Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է պետք ատամ ցույց տալ

Սեպտեմբեր 25,2024 13:00

Դպրոցականներին պետք են ոչ միայն նապոլեոնների մասին պատմություններ

«Չարիքը ոչ թե առանձին գոյություն է, այլ պատշաճ կատարելության բացակայություն: Մեղքը՝ որպես այդպիսին, սկզբունքորեն ձանձրալի է. նրան պակասում է այն, ինչ կարող է գրավել մեր կամքը եւ բանականությունը», – նախորդ դարի կեսերին գրում էր կաթոլիկ միաբան Թոմաս Մերթոնը: Որպեսզի այդ ձանձրույթը խլացվի, առաջանում է աղմուկ, հիացմունք եւ բռնություն:

«Երբ մեծ մեղսավորը կմեռնի, եւ կհանդարտվի նրա հարուցած խռովությունը, նրա մեղքերը կդառնան պատմություն, իսկ դժբախտ դպրոցականները կկարդան նրանց մասին՝ չհասկանալով, թե ինչի համար են այդպես պատժվում: Չէ՞ որ նույնիսկ ամենափոքրիկները հասկանում են, թե որքան անօգուտ են Նապոլեոնի, Հիտլերի կամ Ստալինի մասին պատմությունները»,-գրում էր Մերթոնը:

Իհարկե, կարելի է ասել, որ սա ծայրահեղական, կյանքից կտրված իդեալիստի, երազողի տեսակետ է, որ իրականում մարդիկ եւ ազգերն իրար ուտում են, եւ եթե ատամներդ ցույց չտաս, ապա այս կյանքում կկորես: Եվ դա, ըստ երեւույթին, ճիշտ է: Բայց, մյուս կողմից, եթե դպրոցականներին պատմում ես միայն կյանքի դաժանության եւ անզիջում մրցակցության մեջ «արեւի տակ քո տեղը գտնելու մասին», ապա դա էլ է թերեւս ծայրահեղություն:

Պետք է գտնել բալանսը «կյանքի դաժանության» եւ իդեալական պատկերացումների միջեւ: Երկրորդի մասնավոր դեպքն է, ի դեպ, այսօրվա իշխանության քարոզչությունը, որը հնչում է մոտավորապես այսպես. «Հերիք է անցյալով ապրեք, պետք է առաջ նայել, թուրքերը մեր հավերժ թշնամիները չեն, եւ շուտով Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կլինեն բաց սահմաններ, ինչպես Եվրոպայում: Կարեւոր չէ, թե որ երկրի քաղաքացի ես, ինչ ազգության ես, որտեղ ուզում ես՝ ապրիր, որտեղ ուզում ես՝ աշխատիր»:

Նախ՝ կասկածում եմ, որ Եվրոպայում ամեն ինչ այդ աստիճանի հեշտ է, առավել եւս՝ կասկածում եմ, որ այնտեղ մոտակա տասնամյակներում նոր խնդիրներ չեն առաջանա: Բայց ավելի կարեւոր է այն, որ մենք ապրում ենք բոլորովին այլ տարածաշրջանում եւ բոլորովին այլ հարեւանների հետ: Հիշո՞ւմ եք, որպես ղարաբաղյան խնդրի լուծում, առաջարկվում էր «Ալանդյան տարբերակը». Ալանդյան կղզիներն ամբողջությամբ ապառազմականացված գոտի է՝ Ֆինլանդիայի կազմում, որտեղ շվեդերն ունեն շատ լայն ինքնավարություն: Ֆինլանդիայում դա հնարավոր է, մեր տարածաշրջանում՝ ոչ:

«Գայլն ու գառը միասին պիտի ուտեն, ընձառիւծը ուլի հետ պիտի մակաղի, հորթը, ցուլն ու առիւծը միասին պիտի սնուեն, եւ մատաղատի մանուկը պիտի հովուի նրանց» (Եսայի, 11:6): Էսխատոլոգիական (վախճանաբանական) այս տարբերակը, եթե ընդունենք ոչ թե որպես փոխաբերություն եւ, ի հեճուկս Ավետարանի տրամաբանության, դնենք իրական ժամանակի մեջ, ապա  դա անհասանելի երազանք է: Հետեւաբար, նապոլեոնների, ստալինների եւ հիտլերների մասին պատմությունները, որքան էլ այդ կերպարներն իմ մեջ, մեղմ ասած, հակակրանք առաջացնեն, դպրոցականներին պետք են:

Բայց դպրոցականներին եւ ոչ միայն՝ նրանց, պետք են նաեւ այլ պատմություններ՝ վեհանձն, ներողամիտ, առատաձեռն, ինքնազոհ վարքի մասին, որը կիրառելի է ներքին կյանքում՝ սկսած դասարանից եւ վերջացրած հայաստանյան հասարակության մասշտաբներով: Ներքին միջավայրում, կարծում եմ, բացարձակապես պարտադիր չէ, որ դու Նապոլեոն լինես, որ «հաղթես», ինքնահաստատվես: Կարեւոր չէ անգամ, որ դու «ճիշտ դուրս գաս» եւ որ «քո խոսքը վերջինը լինի»:

Այդ առումով միակ բանը, որին մենք պետք է «հաղթենք», մեր սեփական մեղքերն են եւ էգոիստական կրքերը: Եվ այդ տեսանկյունից Թոմաս Մերթոնի դիտողությունը միանգամայն ճիշտ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30