Իսպանիայի Լեոն քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ Աննա Ամրոյանը հանդես գալով 76 կգ քաշային կարգում՝ դարձավ բրոնզե մեդալակիր:
Պոկում վարժությունում Աննան 100 կգ-ով բավարարվեց 4-րդ տեղով, իսկ ահա հրումում ցույց տվեց 128 կգ, ինչը փոքր բրոնզե մեդալ էր: Երկամարտում վաստակելով 228 կգ՝ մեր աղջիկը նվաճեց իր տարիքային խմբի աշխարհի բրոնզե մեդալակրի կոչումը:
Հատկանշական է, որ մինչեւ երեկ մրցահարթակ մտած հայաստանցի ծանրորդներից առայժմ միայն աղջիկներին է հաջողվում պատվո պատվանդան բարձրանալ: Աննա Ամրոյանից առաջ երրորդ տեղ էր զբաղեցրել նաեւ 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