Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 9-ին հակակոռուպցիոն դատարանը հնարավոր է մտնի փակ սենյակ, իսկ վճռաբեկ դատարանում այս գործի պոչն է դեռ երեւում

Սեպտեմբեր 25,2024 12:30

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (դատավոր Տիգրան Դավթյան) սեպտեմբերի 20-ին լրացուցիչ դատալսման ժամանակ դատարան էին ներկայացել ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, ԱԻ նախկին նախարարի խորհրդական Աշոտ Հակոբյանը, ԱԻՆ ՓԾ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության բազայի պետ Վիգեն Մկրտչյանը, ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանը:

Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 9-ին մեղադրական վերդիկտով դատարանը մեղավոր էր ճանաչել Անդրանիկ Փիլոյանին, Վիգեն Գրիգորյանին, Արտակ Բեյբությանին, Վիգեն Մկրտչյանին, Արթուր Օհանյանին, Հրաչյա Երեմյանին:

Մեղադրող, ՀՀ դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կորյուն Սերոբյանը միջնորդեց ԱԻ նախկին նախարարի համար պատիժ սահմանել 8 տարով ազատազրկումը, զինվորական կոչումներից, պարգեւներից զրկելը, 5 տարով պաշտոններ զբաղեցնելուց զրկելը, պատժին հաշվակցել 6 ամիս 6 օր:

Աշոտ Հակոբյանի համար նա պահանջեց 4 տարվա ազատազրկում, պատժին հաշվակցել 3  ամիս 28 օր, Վիգեն Մկրտչյանի համար՝ 5 ու կես տարով ազատազրկում, որը պայմանական չկիրառել, սահմանելով 5 տարով փորձաշրջան, պատժին հաշվակցել 5 ամիս 28 օր: Արթուր Օհանյանին` 3 տարվա ազատազրկում, որից 2 տարի 5 ամիսը պայմանական չկիրառել, Վիգեն Գրիգորյանին` 9 տարով ազատազրկում, պատժին հաշվակցել 2 տարի 15 օր կալանավորման ժամանակը,  Արտակ Բեյբությանի եւ Հրաչյա Երեմյանի պատժաչափը 4 տարի 6 ամիսն էր:

Արդարացվել էր Արա Ղազջյանը:

Դեկտեմբերի 9-ին նշանակված լրացուցիչ դատալսման ժամանակ դատարանը, մինչ անցնի փակ սենյակ, պետք է կողմնորոշվի գործից մաս անջատելու հարցում՝ Գոռ Համբարձումյան, Միհրդատ Մաթեւոսյան, Գագիկ Պողոսյան, Թաթուլ Գեւորգյան… Պաշտպանական կողմի համար դա կարող է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմք  դառնալ,  քանի որ նրա կողմից մեղադրական վերդիկտի բանավոր հրապարակման փուլում (սեպտեմբերի 9-ին հրապարակել է) անթույլատրելի է գործից մաս անջատելը, ինչը նշանակում է նոր դատական գործընթացներ, նախնական դատական նիստ, դատաքննություն եւ այլն: Դատարանը փաստեց, որ վճռաբեկ դատարանից հավելվածները դատարան դեռ չեն ուղարկվել, թեեւ դրանք առկա են դատական տեղեկատվական համակարգում:

Նկատենք, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024թ. փետրվարի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը 2024 թ. մարտի 22-ի որոշմամբ է ընդունվել Վճռաբեկ դատարանի վարույթ, որոշվել էր գործի քննությունը գրավոր ընթացակարգով լսել: Գլխավոր դատախազը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024թ. մարտի 7-ի որոշման դեմ էլ ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որը 2024թ. ապիլի 17-ից է Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունվել: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024թ. ապրիլի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի վճռաբեկ բողոքը նույնպես վճռաբեկ դատարանի վարույթում է, եւ առկա են որոշումներ, գրավոր ընթացակարգով դրանք լսելու վերաբերյալ:

Այսինքն, հակակոռուպցիոն դատարանում դատական նիստերը դռնբաց են, իսկ  նույն գործով բողոքի քննությունը՝ գրավոր:

Ի՞նչ է ստացվում՝ դեկտեմբերի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հնարավոր է մտնի փակ սենյակ , իսկ վճռաբեկ դատարանում այս գործի պոչն է դեռ երեւում:

Հիշեցնեմ, որ այս գործով, երբ հատուկ վերանայման բողոքներ ներկայացվեցին հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան՝ այս տարվա մարտի 7-ին, ապրիլի 18-ին, 25-ին, մեկ ինքնաբացարկ եղավ՝ դատավոր Արթուր Նահապետյանի ինքնաբացարկը:

