Փողոցում անհնազանդության ակցիաների վերսկսումը չի մտահոգում իշխանություններին, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի կանխատեսմամբ՝ ընդդիմադիրները «հերթական կերուխումի սեզոնը» ձախողմամբ կփակեն, քանի որ ժողովուրդը սիրում ու վստահում է իրենց՝ իշխանություններին։ Զրուցել ենք ՔՊ-ական պատգամավորի հետ։
– Սրբազան պայքարի առաջնորդները հայտարարել են հոկտեմբերի 2-ից նոր թափով անհնազանդության ակցիաներ սկսելու մասին․․․
– Տեսանք, էլի, իրանց թափերը։ Ռոբինզոն Կրուզոյի ֆիլմը տեսել եք, չէ՞, էն, որ ասում ա` опять про море․ սրանցը լրիվ էդ կինոյի ժանրից է։ Ի՞նչ են անելու, որ նորից ակտիվացան, ըստ Ձեզ՝ հաջողությա՞ն են հասնելու։ Ժողովուրդն իր մոտեցումը, ամեն ինչը ցույց է տվել։
– Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե պետական սահման ենք գծում, Կիրանցում միակողմանի զիջում չենք անում, տեսեք` ինչ լավ է լինելու, բայց երկու երկրների միջեւ հաստատված սահմանազատման կանոնակարգում ո՛չ հստակ քարտեզ է ֆիքսված, ո՛չ էլ մեր տարածքային ամբողջականության մասին թվային ամրագրում կա, իսկ դա նշանակում է, որ այս գործընթացի անվան տակ մեզ նոր զիջումներ են պարտադրելու։ Չե՞ք կարծում, որ ժամանակն ու գործընթացները ձեր դեմ են, ու ժողովրդի համբերության բաժակն իսկապես կարող է լցվել։
Կարդացեք նաև
– Ես պարբերաբար հանդիպում եմ ժողովրդի հետ, Ձեր նշածներն ամենայն մանրամասնությամբ ժողովուրդը գիտի, ու վերջին ամիսների հանդիպումների ընթացքում վստահեցնում եմ, որ ժողովուրդը շատ ողջունում է մեր քայլերը, որ այսօր Տավուշում ունենք պետական սահման, կրակոցներ չկան, եւ ժողովուրդն այդ ամենը բարձր է գնահատում, հակառակը՝ ժողովուրդը մեզ խնդրում է, ասում է` շարունակեք նույն աշխատանքը կատարել, վերջիվերջո, հանրապետությունը պետք է ունենա իր սահմանները։ Այն թեզը, որ ՀՀ-ն որպես 29 743 ք/կմ պետք է լինի, դա մեզ համար քաղաքական պատասխանատվություն է, ինչը վերցնում ենք եւ տանելու ենք մինչեւ վերջ։
– Եթե ընդդիմությանը չի հաջողվում, դա դեռ չի նշանակում, որ ձեզ ընդունում են մարդիկ, կամ ձեր վարկանիշը բարձրանում է: Տասնյակ պատճառներ կան՝ փողոց դուրս չգալու համար, նաեւ հասկացել են, որ Փաշինյանից դժվար է աթոռը խլելը, հիասթափված են։
– Իշխանությունների վարկանիշը որոշողը ՀՀ քաղաքացին է, որը մեզ տվել է այդ մանդատը եւ նորից հնարավորություն կունենա 2026-ին այդ մանդատը մեզ տալու։ Ես վստահ եմ, որ մենք բարձր մակարդակով վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, շատ ավելի բարձր, քան 2021-ին էր։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: