Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի հրճվանքը զարմացրել է անգամ ադրբեջանա-թուրքական մամուլին»․ ի՞նչ են գրել Էրդողանի հետ լուսանկարի մասին

Սեպտեմբեր 25,2024 20:45

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորքի «Թուրքական տուն» երկնաքերում հյուրընկալվելուն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իր հեղինակած «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» վերնագրով գիրքը նվեր ստանալուն, որի ժամանակ Փաշինյանը ժպտում է, իսկ Էրդողանը խորհրդավոր հայացքով նայում նրան, ասաց․ «Լուսանկարը նախևառաջ մեծ զարմանք է առաջացրել թուրք-ադրբեջանական մամուլում։

Նրանք շատ մեծ  ուշադրություն են դարձել հենց Փաշինյանի հրճվանքին։  Ադրբեջանական մամուլը ուղղակի ծաղրում է Փաշինյանին, օրինակները բազմաթիվ են,  առանձնացնեմ հրապարարկումներից մեկը․ ադրբեջանական հայտնի Caliber.az կայքը Նիկոլ Փաշինյանին նսեմացնող մեկնաբանություն է՝ գրելով․ «Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, նվիրել է նրան իր գիրքը, Նիկոլը երջանիկ է երեխայի նման։ Գործակալ ես, բայց մի այդպես արագ քեզ բացահայտիր»։

Թուրքական «Անատոլու» գործակալությունն էլ մեկ նախադասությամբ է անդրադարձել Փաշինյան-Էրդողան հանդիպմանը՝ շեշտելով, որ այն տեղի է ունեցել թուրքական տարածքում՝ «Թուրքական տանը»։

Պատահական չէ, որ այս գիրքը Էրդողանը Փաշինյանին նվիրում է 44-օրյա պատերազմի 4–րդ տարելիցից երկու օր առաջ։ Էրդողանն այն մարդն է, ով երբևիցե չի թաքցրել իր հակակրանքը հայերի և Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև երբեք չի թաքցրել, որ ինքն ակտիվորեն մասնակցել է 44 օրյա պատերազմին և ամեն ինչ արել է Ադրբեջանի հաղթանակն ապահովելու համար։

Ու այս մարդը Նիկոլին նվիրում է «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» վերնագրով իր հեղինակած գիրքը, իսկ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մանկական հրճվանքով վերցնում է այն՝ չհասկանալով դա ինչ վիրավորանք է ոչ թե իրեն, այլ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին։

Ի դեպ, նշեմ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարիներ առաջ հայերին ու հույներին վիրավորելու համար նկարագրել էր նրանց որպես «մեր թրի տակով անցած և մնացած ժողովուրդ»։ Ու ասենք այս մարդուն Նիկոլ Փաշինյանը գնում է տեսակցության ու ընդունում է նրա գիրքը, որի հեղինակի համար արդարություն է հայաթափված Արցախն և իր ձևակերպմամբ՝ ապագայում գոյություն չունեցող Հայաստանը։

Լուսանկարը նայելիս ոչ միայն անհասկանալի է Նիկոլի հրճվանքը, այլ նաև Էրդողանի զարմացած հայացքը, ինքը չէր սպասում, որ Փաշինյանը նման հրճվանքով պիտի գիրքը ընդուներ։

Շատ կարևոր է անդրադառնալ նաև այն փաստին, որ Էրդողանը համարվում է «Բայրաքթար» ԱԹՍ-ների սեփականատերերից մեկը, Բայրաքթարը իր դստեր ամուսնու ազգանունով է, և «Բայրաքթարով» հազարավոր հայ զինվորների կյանք խլած Էրդողանի գրքի վրա այդքան ուրախանում է։

Սա մեր պատմության ամենախայտառակ էջերից է, այսպիսի բան մեր պատմության վերջին 30 տարիների ընթացքում տեղի չի ունեցել։ Այս հյուրընկալությունը իրենով ոչինչ էր, էրդողանը Փաշինյանի երեսին շպրտեց մեկ թեզ՝ մինչև չլուծես հարցերը Ադրբեջանի հետ և մինչև Բաքվից կանաչ լույս չստանամ, որ կարող եմ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, մենք ոչ մի հարաբերություն չենք կարգավորի։ Այդ բառամթերքը մենք լսում ենք արդեն 4 տարի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30