Լրահոս
Օրվա լրահոսը

Պեղումների արդյունքում հայ-ռուսական արշավախմբի կողմից արդեն ֆիքսվել է երկու դամբարան

Սեպտեմբեր 25,2024 22:11

Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սույն թվականի սեպտեմբերի 7-ից Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանի տարածքում գտնվող նշանավոր Կարմիր բլուր հնավայրում պեղումներ է իրականացնում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի հնագիտական արշավախումբը, որը հայկական կողմից  համաղեկավարում եմ ես, իսկ ռուսական կողմից՝ հնագետ, Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի տնօրենի օգնական Յուլիա Մարչենկոն:

Ներկայումս ընթացող պեղումներն ընթանում են 2023 թվականի ապրիլին Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի և Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում: 2024 թվականի փետրվարի 14-ին պետական Էրմիտաժում բացվեց «Էրեբունի թանգարանի անկյունը»: Այդ օրը պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ քննարկումների ժամանակ վերջնական համաձայնություն եկանք՝ վերակենդանացնել Կարմիր բլուրի հայ-ռուսական արշավախումբը :

Ներկայումս ընթացող պեղումների արդյունքում հայ-ռուսական արշավախմբի կողմից ֆիքսվել է արդեն երկու դամբարան: Այս դամբարանները նոր երևույթ են Կարմիր բլուրի համար: Դրանք բաղկացած են կրոմլեխից՝ մոգական շրջանակից, դամբանախցից, որը ծածկվել է դամբանասալերով, այնուհետև դամբարանը պատվել է զրահով: Պետք է նշել, որ նման դամբարաններ Կարմիր բլուրում հայտնաբերվում են առաջին անգամ:

Երեկ և այսօր  պեղվեց գտնված դամբարաններից մեկը: Արդյունքները խիստ տպավորիչ են: Բացվել է աջ կողմի վրա,  կծկված վիճակում գտնվող տղամարդու թաղում: Վերջինս, ամենայն հավանականությամբ, եղել է սոցիալական բարձր դիրք ունեցող անձնավորություն, ըստ երևույթին՝ խիստ բարձր հեղինակություն ունեցող զինվորական: Այդ է վկայում նրա հետ դրված ուղեկցող նյութը: Այսպես, հայտնաբերվել են վեց սափորներ՝ այդ թվում՝ մեկ ծորակավոր անոթ, բրոնզե նիզակ, բրոնզե խարսխաձև սակր, բրոնզե մանգաղատիպ դանակ, բրոնզե ապարանջան, երկաթե դաշույն, երկաթե «բիզ», ուլունքատիկներ: Անչափ ուշագրավ է, որ Կարմիր բլուրում մինչ օրս պեղվել է շուրջ 300 դամբարան, բայց երբեք չէր գտնվել սակր: Հիմա մյուս հետաքրքիր դրվագի մասին: Ֆիքսվեց նաև հանդերձյալի  բրոնզե «պորտյուպեն»՝ իր բրոնզե շրջանաձև ամրակապով: Ֆիքսվեցին փայտի և կտորների մնացորդներ:

Ելնելով պեղված նյութից և հնագիտական կոնտեքստից՝ դամբարանը նախնականորեն կարելի է թվագրել  Ք. ա. 13-11-րդ դարերով»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30