Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պատգամավոր. «Որ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի բանտում է, կարելի է մի բառով որակել. Նիկոլ Փաշինյանը դեռ իր վրեժը Ռուբեն Վարդանյանից վերջնական չի լուծել»

Սեպտեմբեր 24,2024 23:15

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մյուս ռազմագերիները շարունակում են խոշտանգվել Ադրբեջանի բանտերում, իսկ Հայաստանի գործող իշխանությունը նրանց ազատելու հարցով չի զբաղվում: Ավելին, Նիկոլ Փաշինյանը վերջին մամուլի ասուլիսում կասկածի տակ դրեց բարերար Ռուբեն Վարդանյանի Արցախ մեկնելու  եւ Արցախի Հանրապետության պետնախարար նշանակվելու հանգամանքները, ինչին Ռուբեն Վարդանյանը պատասխանել է:

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով այդ թեմային՝ հետաքրքիր դիտարկումներ արեց: «Ռուբեն Վարդանյանի մասով եկեք սկսենք 2020 թվականից, երբ Արցախում տեղի ունեցան Ազգային ժողովի եւ նախագահի ընտրությունները: Առաջին փուլից հետո մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը իր մոտ կանչեց երկրորդ փուլ անցած Արայիկ Հարությունյանին, Սամվել Բաբայանին, Մասիս Մայիլյանին: Այդ ժամանակ Սամվել Բաբայանը աջակցում էր Մասիս Մայիլյանին:

Հայաստանից Արցախ վերադառնալուց հետո Մասիս Մայիլյանը իր ընտրազանգվածին կոչ արեց չմասնակցել ընտրության: Նույնը՝ Սամվել Բաբայանը: Այդ ժամանակ արդեն իսկ պարզ դարձավ, որ Արցախում Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներ է նշանակում այն դեպքում, երբ որ ընտրությունների ժամանակ բոլորը Արայիկ Հարությունյանին դեմ էին: Սամվել Բաբայանը հայհոյախառն հայտարարություններ էր հնչեցնում Արայիկ Հարությունյանի մասին եւ ասում, որ այդ մարդը ինչ ուզում է անի՝ Արցախի նախագահ չի դառնա: Նրա թիմակիցները բացառում էին Արայիկ Հարությունյանի հետ համագործակցությունը: Բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հայտնի հանդիպումից հետո Սամվել Բաբայանը սեղմեց Արայիկ Հարությունյանի ձեռքը, միասին իշխանություն կազմեցին Արցախում: Մասիս Մայիլյանը նշանակվեց  արտգործնախարար ու այդտեղից պարզ դարձավ, որ հենց Նիկոլ Փաշինյանը միջամտում է անմիջապես Արցախի ներքաղաքական կյանքին, արդեն բոլոր պաշտոնյաները նշանակվում էին Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելով, ինչու չէ՝ նաեւ թույլտվությամբ: Այդ ժամանակ էլ Սամվել Բաբայանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար:

Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան համագործակցության ընթացքում տեսանք 44-օրյա պատերազմի խայտառակությունները, որ կրեց այդ իշխանությունը: Այո, ես շարունակում եմ պնդել, որ այդ եռյակն էր իշխանություն կազմում Արցախում եւ այս եռյակն էլ հայ ազգին բերեց պարտություններ:

Դրանից հետո, երբ որ տեսնում էինք, որ Արցախը քայլ առ քայլ հանձնվում է Փաշինյանի իշխանության կողմից, հայրենասեր մարդ, որը ամեն ինչ թողեց, թեեւ կարող էր իր կյանքը շատ երկրներում շատ ավելի բարեկեցիկ կազմակերպել, եկավ Արցախ եւ իր ներդրումն ունեցավ Արցախում: Եվ այդ ժամանակ իմ համոզմամբ, երբ Արայիկ Հարությունյանը նշանակեց Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնում եւ Ռուբեն Վարդանյանը արդեն պետական պաշտոնյա լինելով հակադարձում էր Հայաստանի իշխանություններին սխալ քաղաքականության համար, հստակ նշում էր սխալը եւ թե ինչ է ակնկալում Հայաստանի իշխանություններից: Իհարկե, դուր չէր գալիս Նիկոլ Փաշինյանին, երբ իր սխալն իր դեմքին ասում էր: Եվ Ալիեւի պարտադրանքով ու Նիկոլ Փաշինյանի ճնշման ներքո Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատեց աշխատանքից: Բայց Ռուբեն Վարդանյանը շարունակում էր իր գործունեությունը Արցախում, փորձում էլի ինչ-որ չափով իր ներդրումն ունենալ Արցախի կյանքում:

Այսօր որ նա Ադրբեջանի բանտում է, կարելի է մի բառով որակել. Նիկոլ Փաշինյանը դեռ իր վրեժը Ռուբեն Վարդանյանից պաշտոնի ազատումով վերջնական չի լուծել եւ այսօր նույնպես վրեժ է լուծում: Եվ ասուլիսի ժամանակ երբ նա հոլովում է Ռուբեն Վարդանյանի անունը եւ ասում, թե ով է ուղարկել, նա իրականում հնարավորություն ուներ ճշտելու եւ այդ հարցը այն ժամանակ հրապարակային տալու:

Այսօրվա իշխանությունները խոսում են այն մարդկանց մասով, ովքեր չեն կարող  հստակ, լիարժեք պատասխան տալ իրենց: Նույնը, երբ խոսում են Արայիկ Հարությունյանի վրա գործադրված ճնշումների մասին: Դա խոսում է նրա մասին, որ  Արայիկ Հարությունյանն այսօր չի կարող իրենց ճակատին ասել՝ իր վրա ճնշում եղել է կամ չի եղել, եթե եղել է, ով է ճնշել: Այսօր նրանք դա բարդում են իրենց ընդդիմախոսների վրա, թե իբր ընդդիմախոսների կողմից է եղել:

Սակայն Արայիկ Հարությունյանի վերջին հարցազրույցից կարելի է ենթադրել, որ նրա վրա եւ ընդհանրապես Արցախում ինչ կատարվում էր, ուղղորդվում էր Հայաստանից, անմիջապես Նիկոլ Փաշինյանից: Եվ այո, միակ մեղավորը, որ մենք այսօր դարձել ենք բռնի տեղահանված, Նիկոլ Փաշինյանն է»,-ասաց արցախցի պատգամավորը:

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30