Դատավորը տեղեկացրել էր հետեւյալը. «2020թ. հունիսից մինչեւ 2023թ. մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում աշխատել եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ նախ որպես բաժնի պետ, այնուհետեւ՝ դեպարտամենտի պետի տեղակալ, եւ այդ ամբողջ ընթացքում որպես քննչական մարմնի ղեկավար իրականացրել եմ նախաքննության պատշաճ կազմակերպմանն ուղղված իմ քրեադատավարական լիազորությունները։ Թիվ ՀԿԴ/0121/01/22 վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թիվ 58207222 քրեական գործը 2022 թվականի մարտի 11-ին հարուցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպատամենտի երկրորդ բաժնի պետ Ա.Ասատրյանի կողմից: Քրեական գործը հարուցելու ժամանակ հանդիսացել եմ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ Ա.Ասատրյանի վերադասը՝ օժտված քննչական դեպարտամենտի պետի տեղակալի (կամ որ նույն է՝ քննչական մարմնի ղեկավարի) քրեադատավարական լիազորություններով»:

Իսկ մարտի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը որոշում  կայացրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Գագիկ Պողոսյանի, Միհրդատ Մաթեւոսյանի, Թաթուլ Գեւորգյանի, Գոռ Համբարձումյանի վերաբերյալ միջանկյալ դատական ակտի դեմ բողոքի կապակցությամբ:

Ի՞նչն է բողոքարկում դատախազը: ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Մ. Մակյան), հատուկ վերանայման կարգով, գրավոր ընթացակարգով քննության է առել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023թ. դեկտեմբերի 22-ին կայացված՝ «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, մեղադրող Կորյուն Սերոբյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը: Բողոքը մերժվել է, հակակոռուպցիոն դատարանի որոշումը մնացել է անփոփոխ:

Բանն այն է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի պայմաններում անկախ փոխանցված կամ տրված գումարի չափից, անձին չի կարող մեղադրանք առաջադրվել համապատասխան հոդվածի այն ծանրացնող կամ առավել ծանրացնող հանգամանքներով, որոնք կապված են չափերի հետ՝ խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով կատարված, քանի որ օրենսգիրքն այդ չափերը չի սահմանել, դրանց վերաբերյալ դրույթ չի նախատեսել, ուստի այլ ծանրացնող հանգամանքների բացակայության դեպքում, յուրաքանչյուր պարագայում ապօրինի վարձատրություն տալը պետք է որակվի որպես հասարակ հանցակազմով կատարված։ Տվյալ դեպքում, նկատի ունենալով, որ Տիգրան Գասպարյանին առաջադրված մեղադրանքը որակյալ դարձնող հանգամանք բացառապես հանդիսացել է գումարի չափը, որը ՀՀ քրեական օրենսգրքով որոշակիացված եւ նախատեսված չէ, որպես պատիժը մեղմացնող օրենք պետք է տալ հետադարձ ուժ եւ արձանագրել, որ վերջինի կատարած արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասին։ Ուստի տեղի է ունեցել անձի վիճակը բարելավվող օրենսդրական փոփոխություն եւ վերջինի ենթադրաբար կատարած արարքի իրավական գնահատականը որոշելիս կիրառելի է ոչ թե արարքի կատարման պահին գործող, այսինքն՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը, այլ 2021 թ. մայիսի 25-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը։ Հետեւաբար, Տիգրան Գասպարյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասին, որն, ըստ բնույթի եւ հանրության համար վտանգավորության աստիճանի, դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։

Ըստ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի. «Անդրադառնալով հանրային մեղադրողի այն դիրքորոշմանը, որ որպես ապօրինի վարձատրություն տալու խոշոր եւ առանձնապես խոշոր չափ պետք է հիմք ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված չափերը, քանի որ դա բխում է քրեական օրենսգրքի նպատակից, ապա դատարանը գտնում է, որ նմանատիպ մեկնաբանումն ուղղակիորեն կհակասի ՀՀ քրեական օրենսգրքի սկզբունքներին»։

