Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակ ու տպավորիչ առաջարկներ Վաշինգտոնից` Հայաստանին

Սեպտեմբեր 25,2024 12:00

Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը

Այս տարի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Ֆրանսիա, մասնակցեց Փարիզի պանթեոնում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ երկկողմ բանակցությունների մեկնարկին Փաշինյանը Ֆրանսիայի նախագահին հրավիրեց սեպտեմբերին այցելել Հայաստան: Հուլիսի 14-ին էլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ, որտեղ եւս վերահաստատել էր պետական այցով այս տարվա սեպտեմբերին Հայաստանում Էմանյուել Մակրոնին հյուրընկալելու հրավերը:

Դեռ անցյալ շաբաթ թեժ քննարկվում էր սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան ժամանելու թեման: Մամուլում նույնիսկ նշում էին, որ այս օրերին քննարկվում են նրա այցի մանրամասները: Սակայն Մակրոնը չայցելեց Հայաստան: Ավելին, նա ոչ միայն չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ անկախության տոնի առթիվ, այլ, փաստորեն, հայ ժողովրդին էլ չշնորհավորեց: Իսկ դա պետք է Ֆրանսիայի նախագահի կողմից կոնկրետ քայլ բնորոշել: Փոխարենը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին էր շնորհավորական ուղերձ հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ` X-ի իր բլոգում գրելով. «Կեցցե ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ»:

Իսկ Մակրոնի փոխարեն անցյալ շաբաթվա սկզբին Հայաստան ժամանեց Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի՝ արդեն նախկին նախարար Ստեֆան Սեժուրնեն (օրերս հայտնի դարձավ, որ Սեժուրնեն կնշանակվի Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, որը պատասխանատու է ԵՄ-ի բարգավաճման եւ արդյունաբերական ռազմավարության համար): Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը՝ Երեւանում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը։ «Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունն՝ իր տարածքը, իր բնակչությանը։ Բարեկամների միջեւ բնական է համագործակցությունը նաեւ այս բնագավառում, եւ մենք դա անում ենք՝ եւս մեկ անգամ սուվերենության հարգանքով եւ առանց որեւէ էսկալացիայի կամքի»,-նշեց նա։

Այս տարվա փետրվարին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ 2022թ. սեպտեմբերյան դեպքերից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի համար փակվում են շուկաներ, խնդիր են դրել ապահովել զենք-զինամթերքի ձեռքբերման դիվերսիֆիկացիան եւ ունեն էական առաջընթաց եւ հաջողություններ այս հարցում: Ռազմական գերատեսչության ղեկավարը նաեւ շեշտեց՝ Ֆրանսիան եւ Հնդկաստանը դարձել են Հայաստանի հիմնական գործընկերները։ Իսկ Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ եւ հրթիռներ պետք է տրամադրի, խորհրդատվություն իրականացնի բանակի բարեփոխումների հարցում։

Ինչպես եւ կարելի էր կանխատեսել, պաշտոնական Բաքուն հերթական անգամ ջղաձգորեն արձագանքեց ֆրանսիացի պաշտոնյայի այցին Հայաստան: Ֆրանսիայի գործողությունները վիժեցնում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ միայն սրում են իրավիճակը, Report-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ «Հայաստանն ու Ֆրանսիան պետք է դադարեցնեն տարածաշրջանում ռազմականացման քաղաքականությունը, եւ վերջապես հասկանան, որ խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»:

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը

Անցյալ շաբաթ Բաքվից Երեւան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքը, որի հետ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտել է երկու տարվա բանակցություններից հետո խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու եւ համաձայնեցված տեքստով ստորագրման կարեւորությունը։ Ջոշուա Հաքը եւ Արարատ Միրզոյանը քննարկել են տարածաշրջանային հարցեր. ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը:

