Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության կողմից պասիվ դիմադրություն կա եվրաքվեին, Իջեւանում ու Գորիսում տեղական իշխանությունները չեն բարեհաճել կատարել օրենքը»․ Տիգրան Խզմալյան

Սեպտեմբեր 25,2024 11:08

«Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, ի՞նչ փուլում է ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը։ 

-Մենք հատել ենք անհրաժեշտ ձայների 20 տոկոսի շեմը։ Կարծում եմ, որ առաջին 6 աշխատանքային օրվա համար դա վատ չէ՝ նկատի ունենալով, որ մի շարք համայնքներում, օրինակ՝ Իջեւանում, Գորիսում այդպես էլ տեղական իշխանությունները չեն բարեհաճել կատարել օրենքը, Սահմանադրությունը եւ մարդկանց հնարավորություն տալ քվեարկել։ Ժամերն ու օրերը շատ անհարմար են, աշխատանքային ժամերի սահմանափակումը խոչընդոտում է բազմաթիվ աշխատող մարդկանց։ Նման ահազանգեր ենք մենք ստանում անընդհատ։ Հաշմանդամներն են զրկված քվեարկելու հնարավորությունից, որովհետեւ ապահովված չէ նրանց իրավունքը։ Արտերկրում խայտառակ վիճակ է, մարդիկ հյուպատոսարաններում մերժումներ են ստանում, չեն կարողանում մասնակցել քվեարկությանը։ Եվ ԱՄՆ-ում, եւ Ֆրանսիայում, եւ այլ երկրներում այդ խնդիրը կա, հյուպատոսարաններն ասում են՝ մենք ցուցումներ չենք ստացել։ Բայց կարծես թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շրջաբերականը բաժանվել է բոլոր պետական մարմիններին, բոլորը տեղյակ են։

Եվ ամենաճչացող փաստն այն է, որ Հանրային հեռուստատեսությունը հրաժարվում է անգամ վճարովի լուսաբանել, ընդամենն իրազեկման բովանդակությամբ վճարվի գովազդը մերժվում է։ Այնուամենայնիվ, մենք աշխատում ենք, շրջայցեր ենք իրականացնում, օրինակ՝ վաղը մեկնելու են Վանաձոր, հետո՝ Գյումրի։

-Այսինքն՝ իշխանության կողմից խոչընդոտնե՞ր են ստեղծվում։

-Ես այլ բացատրություն չեմ գտնում։ Եթե ոչ ակտիվ խոչընդոտ է, դա պասիվ դիմադրություն է։ Մենք նաեւ նկատում ենք, որ թարախով ու թույնով լցված մեկնաբանություններ են պատրաստվում ռուսամետ մամուլից, տեսնում ենք նման հոլովակներ, մոնտաժված նյութեր։ Եվ ինչ-որ տեղ դրանք համընկնում են Հանրային հեռուստատեսության խոսույթի հետ, իսկ գլխավոր միտքն այն է, որ պետք է ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ։

-Գլխավոր հարցը, որը ձեր ընդդիմախոսները հնչեցնում են, հետեւյալն է՝ արդյոք Եվրոպայում սպասո՞ւմ են Հայաստանին, ասում են՝ Եվրոպան համաձայն չէ, որ մենք իր մասը դառնանք։

-Ովքե՞ր են այդ հարցը տալիս՝ մարդիկ, ովքեր վաճառել են Հայաստանը Ռուսաստանին 100 մլն դոլարով, այսինքն՝ անվճար հանձնել են։ Դրա պատասխանը Եվրոպան տվել է այս տարվա մարտի 13-ին, երբ Եվրախորհրդարանում հենց այդ հարցով քվեարկություն էր, եւ 504 ձայն՝ 4-ի դեմ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկել են հանուն նրա, որ Հայաստանի հայտն ընդունվում է այդ հայտը տալու դեպքում։ Անցել է վեց ամիս, ես չեմ լսել, դուք էլ երեւի չեք լսել, որ Հայաստանը որեւէ հայտ է ներկայացրել։ Հայտ ներկայացնողը կառավարությունն է, քանի որ մենք կառավարություն չենք, մենք ստեղծում ենք ուրիշ լծակներ, որպեսզի կառավարությունը ստիպված լինի նման քայլ անել։ Այդ հարցում ամենաէֆեկտիվը հանրաքվեն է, մենք համարում ենք, որ այդ որոշման մենաշնորհը ոչ թե պետք է ունենա իշխանությունը, այլ ժողովուրդը։ Դա չափազանց կարեւոր հարց է՝ թողնելու մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի լուծմանը։

Այս փուլում անհրաժեշտ է հավաքել 50 հազար ստորագրություն, որպեսզի դիմեք ԱԺ, եթե ԱԺ-ն չընդունի ձեր նախագիծը, ի՞նչ քայլեր եք անելու։

-Մեր օրինագիծը, որը կոչվում է «Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին», դրել ենք ստորագրության սեղանին, մարդիկ հենց դա են ստորագրում։ Իրենք ստորագրում են, որ այդ օրինագիծն ընդունվի Ազգային ժողովի կողմից։ Եթե օրինագիծը չընդունվի, հաջորդ քայլով 300 հազար ստորագրություն պետք է հավաքենք, այդ դեպքում հանրաքվեն դառնում է պարտադիր։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30