Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր խաչից ասել են՝ իշխանությունը չի թողնում նորմալ աշխատենք»․ անհայտ կորածների եւ գերեվարվածների հարազատները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ են

Սեպտեմբեր 25,2024 13:43

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ցույց էին անում արցախյան վերջին պատերազմում անհայտ կորածների եւ սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում անհայտ կորածների հարազատները։ Նրանք պահանջում են մինչեւ COP 29-ը վերադարձնել իրենց հարազատներին։

«Չորրորդ օրն է ՄԱԿ-ում որեւէ խոսք չի հնչել անհայտ կորածների եւ գերեվարված անձանց մասին։ Հայաստանը ձեռքերը լվացել է, բայց միջազգային հանրությունը պարտավոր է արձագանքել հումանիտար խնդիրներին։ ՄԱԿ-ից պահանջում ենք՝ մի կողմ դնել քաղաքական, տնտեսական, էներգետիկ շահերը, բանաձեւ ընդունել եւ պատժամիջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկանդուխտ» կազմակերպության ղեկավար Ռուզաննա Ստեփանյանը։

Ըստ բանախոսի, գերեվարված անձանց հարազատներին վախեցնում են, բոլոր այն կառույցներում, որտեղ նրանք լինում են՝ Քննչական կոմիտեում, ԱԱԾ-ում, Կարմիր խաչում․ «Ասում են, որ բարձրաձայնեք, մենք ընդհանրապես այդ էջը կփակենք, չենք զբաղվի այդ հարցով, թեպետ չեն էլ զբաղվում։ Նույնիսկ ինձ ասացին, որ Կարմիր խաչից ասել են՝ իշխանությունը չի թողնում նորմալ աշխատենք։ Էս մարդկանց ասում են՝ ձեր երեխաների հետ լավ բան չի լինի, եթե դուք բարձրաձայնեք։ Սա շատ զգայուն թեմա է ու իրենք, որ առանձին մնում են քեզ հետ, այնքա՜ն բան են ասում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

2023 թվականի սեպտեմբերի 19-ին զինվորական հենակետերից անհետացած 15 զինծառայողների ծնողներից մեկն էլ հայտարարեց, որ ամեն տեղ դիմել են, բայց մեկ տարի անց ոչ մի լուր չունեն․ «ԴՆԹ-ի համընկնում չունենք․ անձամբ ես համարում եմ, որ իմ տղան ողջ է։ Սեպտեմբերի 15-ին բարձրացել են դիրքեր, 19-ին պատերազմը սկսվել է։ Կարող է նաեւ գերության մեջ էլ լինի, որովհետեւ տեսնող եղել է, որ ողջ է։ Մեր հարցերին լիարժեք չեն պատասխանում, իրենց ասելով՝ աշխատում են, բայց արդեն տարին լրացավ, ոչ մի արդյունք չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ստեփանակերտում մեկ տարի առաջ տեղի ունեցած պայթյունի արդյունքում էլ 22 անհայտ կորած կա, որոնց ԴՆԹ-ի արդյունքները չեն համընկել պայթյունի վայրում գտնված երեք դիակների հետ։ Զոհվածի հարազատը կարծում է, որ այդ երեք դիակները ադրբեջանցիներ են․ «Նրանք են մտել ու պայթեցրել․ հիմնականում բոլորն այդ կարծիքին են։ Եթե բոլորի դիերը գտնվել են, մնացած 22-ինը չի համընկնում, ուրեմն մնացած երեքը տեղացիներ չեն, նրանք են մտել ու պայթեցրել»։

Նա նաեւ ասաց, որ անհայտ կորածների հարազատներին պետական կառույցներում նորմալ չեն ընդունում, հստակ պատասխաններ չեն տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը լսեց ցուցարարների բողոքը եւ վաղը՝ ժամը 11․00-ին հրավիրեց հանդիպման ՄԱԿ-ի հայաստանյան կառույցի ղեկավարի հետ։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30