Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կոմիտասը հատուկ ուշադրություն էր դարձնում կին երաժիշտների ուսումնառությանը, նրանց կատարողական հմտությունների զարգացմանը և երկացանկի կատարելագործմանը

Սեպտեմբեր 25,2024 13:12

Շարունակվում են Կոմիտաս հանճարի ծննդյան 155-ամյակին նվիրված միջոցառումները ոչ միայն մեզ մոտ, այլ արտասահմանում:

Վիեննայի Էթնոերաժշտագիտության և կատարողական արվեստների համալսարանում հոկտեմբերի 7-ին, 8-ին տեղի է ունենալու Վարդապետի հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով, որին հրավիրված է կոմիտասագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտագիտության պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Սահակյանը:

Թվում է, թե Կոմիտասի գործունեությունն այնքան շատ է ուսումնասիրված, որ իր մասին ամեն ինչ հայտնի է և հազիվ թե հնարավոր լինի մի նոր փոքրիշատե արժեքավոր փաստ գտնել, որ գիտական արժեք ներկայացնի և նոր լույս սփռի առանց այն էլ չափազանց մեծ ընդգրկում ունեցող հանճարի գործունեության վրա: Այնուամենայնիվ նոր փաստը կա, որը ոչ միայն երաժշտագիտական արժեք է, այլ այն անսովոր է հոգևոր ծառայություն իրականացնող անձի տեսանկյունից: Դա կարծես թե խոսք է` ուղղված հայոց օրիորդներին,գուցե հորդոր կամ պատգամ: Այս առիթով խոսք խնդրեցինք մեր զրուցակցից՝ տիկին Սահակյանից: Ներկայացնում ենք այն առանց միջամտության:

«Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի բազմաբեղուն գործունեության մի հետաքրքիր և կարևոր էջ կապված է երաժշտական մանկավարժության, մասնավորապես, հայ կանանց երաժշտական կրթության ու դաստիարակության հարցերի հետ: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել Կոմիտաս Վարդապետի դերը, ով կարևորում էր օրիորդաշակերտուհիների համակարգված կրթության հարցերը, առհասարակ արվեստագետ կնոջ իրավահավասարության հարցերը: Ինչպե՞ս էր մոտենում Կոմիտաս Վարդապետը հայ կանանց լուսավորության հարցերին:

 Եվրոպայում կրթություն ստացած Կոմիտասի համար անընդունելի էին հայկական իրականության մեջ արմատավորված հետադիմական մոտեցումները, կապված, մասնավորապես ստեղծագործող կանանց ազատության և իրավունքների հետ: Կնոջ դերը հաճախ սահմանափակվում էր կենցաղի, տնային հոգսերի և երեխաների դաստիարակության հարցերում: Իսկ Կոմիտասը ծրագրում էր բացել կոնսերվատորիա, որտեղ երաժշտական կրթություն պետք է ստանային նաև հայ օրիորդները: Կոմիտասյան կոնսերվատորիայի ծրագրի մեջ կային կետեր, որոնք այսօր էլ զարմացնում են իրենց առաջադիմական, միջազգային չափանիշներով. Կոնսերվատորիայում դասավանդելու համար Եվրոպայից բանիմաց դասախոսներ պետք Է հրավիրվեին, աշակերտները սովորելու էին առանց վարձի, տրվելու էր թոշակ և կարիքավորներին ապրուստի հնարավորություն: Աչքի ընկնող ուսանողներին, անկախ սեռից, որոշվում էր ուղարկել Եվրոպա, այնտեղի երաժշտանոցներում կատարելագործվելու համար:

Վարդապետի համերգային գործունեության մեջ, իր կողմից կազմած երգչախմբերում մշտապես ընդգրկվում էին կանայք, ինչն իր ապրած ժամանակներում համարվում էր ստեղծագործական նորարարություն ու խիզախում:

Օսմանյան կայսրության տարածքում, մինչև 1915 թվական, գործում էին բազմաթիվ օրիորդաց վարժարաններ և դպրոցներ: Կոմիտասը դասախոսություններ էր կարդում այդ կրթօջախներում: Հավաքագրում էր շնորհալի աշակերտուհիներին, կազմակերպում նրանց ուսուցման շարունակությունը՝ Եվրոպայում:

Կոմիտաս Վարդապետը փորձում էր մի շարք լուսավորական ծրագրեր իրականացնել, առաջին անգամ երգեր ձայնագրելով հենց գեղջուկ կանանց շրջանում, ինչը մեծ խիզախում էր հոգևորականի համար: Նա կանացի երգեցողությունը համարում էր ավելի բնական և մաքուր:

Կոմիտասի առաջադիմական ծրագրերն ավելի են ամրապնդվում նրա՝ Փարիզ առաջին ուղևորությունից հետո: Փարիզում Կոմիտաս Վարդապետն աշխատում էր Կոլոն ու Լամյուրո երգչախմբի անդամների հետ: Փարիզում, Հռոմում, Շվեյցարիայի քաղաքներում Կոմիտասը առնչվում էր անվանի կոմպոզիտորների, տեսաբանների և երաժիշտներկատարողների հետ: Իր եվրոպական համերգների մշտական ուղեկիցներն էին Մարգարիտ և Շուշանիկ Բաբայան քույրերը:

1905 թվականին, Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցում Կոմիտասը դասախոսություն է կարդում հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մասին, ինչպես նաև օրիորդներին որոշ չափով լուսաբանում է Վագների արվեստի առաջադիմական գաղափարները: 1906-07 թվականներին, Եվրոպայում ծավալած գործունեության ընթացքում, Կոմիտասը հմտանալով երկսեռ երգչախմբի գեղարվեստական և արտահայտչական հարուստ հնարավորությունների մեջ, խորապես զգալով կանացի ձայների առավելությունները, ավելի էր համոզվում երկսեռ երգչախումբ ստեղծելու իր ծրագրերի մեջ:

