլ ելել է, ՄԱԿ-ի շենքից, իր ոտքով գնացել է Առաջին Ավենյու «Թյուրք Էվի» կոչվող հսկայական բարձրահարկ, որտեղ տեղակայված են ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը եւ Նյու-Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպաթոսարանը:

Շատ կարեւոր է փաստի արձանագրումը, որ չի կայացել երկկողմ հանդիպում, այլ Նիկոլ Փաշինյանը իր ոտքով ելել-գնացել է Էրդողանի հետ հանդիպման՝ այլ վայր»:

Դիտարկմանը, թե ուրեմն չի եղել Թուրքիայի նախաձեռնությունը, պատգամավորը պատասխանեց. «Բնականաբար, դա երկու կողմերի զրույցների, քննարկման արդյունքում է: Բայց կա եւս մի բան: Որ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպում է ունենալու, Հայաստանի քաղաքացին տեղեկանում է թուրքական մամուլից, իսկ Տիկ-տոկերից տեղեկանում է, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է ՄԱԿ: Որեւէ պաշտոնական հաղորդագրություն չկա»:

Մեկ այլ դիտարկմանը, թե Երեւանն էլ պաշտոնական հաղորդագրություն տվեց, Գեղամ Մանուկյանը պատասխանեց հարցով. «Երբ որ արդեն ամբողջ հայկական մամուլը քննարկում էր Էրդողանի հետ հանդիպման հարցերը՞: Դա նորմա՞լ է»:

Գեղամ Մանուկյանի աչքին մի դրվագ է զարնել․ «Էրդողանը հանդիպել է նաեւ Պակիստանի նախագահի հետ: Հանդիպողների թվում էր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը եւ մամուլի քարտուղարն ու եւս մի քանի հոգի: Բայց էնտեղ բացակայում էր մի կարեւոր բանալի անձնավորություն՝ Թուրքիայի հետախուզական ծառայության տնօրեն Իբրաիմ Քալընը, որը հայկական պատվիրակության հետ հանդիպմանը, չգիտես ինչի, ներկա էր: Դժվարանում եմ ասել, թե ինչ բովանդակությամբ է եղել, որովհետեւ ընդհանրապես միշտ ընդունված պրակտիկա է միջազգային հարաբերություններում, որ նման երկկողմ հանդիպումներից հետո մամուլի ծառայությունները իրար հետ համադրում են մամլո հաղորդագրությունները»։

Գեղամ Մանուկյանին որպես քաղաքացու Թուրքիայի նախագահի հետ հանդիպումների շարքում մտահոգել է հատկապես այս օրերի հանդիպումները, հատկապես, որ Թուրքիան շարունակում է նախապայմաններով խոսել, երբ որ Թուրքիան արդեն բացահայտ է խոսում, որ 44-օրյա պատերազմի գլխավոր դերակատարներից է։ «Ի դեպ, երկու օրից լրանում է 44-օրյա պատերազմի մեկնարկի 4-րդ տարին, երբ որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները փոխկապակցում է Ադրբեջանի հետ հարաբերություններով։

Նման անատամ դիվանագիտություն, երբ որ ՄԱԿ-ի ամբիոնը դու ծառայեցնում ես քո կուսակցության ինչ-որ լոզունգը քարոզելով ու ինչ-որ ցնորամտություններ արտահայտելով՝ չխոսելով Հայաստանի դեմ ծառացած մարտահրավերների, սպառնալիքների, Արցախի հայաթափման, գերիների, հազար ու մի տեսակ հարցերի, մշակութային հուշարձանների ավերման մասին։ Եվ այս մթնոլորտում Էրդողանի հետ հանդիպման քո այցելությունով տպավորություն ես ստեղծում, թե տարածաշրջանում ամեն ինչ նորմալ է եւ որեւէ թշնամական գործողություն Հայաստանի նկատմամբ չկա»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Հայկական կողմի տարածած հաղորդագրության մասին, թե կարեւորվել է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հարցը, թեեւ իրականությունն այլ է, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Երբ որ ձեւավորվեց Հայաստան-Թուրքիա բանակցությունների Ռուբինյան-Քըլըչ  հարթակը, առաջին իսկ պահից հայկական կողմը հպարտանում էր, թե տեսեք, տեքստերում ձեւակերպում ենք «առանց նախապայմանների» եզրույթը։ Բայց պարբերաբար ասել ենք․ ի վերջո, թուրքական նախապայմաններն ի՞նչ էին․ Արցախ, ազատագրված տարածքներից զորքերի հետքաշում։ Այսօր կատարվե՞լ է այդ նախապայմանը, Թուրքիայի նախապայմանն ի՞նչ էր․ որ Հայաստանի ցեղասպանության ճանաչման հարց որպես պետություն չպետք է հետապնդի։ Ապրիլի 24, Արցախ եւ բազմաթիվ այլ առիթներով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները սրա վկայությունը չե՞ն։ Քանի Ադրբեջանի հետ կան հարցեր, Թուրքիան երբեք Հայաստանի հետ հարաբերությունները չի կարգավորելու։ Մնացածը՝ Մարգարայի կամուրջ, երկաթգիծ, հեքիաթ է»։

Հարցին, թե Փաշինյանի ելույթ է նախատեսվում ՄԱԿ-ում, ինքը ակնկալո՞ւմ է, որ Փաշինյանը ամբիոնից կհայտարարի, որ  Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանից 200 քկմ-ից ավելի տարածք է գրավել, Գեղամ Մանուկյանը արձագանքեց․ «Այդ մարդու շուրթերից այդպիսի բան ակնկալում եք ստանա՞լ։ Ապրենք, կտեսնենք։ Ելույթը նախատեսված է սեպտեմբերի 26-ին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30