Ջոշուա Հաքը եւ Արարատ Միրզոյանը երեկ, ըստ ԱԳՆ հաղորդագրության, ընդգծել են նաեւ ՀՀ եւ ԱՄՆ երկկողմ հարաբերություններում «նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարեւորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը»:

«Մեր երկրների միջեւ հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով, համալրվում նոր բովանդակությամբ՝ կառուցվելով ռազմավարական երկխոսության վրա, եւ մենք շահագրգռված ենք շարունակել ակտիվ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով», – նշել է Միրզոյանը։

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ բնույթն է ընդգծել եւ Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում ԱՄՆ վարչակազմի աջակցությունն է կարեւորել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը:

Փաշինյանը շեշտել է ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում թիրախային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Իսկ Հաքն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ, եւ նշել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ծրագրերի ընդլայնումն ու ֆինանսավորման ծավալների ավելացումն ուղղված է այդ նպատակին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերին:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցին հաջորդեց Անկախության 33-րդ տարեդարձի առիթով Ջո Բայդենի ուղերձի հրապարակումը, որը խիստ ուշագրավ շեշտադրումներով է համեմված: «Հայաստանն ու Միացյալ Նահանգները միասին աշխատում են ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն», շնորհավորական ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահը։ «Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության եւ պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչեւ մաքուր էներգիայի եւ առեւտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում», – ասված է Անկախության 33-րդ տարեդարձի առիթով Ջո Բայդենի ուղերձում։

Ջո Բայդենն ընդգծել է՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը եւ սեփական ապագան որոշելու իրավունքին. «Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն եւ շարունակելու ենք ձեւավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ»:

Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում, իր հերթին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` ՀՀ Անկախության տոնի առթիվ ուղերձում։

«Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման եւ օրենքի գերակայությանը մեծ մարտահրավերների ժամանակ: Մենք կշարունակենք պաշտպանել Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն եւ արժանապատիվ խաղաղությունը», – նշել է Էնթոնի Բլինքենը: Նա շեշտել է՝ որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրը՝ Նահանգները հպարտ է շարունակելու աջակցել Հայաստանին, որը, ըստ նրա` «դառնում է ժողովրդավարական համայնքի ծաղկուն անդամ»:

ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է, արձանագրել է Բլինքենը՝ հավելելով, որ աշխատում են Հայաստանին էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու եւ նրա բնակչության եւ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ «Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճում ստեղծել մեր ժողովուրդների եւ տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի կապված, կայուն եւ անվտանգ», – ասված է Բլինքենի ուղերձում։

ԱՄՆ-ի կողմից աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը՝ խիստ կարեւոր արձանագրում է: Ավելին, ԱՄՆ նախագահն իր ուղերձում հստակ շեշտում է` հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն հասցնելու հրամայականը, կարծես, Հայաստանի իշխանություններին են, որ ակնկալում են ավելին եւ պատրաստ են ավելիին: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին՝ Վաշինգտոնում խոչընդոտ չեն համարում:

Ավելին` Անկախության 33-րդ տարեդարձի առիթով Ջո Բայդենի ուղերձում նաեւ շեշտվում է, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կխթանի համագործակցությանն ամբողջ ծավալով՝ անվտանգություն, պաշտպանության գործընկերության ամրապնդումից մինչեւ էներգետիկ եւ առեւտրի դիվերսիֆիկացման նախաձեռնությունների արագացում։

Վաշինգտոնն ու Փարիզը Հայաստանի իշխանություններին էլ ինչպե՞ս հասկացնեն, որ Հայաստանից ակնկալում են ավելի համարձակ քայլեր՝ դեպի ռազմավարական համագործակցություն, որով հնարավոր կդառնա ամրապնդել Հայաստանի անվտանգային ոլորտը, կլուծվեն էներգետիկ եւ առեւտրային դիվերսիֆիկացման խնդիրները:

Նկատենք, որ ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որը սահմանափակվել էր այսքանով. «Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաեւ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին»։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30