Անշուշտ, պետք է առանձնացնել Կ.Պոլսի շրջանը, Վարդապետի կյանքի շրջափուլերից, թերևս, ամենաքիչ ուսումնասիրվածը Կոմիտաս Վարդապետի գիտակցական կյանքի վերջին շրջանն է, ընդ որում, իրադարձություններով և դեպքերով հարուստ տարիները (1910-15թթ.) և ինչպես պնդում էին Վարդապետի ժամանակակիցները, Պոլիսը՝ Վարդապետի ստեղծագործական վերելքի շրջան էր:

Կոմիտասի գործունեությունը Էսայան, Պերպերյան և Կեդրոնական վարժարանում, նրա՝ իբրև Վարդապետի ծառայությունը Պոլսի Ս. Երրորդություն եկեղեցում, հիմնականում հայ շնորհաշատ պատանիների ու աղջիկների հավաքագրումն էր՝ երաժշտանոցի համար: «Իգական սեռի մեջ բաղձալի շարժում նկատելով դեպի կրթական ու մշակութային կյանքը», մի առանձնահատուկ գոհունակությամբ էր Կոմիտաս Վարդապետը Ադաբազարի Գայանյան օրիորդաց վարժարանում դասախոսություն կարդում և համերգ տալիս: 1910 –ին Պոլսի «Պտի Շանի» Ձմեռային թատրոնի «Գուսան» 300 հոգանոց երգչախմբի համերգին ընդգրկված էին նաև աղջնակներ, ինչն աննախադեպ էր Պոլսի հայ իրականության մեջ:

 Կոմիտաս Վարդապետի մանկավարժական և լուսավորական գործունեությունն ավելի շատ միտված էր կանանց կատարողական, հմտությունների զարգացմանը, համերգային կյանքին նախապատրաստելուն, նույնիսկ աղջիկ երաժիշտմանկավարժներ էր փորձում պատրաստել գավառների համար: Վարդապետը կարևորում էր օրիորդաշակերտուհիների համակարգված կրթության հարցերը, նրանց երկացանկն ընտրելով հատուկ ուշադրությամբ, գեղարվեստին ծառայելու բարձր նպատակի համար: Փարիզաբնակ երգչուհի Մարգարիտ Բաբայանի հետ Կոմիտասի նամակագրության ստվար հատվածը համերգային, կրթական կամ հրատարակչական հարցերի քննարկում է: 1911 թվականին, Ալեքսանդրիայից Մ. Բաբայանին ուղղված նամակներից մեկում Վարդապետը բարեխոսում է Պոլսեցի, լավ ընտանիքից մի օրիորդի համար, ով «դաշնակահար դառնալու արդեն մեծ վարժություն ունի, ընտիր լսողություն,կիրթ ճաշակ, բայց պակասում է երաժշտական զարգացումն ու պաշարը»:

 1905-06 թվականներից սկսած Կոմիտաս Վարդապետը սկսում է պիեսներ գրել դաշնամուրի համար: Օրինակ, «Մանկական նվագներից» Փափուրին գրված է իր աշակերտուհի Արմինե Մելիքյանի համար:

 Իր շնորհալի աշակերտուհի օրիորդ Մարինոս Ստամպոլեանին հասցեագրած նամակը սկսում է «Ողջույն Ձեր նոր կյանքին» տողերով, որն այսօր թևավոր խոսքի նշանակություն է ձեռք բերել: Իր Մաննիկ ուսանողուհուն էլ, որ հայ փիլիսոփա Շահան Պերպերյանի դուստրն էր, ուզում էր «հայկական գեղջուկերգական հնչյունները սովորեցնել», իսկ Իսկուհի Ղավանոզեանին բնութագրում էր իբրև երգի մեջ չխորացող երգչուհու: Ուզում էր, լավ ձայնով ու կիրթ եգիպտահայուհի Հրանուշ Փոլադին «փրկել ապիկար ուսուցիչներից» և Փարիզ ուղարկել, որ ձայնն ավելի լավ մշակի: Մեկ այլ, 1912 թվականին Կ.Պոլսից գրած նամակում,Վարդապետն իր երգչախումբ եկած մի հայ աղջկա մասին է գրում, որի ձայնի մաքրությունն ու գեղեցկությունն իրեն հիացրել էին, բայց ավանդական ընտանիքի օրենքները՝ հիասթափեցրել: Նվիրումի շարքի վոկալ ստեղծագործությունների մասին, նրա «Գարուն» երգի լավագույն տարբերակը նվիրված է Մարգարիտ Բաբայանին/1907 թիվ/, «Երանգին» Կոմիտաս Վարդապետը նվիրել է Շնորհաշուք, մասնավորապես լավ պարել իմացող օրիորդ Գայանե Ենգիբարյանին /բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի ազգականուհին է/:

Վարդապետի աշակերտուհիների հուշագրությունները, նամականին, ինչպես նաև երաժշտական բազմաթիվ ստեղծագործություններ այն իրողության վկայությունն են, որ Կոմիտասը հատուկ ուշադրություն էր դարձնում կին երաժիշտների ուսումնառությանը, նրանց կատարողական հմտությունների զարգացմանը և երկացանկի կատարելագործմանը: Ցավոք, Կոմիտաս Վարդապետը հիմնականում զբաղվել է օրիորդների կատարողական հմտությունների հարցերով, բայց ոչ կոմպոզիտորության հարցերով», – հայտնեց Լուսինե Սահակյանը:

 

 Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30