Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իրավիճակում Եվրամիությունը կցանկանար ներկայացված լինել Հայաստանում եւ ոչ թե Հայաստանը տեսնել Եվրամիությունում. սրանք բոլորովին տարբեր բաներ են». Արմեն Բաղդասարյան

Սեպտեմբեր 25,2024 16:17

«Այս իրավիճակում բացարձակապես իրատեսական չէ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը։ Բացի այդ, նման հարցերը ստորագրահավաքով չեն որոշվում, որովհետեւ ստորագրահավաքը դրական արդյունքի դեպքում ընդամենը կարող է ցույց տալ, որ Հայաստանի հասարակությունն այդպիսի ձգտում ունի։ Բայց միայն ձգտումը քիչ է, առավել եւս, որ Եվրամիությունը հաստատ գրկաբաց չի ընդունի մի երկրի, որն աշխարհագրորեն Եվրոպա չէ, երկրորդ, ունի բազմաթիվ լրջագույն խնդիրներ, այդ թվում՝ անվտանգային»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով եվրաքվեի գործընթացին։ 

Արմեն Բաղդասարյան

Նրա խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանն ընկալում է որպես ռուս-թուրքական համատեղ ազդեցության գոտի։ Եվ Հայաստանին ընկալում են ոչ թե որպես Եվրոպա ձգտող առաջին քրիստոնյա երկիր, այլ քաղաքական Եվրոպան Հայաստանն ընկալում է որպես ՀԱՊԿ անդամ, ԵԱՏՄ անդամ պետություն, որի տարածքում գտնվում է ռուսական ռազմաբազան եւ որի սահմանները հսկում են ռուսական ուժերը։ «Այդպիսին է Եվրոպայում մեր վերաբերյալ ընկալումը։ Բնականաբար այնտեղ նույնիսկ լրջորեն չեն էլ քննարկի տեսանելի ապագայում Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը»,- ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ Եվրամիությունը մեծ հաճույքով կփորձի, իր քաղաքական շահերից ելնելով, օգտագործել Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն։ Անգամ կխրախուսի այդ ձգտումը, դա կօգտագործի որպես քաղցրաբլիթ, որի միջոցով կձգտի Հայաստանը ծառայեցնել իր աշխարհաքաղաքական շահերին։

«Այսինքն՝ իհարկե նրանք կխրախուսեն մեր ձգտումը, մեր սահմաններին Եվրամիության դիտորդների ներկայությունը, որը ինչ խոսք, շատ կարեւոր է, դա պետք է ազդի մեր հասարակության վրա՝ խթանելու այդ ձգտումը։ Բայց այս իրավիճակում Եվրամիությունը կցանկանար ներկայացված լինել Հայաստանում եւ ոչ թե Հայաստանը տեսնել Եվրամիությունում։ Սրանք բոլորովին տարբեր բաներ են։ Հայաստանն ընդունել որպես ԵՄ անդամ, նշանակում է որոշակի քաղաքական, տնտեսական, անվտանգային պատասխանատվություն կրել Հայաստանի համար։ Իսկ տարածաշրջանում ունենալ դեպի ԵՄ ձգտող երկիր, դա այլ հարց է, նշանակում է ունենալ մի երկիր, որին կարելի է օգտագործել սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար՝ առանց որեւէ պարտավորության»,- ասաց նա։

Անդրադառնալով այն տեսակետներին, որ քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ է, Արեւմուտքը որեւէ լուրջ համագործակցություն չի ծավալի ՀՀ հետ, Արմեն Բաղդասարյանն ասաց. «Իհարկե, այդտեղ որոշակի տրամաբանություն կա, բայց խնդիրը հետեւյալն է՝ դա նշանակում է, որ Հայաստանը պիտի կարողանա իր անվտանգային, այդ թվում՝ ռազմական ու տնտեսական խնդիրները լուծել։ Եվ միայն դրանից հետո մենք թերեւս պատրաստ կլինենք անդամակցել Եվրամիությանը։ Այնտեղ էլ գուցե ընդունեն մեզ։ Այսինքն՝ այնպես չէ, որ հենց մենք մտնենք Եվրամիություն, մեր հարցերը լուծվելու են։ Հակառակ հերթականությունն է՝ հենց որ մեր հարցերը կարողանանք լուծել, միայն այդ դեպքում Եվրամիության ճանապարհը կարող է տեսականորեն բացվել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30