«Միշտ էլ եղել է ցանկություն Ադրբեջանի իշխանության կողմից վերահսկելու երկխոսությունը ոչ պաշտոնական մակարդակում։ Դա մասամբ ստացվում էր, մասամբ՝ ոչ, բայց ամեն դեպքում ընդհանուր շահագրգռվածությունը բացակայում էր Ադրբեջանի մոտ, որ լինեն հարաբերություններ, որովհետև դա կնշանակեր, որ նորմալ գործընթաց է, և Ադրբեջանը ինչ-որ կտրուկ քայլերի չպետք է դիմի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։
Փաստելով, որ հենց ԵՄԱ-ն է հիմնականում ադրբեջանցիների հետ հավաքներ անցկացնում՝ փորձելով նպաստել երկխոսությանը, հիշեցրինք՝ սեպտեմբերի 20-ին, օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր․ «Օկուպացիայի ժամանակ տարբեր մայրաքաղաքներից մեզ բազմիցս ասում էին, որ այս հարցը, այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մի թեզն էլ այն էր, որ պետք է սկսել համագործակցել Հայաստանի հետ։ Հասարակական կազմակերպությունների միջոցով անցկացվում էին տարբեր սեմինարներ։ Մեր հանրության մեջ ոմանք իրենց ծախել են օտար շրջանակներին, մասնակցել այդ դասընթացներին, հարաբերվել հայերի հետ, գործարքների գնացել, նրանց հետ համատեղ հանդիպումներ կազմակերպել։ Ի՞նչ կապ կարող էինք ունենալ արյունարբու թշնամու հետ, ով իրագործել է Խոջալուի ցեղասպանությունը և գետնին հավասարեցրել մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը Ղարաբաղի տարածաշրջանում։ Բայց այս օկուպացիան հավերժացնել ցանկացողների նպատակն այն էր, որ ապագա սերունդը՝ երիտասարդ սերունդը, այլևս չուզենա պատերազմ, որ մենք խաղաղության հասնենք Հայաստանի հետ, և այդպիսով օկուպացիան մնա։ Մենք՝ Ադրբեջանի ժողովուրդս, փշրեցինք այս բոլոր ծրագրերը, տապալեցինք դրանք․․․»։
Բորիս Նավասարդյանը նշեց՝ Ադրբեջանը որոշակի պահից ակնհայտորեն նախապատրաստվում էր պատերազմին․ «Երբ նման մթնոլորտ կար, երկխոսության, փոխըմբռնման փորձերը Բաքվի իշխանություններին ձեռք չէին տալիս։ Հիմա իրավիճակը փոխվել է այն առումով, որ Ադրբեջանը հայտարարում է, որ հիմնականում իր բոլոր խնդիրները լուծել է ՀՀ-ի հետ, և երկխոսությունը՝ ըստ Բաքվի իշխանությունների այսօր կնշանակի, որ նորմալն այն է, ինչ կատարվել է վերջին մի քանի տարիների ընթացքում, և դա ինչ-որ տեղ նաև բարոյական առումով, հասարակական կարծիքի մակարդակով արդարացնում է այն, ինչ տեղի է ունեցել։ Բայց ամեն դեպքում նույնիսկ այս պարագայում Ադրբեջանի իշխանություններն աշխատելու են հնարավորինս վերահսկել գործընթացը և երկխոսության մեջ՝ որպես մասնակիցներ գործուղել կամ պատվիրակել այդ գործունեությունն իշխանության համար վստահելի կառույցների և անձանց։ Դա, իհարկե, չի խոստանում այնպիսի փոխըմբռնում, որը կնպաստի նաև հասարակությունների միջև հաշտեցման գործընթացին։ Եվ ամեն դեպքում պետք է ձգտել նրան, որ հնարավորինս անկախ և սեփական կարծիք ունեցող մարդիկ ներգրավվեն այս գործընթացում։ ՀՀ-ի կողմից համարյա դա միշտ է այդպես եղել։ Պետք է հասնել նրան, որ համակերպվեն նաև Ադրբեջանի իշխանությունները, որ այդ գործընթացը ոչ թե քարոզչության համար է, այլ իրականում մարդկանց միջև հաշտեցում և փոխըմբռնում խորացնելու համար»։
Հետաքրքրվեցինք՝ Ալիևի՝ այսպիսի տրամադրվածությունն ավելի չի՞ բարդացնում իրենց՝ հասարակական կազմակերպությունների աշխատանքը, քանի որ նրա ելույթն ինչ-որ առումով նաև սպառնալիք էր այն մարդկանց հասցեին, որոնք մասնակցում են այդ երկխոսությանը, հետևաբար նրանք չեն վախենա՞, Բորիս Նավասարդյանն այսպես արձագանքեց․ «Միշտ էլ շատ զգուշավոր են եղել Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները, լրագրողները։ Թե ինչպես կլինի նման հայտարարությունից հետո, դժվար է կանխատեսել, բայց ամեն դեպքում պետք է սկզբունքային լինել ու չգնալ գործարքների, որոնք այդ՝ ոչ ֆորմալ երկխոսությունը պաշտոնական քաղաքականությանը՝ որպես կցորդ են դարձնում։ Դրանից պետք է խուսափել։ Հուսով եմ՝ Ադրբեջանում կլինեն մարդիկ, որոնք կկարողանան անկաշկանդ և ինքնուրույն լինել նման ծրագրերում և միջոցառումներում, որքան էլ դա դժվար լինի»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