Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է տպավորել Բաբկեն Թունյանին՝ Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիբ Էրդողան հանդիպման մեջ

Սեպտեմբեր 25,2024 14:56

«Հայաստանը կարող է ինտեգրվել ցանկացած միջազգային սխեմայի, որը բխում է իր շահերից. կոնկրետ ԲՐԻԿՍ-ի մասով ինչ որոշում կկայացնի՝ ես չեմ կարող ասել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը մտադրություն հայտնի անդամակցելու ԲՐԻԿՍ-ին, մանավանդ, որ մեր հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ այդ կառույցին անդամակցության մասով, որոշում կա․ նրանց հայտերը բավարարվելու են:

Բաբկեն Թունյան

«Կարծում եմ՝ թեկուզ չանդամակցենք որեւէ կառույցի, այդ կառույցի հնարավորություններից օգտվելը կամ որեւէ այլ կարգավիճակով այդ սխեմաներին կամ մեխանիզմներին մասնակցելը բխում է մեր երկրի շահերից, որովհետեւ աշխարհը գնում է սահմանների հեշտացման: Այսինքն, տարբեր երկրների սահմանները պետք է խոչընդոտ չհանդիսանան միմյանց հետ նորմալ հարաբերություններ կառուցելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ հարցին ավելի խորքային պատասխաններ չի կարող տալ, քանի որ կոմպետենտ չէ։

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպմանը եւ հրապարակված նկարին, որտեղ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահի հեղինակած՝ «Ավելի լավ աշխարհ հնարավոր է» գրքով է եւ շատ ուրախ, Բաբկեն Թունյանն ասաց, որ իրեն այդ հանդիպման մեջ ավելի տպավորել է, որ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին ներկայացրել է իր «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը․ «Դրա վրա կարելի է շեշտադրել․ եթե կենտրոնանանք՝ որտե՞ղ էր հանդիպումը, ժպտո՞ւմ էին, թե չէին ժպտում, գիրքը ի՞նչ ձեւով էր պահել․․․ չգիտեմ, իմ կարծիքով, երկրորդական հարցեր են։ Շատ ավելի կարեւոր է, որ Հայաստանը փորձում է իր սահմանակից, ոչ փոքր տերության հետ հարաբերությունները կարգավորել եւ ներկայացնել ապաշրջափակման այն տարբերակը, որը որ բխում է մեր երկրի շահերից։ Հիմա, կարելի է չարախնդալ, բայց դա մեր նպատակն է եւ եթե դա հաջողվի, իմ կարծիքով, Հայաստանի հանրապետությունը դրանից միայն կշահի»։

Հանդիպման ժամանակ էմոցիոնալ արտահայտման ձեւերը Բաբկեն Թունյանը համարում է դիվանագիտություն։ Նա լրագրողներին խորհուրդ տվեց՝ վարչապետի հաջորդ ասուլիսին գնալ եւ նրան հարցնել, թե ինչո՞ւ էր Էրդողանի հետ հանդիպմանը ժպտում՝ «հերոսական կեցվածքով հայտարարելով, որ ասուլիսին չեք մասնակցելու»-ի փոխարեն։

Մարգարայի կամրջով հայ-թուրքական սահմանի բացմանը վերաբերող հարցին Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ հարցը լավն է, բայց այն իրեն ուղղված չէ․ «Այդ հարցը կարելի էր 30 տարի տալ Թուրքիային։ Չի բացում, որովհետեւ սահմանը փակ պահելը քաղաքական եւ տնտեսական ճնշման միջոց է ՀՀ-ի նկատմամբ եւ ձեր հարցը վկայությունն է այն բանի, թե ինչո՞ւ է սահմանների բացումը եւ ապաշրջափակումը բխում ՀՀ շահերից։ Երբ մենք խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանը բացելու մասին, հնչում են որոշ կարծիքներ, որ դա կարող է հակասել կամ վնասել Հայաստանի շահերին։ Եթե դա այդպես լիներ, ապա, թուրքական կողմը, մի 25 տարի առաջ, պիտի սահմանը բացած լիներ»։

Դիտարկմանը, որ ասվում է, թե հարաբերությունների կարգավորման բանակցություններն առանց նախապայմանների են, բայց սահմանն այդպես էլ չի բացվում, Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ եթե դիվանագիտական հարցերը բարդ չլինեին, մենք վաղուց բաց սահմաններ կունենայինք մեր հարեւանների հետ, բայց կան տարբեր շահեր, երրորդ երկրների հետ հարաբերություններից կախված հարցեր․ «Այո, Թուրքիայի հետ մեր հարաբերությունների գլխավոր պայմանը եղել է Ադրբեջանի հետ հակամարտությունը․ ես կարծում եմ, որ միեւնույն է, որոշակի փուլում, մեր տարածաշրջանում պիտի լինեն բաց սահմաններ՝ բոլոր պետությունների հետ»։

«Տնտեսական սպառնալիքները միշտ քննարկում ենք»,- սա էլ Բաբկեն Թունյանի պատասխանն է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային, որը հայտարարել էր, թե ՀՀ ցորենի պաշարի 90 տոկոսը ՌԴ-ից է գալիս։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30