Մեկ այլ բողոք էլ, որը ՀՀ գլխավոր դատախազը բերել էր այս տարվա մարտի 7-ին՝ հակակոռուպցիոն դատարանի 2024 թ. հունվարի 26-ի որոշման դեմ (նախագահությամբ՝ Ա. Հովհաննիսյան), ըստ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի, հետեւյալ հարցն էր փորձում պարզել. «Իրավաչա՞փ է, արդյոք, Միհրդատ Մաթեւոսյանի նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը: Հարկ է արձանագրել, որ սույն դեպքում, թե արարքը կատարելու պահին գործող օրենսդրության եւ թե ներկայումս գործող օրենսդրության կարգավորումների համաձայն` մի դրվագով 819.876 ՀՀ դրամը, մյուս դրվագով՝ 834.751 ՀՀ դրամը հանդիսանում է խոշոր չափ, ուստի վկայակոչած երկու օրենսդրությունների պայմաններում էլ Միհրդատ Մաթեւոսյանի արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որպիսի պայմաններում գործող քրեական օրենսգրքի պայմաններում արարքի վաղեմության ժամկետը հանդիսանում է 10 տարի, իսկ արարքը կատարելու պահին գործող քրեական օրենսգրքի կարգավորումներով` 5 տարի, ինչից էլ բխում է, որ Միհրդատ Մաթեւոսյանի արարքին տալով սխալ քրեաիրավական գնահատական` դատարանը եկել է ոչ իրավաչափ հետեւության այն մասին, որ Մ. Մաթեւոսյանի ենթադրյալ արարքների վաղեմության ժամկետը (2 տարին) անցել է: Արդյունքում բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել վիճարկվող դատական ակտը՝ մերժելով Միհրդատ Մաթեւոսյանի պաշտպան Գ. Գրիգորյանի կողմից ներկայացված միջնորդությունը»։ Դատարանը այս որոշումը նույնպես թողել էր անփոփոխ: Վերաքննիչ դատարանը արձանագրել էր, որ 2003թ. եւ 2021թ. ընդունված քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ եւ 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թ. ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացնող օրենք է եւ կիրառելի չէ մեղադրյալի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ:

Մեղադրական վերդիկտով ԱԻՆ նախկին նախարարի մեղադրանքի դրվագներից երկուսը`առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, վերաորակվել էր ՀՀ քրեական օրենսգրքի` խարդախություն հոդվածով: Նա մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խարդախությամբ կաշառք ստանալու համար: Ա..Փիլոյանի պաշտպանը լրացուցիչ դիրքորոշում չարտահայտեց, Վիգեն Մկրտչյանի պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալի խնամքին կա երկու անչափահաս երեխա, նա աջակցել է վարույթն իրականացող մարմնին, իրեն ճանաչել է մեղավոր: Բարձրագույն զինվորական կրթություն ունի, անցել է մարտական ուղի: Կինը հղի է, եւ այդ կապակցությամբ հիմնավորում փաստաթուղթ ներկայացեց դատարան: Արթուր Օհանյանը երեք մանկահասակ երեխա ունի, մասնակցել է Արցախյան պատերազմներին, կոնկրետ մարտական գործողությունների, զինվորական կոչումը`փոխգնդապետ է: Արտակ Բեյբությանը նույնպես ունի մանկահասակ երեխա, տան միակ կերակրողն է, մասնակցել էր «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհի մարման աշխատանքներին: Աշոտ Հակոբյանն ունի պարգեւներ ՀՀ եւ ԼՂՀ նախագահներից, պահեստազորի փոխգնդապետ է, Արմավիր քրեակատարողական հիմնարկում բժշկական միջամտության առիթ է եղել, տեղափոխել են քաղհիվանդանոց, եղել է բժիշկների հսկողության տակ: Հրաչյա Երեմյանի պաշտպան Գ. Գրիգորյանը միջնորդեց, որպեսզի դատարանը որոշում կայացնի համալիր փորձաքննություն կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու մասին, ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալի հիվանդությունը համընկնում է ՀՀ կառավարության կողմից սահմանված պատիժը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցուցակում ներառված հիվանդությանը, հայտնեց դատարանին, որ բողոքարկելու է հրապարակված վերդիկտը: Պաշտպանական կողմը նկատեց, որ մեղադրողը բավական մեծ պատժաչափեր է պահանջել:

Անդրանիկ Մանուկյանը, ով ներկայացնում է ԱԻ նախկին նախարարի շահերը, ասաց, որ իր պաշտպանյալին ներկայացրած մեղադրանքների համակցությունը պահանջում է մինչեւ 15 տարվա ազատազրկում. «Պարզ չէր, թե ինչու են 8 տարի պահանջել, կարող էր դատախազը միանամից 14 տարի միջնորդել: Դատավարական դիրքորոշումս հետեւյալն է. պարոն Փիլոյանը չի կատարել իրեն մեղսագրված արարքները: Պարոն Փիլոյանը վաղ թե ուշ ճանաչվելու է անմեղ: Անձը բնութագրող որ տվյալն է հուշում է, որ պարոն Փիլոյանին պետք է զրկել կոչումներից: Նման հիմնավորում չբերվեց»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30