Հայաստանի պետական կամերային նվագախումբը, որը հրավիրված էր Ժնև՝ մասնակցելու Puplinge Classique փառատոնի 15-ամյակին, պատրաստվում է մեծ հյուրախաղերի։ Ձեզ ենք ներկայացնում հարցազրույց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանի հետ։ Նվագախումբը գործունեություն է ծավալում ԿԵԱԿ կազմում։
Գարեգին Սարգսյանը, ունենալով գեղարվեստական կարևոր նախագծերի կառավարման երկարամյա փորձ, համաձայնեց մեզ ներկայացնել իրենց աշխատանքի առանձնահատկությունները:
2013 թվականից ի վեր սա ձեր նվագախմբի վեցերորդ մասնակցությունն է Puplinge Classique-ին։ Ինչո՞վ է առանձնահատուկ ձեր մասնակցությունը հենց այս փառատոնին:
Կարդացեք նաև
Առանձնահատկությունները երկուսն են։ Առաջինն այն է, որ փառատոնի 15-ամյա հոբելյանը համընկնում է մեկ այլ, շատ կարևոր՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հետ։ Թեև փառատոնը նվիրված է դասական երաժշտությանը, սակայն մեր համերգի ընթացքում մենք հարգանքի տուրք մատուցեցինք մեծ արտիստին։ Նվագախումբը հնչեցրեց նրա «La Bohème» երգը, որը կատարեց շվեյցարացի ջազ երգչուհի Էլինա Դունին: Այս տարվա մեր մասնակցության երկրորդ առանձնահատկությունն այն է, որ Ժնևի այս համերգը առաջինն է եվրոպական տևական համերգաշրջանից, որը մեզ կտանի Իտալիա, Միացյալ Թագավորություն, Բելգիա, Գերմանիա և Ֆրանսիա: Ընդհանուր առմամբ՝ մենք ունենալու ենք տասը համերգ մինչև 2024 թվականի հոկտեմբերի վերջ:
Ինչպե՞ս է կազմակերպվում Ձեր նվագախմբի և արտասահմանցի երաժիշտների համագործակցությունը՝ համատեղ ելույթներով հանդես գալու համար:
Ընդհանրապես, մենք փառատոնային հրավերներ ենք ստանում առնվազն մեկ տարի առաջ։ Ինչ վերաբերում է Puplinge Classique 2024-ին, հրավերը ստացվել է մեկուկես տարի առաջ փառատոնի համահիմնադիր Ֆրանսուա-Քսավյե Պուազատից և փառատոնի գալա համերգի գեղարվեստական համակարգող Անի Գասպարյանից: Ներկայացված ստեղծագործությունների պլանավորումը եղել է քննարկումների առարկա, իսկ մենակատարի և դիրիժորի՝ Ֆրանսիայից ժամանած Լյուկ Բաղդասարյանի ընտրությունը՝ փառատոնի համահիմնադիրինը։ Մաեստրոյին վերջերս հրավիրել էինք Հայաստան՝ բոլորովին այլ համերգ ղեկավարելու։ Բայց այդ ընթացքում նա հնարավորություն ունեցավ նվագախմբի հետ աշխատել նաև Ժնևի համերգի ծրագրի վրա։
Ձեր նվագախումբը պարբերաբար աշխատում է արտասահմանցի երաժիշտների հետ։ Լեզուն երբևէ խնդիր չի՞ ստեղծում:
Ոչ, երբեք։ Մեր երաժիշտներն իսկապես շատ օժտված են: Անհավանական է տեսնել, թե որքան հեշտությամբ և արագ են նրանք հասկանում և հարմարվում ցանկացած լեզվակրի հետ: Նրանք նաև շատ հեշտությամբ ինտեգրվում են տարբեր միջավայրերում: Օրինակ, այս եվրոպական շրջագայության ժամանակ մեր նվագախումբը, կախված գտնվելու վայրից, կղեկավարեն օտարերկրյա դիրիժորներ։ Բոլորը միակարծիք են՝ մեզ՝ հայերիս հետ աշխատելը շատ հեշտ է։ Դրանից զատ, կարելի է ասել, որ երաժշտությունը այլ լեզվի կարիք չունի։
Ինչպե՞ս կարող է հայկական սփյուռքը աջակցել ձեր նվագախմբին:
Մեզ լսելու գալով և առաջին հերթին մեր համերգների մասին տեղեկություններ շրջանառելով թե՛ հայերի, թե՛ օտարազգիների շրջապատում։ Չէ՞ որ շատ կարևոր է առաջխաղացնել հայ մշակույթը նաև արտասահմանցիների շրջանում։ Սա մեր առաքելություններից և առաջնահերթություններից է։
Ի՞նչ մաղթենք ձեզ:
Նույն բանն, ինչ ամբողջ աշխարհին՝ խաղաղություն։ Որովհետև երբ խաղաղություն կա, ամեն ինչ կլինի: Երբ կա խաղաղություն, արվեստագետը կենտրոնանում է հենց իր բուն առաքելության՝ արվեստ ստեղծելու վրա։ Եվ դա ամենակարևորն է։
Աննա Ազնաուր
Լուսանկարը՝ հեղինակի