Այս պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություն չկա։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանը։ «Բայց Թուրքիան անակնկալների երկիր է, Էրդողանն այս գիշեր քնում է, չգիտեմ ինչ երազ կտեսնի, հանկարծ առավոտյան արթնանում է, եւ արտաքին դիվանագիտությունը ձեւափոխվում է։ Բայց ներկա դրությամբ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ոչ մի հույս չկա։ Թուրքիան միահեծան պետություն է, մեկ հոգու կամքն է կատարվում, դիվանագիտական համակարգ ու արտգործնախարարության ռազմավարություն գոյություն չունի։ Ամեն ինչ կախված է Էրդողանի կամքից»,- ասաց նա։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Փաշինյան-Էրդողան հանդիպումը կայացել է Turkish House անունը կրող երկնաքերում, որը տեղակայված է Նյու Յորքի Մանհեթան թաղամասում ու պատկանում է Թուրքիայի կառավարությանը:
Հանդիպման ընթացքում Էրդողանն ասել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել եւ աջակցություն է հայտնել երկխոսության գործընթացի շարունակմանը։
Բագրատ Էստուկյանը, անդրադառնալով Էրդողանի այս հայտարարությանը, ասաց․ «Այսինքն՝ հերթական ստախոսությունն է եղել, որովհետեւ ոչ մի բանակցություն արձանագրված չէ, բացի երկու խեղճ բանագնացների միջեւ հանդիպումներից։ Այդ հանդիպումները ոչ մի արդյունք չունեցան այսքան ժամանակ, հետեւաբար, Էրդողանը դիվանագիտական դատարկախոսություն է արել։ Ասում է՝ զգալի առաջընթաց արձանագրեցինք բանակցություններում, ո՞ւր է, ի՞նչ բանակցեցիք, ո՞ր որոշումը գործադրվեց»։
Կարդացեք նաև
Էստուկյանի խոսքով՝ Թուրքիան առանց նախապայմանների չի բանակցում Հայաստանի հետ։ Նա հիշեցրեց Էրդողանի՝ ավելի վաղ արած հայտարարությունները, որ հայ-թուրքական հարաբերություններում զարգացումները համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։ «Սա նախապայմա՞ն չէ։ Սրանից առաջ էլ բոլոր հանդիպումներն, ըստ երևույթին, առանց նախապայմանների էին, բայց Թուրքիան անմիջապես նախապայմաններ գտավ։ Այսինքն՝ դա իրենց սկզբունքն է, ամեն բան առնել ու տալու վրա է հիմնված, հետեւաբար, ասում է՝ դե լավ, ես սա կտամ, բա դու ի՞նչ պիտի տաս։ Թուրքիայի կեցվածքը բոլոր դեպքերում այսպես է։ Օրինակ՝ Թուրքիայի հույն համայնքը հոգեւոր ճեմարան ունի, որը փակված է պետության ձեռքով։ Հիմա հույները պետությանն ասում են՝ բաց այս ճեմարանը, նրանք էլ ասում են՝ Աթենքի մեջ մզկիթ բացեք, որ ես այս ճեմարանը բացեմ։ Ի՞նչ կապ կա այս հարցերի միջեւ, ոչ մի կապ, պարզապես թշնամության արտահայտություն է»,- նշեց նա։
Անդրադառնալով հարցին, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում դրական տեղաշարժ նկատո՞ւմ է, հնարավո՞ր է կնքել «խաղաղության պայմանագիր», ինչի մասին ՀՀ իշխանությունն է խոսում, Բագրատ Էստուկյանը պատասխանեց․ «Ադրբեջանը մեզ հետ նախապայմաններով է խոսում, Սահմանադրության հոդվածները փոխելու մասին են խոսում, միշտ իրենց պայմաններն են պարտադրում, իսկ պարտադրանքով առաջընթաց դժվար է արձանագրել։ Ըստ երեւույթին առաջընթաց տեսանելի չէ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