Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ:
Զրուցակիցները քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ օրակարգ, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, տարածաշրջանային թեմաներ։
«Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական արդյունավետ կյանքի կոչմանը թե՛ անմիջականորեն երկկողմ, թե՛ ԵՄ հարթակում, և սա, իհարկե, ՀՀ-ին ավելի է մոտեցնում Եվրոպական միությանը, մենք ուսումնասիրում ենք համագործակցության նոր հեռանկարներ», – ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։
Երկուստեք արձանագրվել է, որ ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը զարգանում է մի շարք կարևոր ուղղություններով՝ արտացոլվելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգում։
Կարդացեք նաև
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին։
Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն, որի իրացման համար անհրաժեշտ է ամուր քաղաքական կամք, որը Հայաստանն իր կողմից հստակ արտահայտել է։
ՀՀ ԱԳՆ