Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական նվիրակ գերպ. Անտե Յոզիչին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ Առաքելական նվիրակն առավելագույն ջանքեր կգործադրի երկու պետությունների բարեկամական կապերի ամրապնդման և երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերին: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Երկուստեք ընդգծվել է նաև հոգևոր պատմամշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը:
Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Կողմերը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին առնչվող այլ հարցեր:
ՀՀ ԱԳՆ