Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հարկ մուծող եմ, բայց ես ինձ հերոս չեմ համարում, ո՞նց կարող է հարկ մուծողը լինել հերոս»․ Ռուբեն Մխիթարյան

Սեպտեմբեր 24,2024 18:35

Ռեժիսոր, պրոդյուսեր, հասարակական գործիչ, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանն Aravot.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ հայ ժողովուրդն ամենևին էլ անտարբեր չէ երկրում տիրող իրավիճակի նկատմամբ, որքան էլ քննադատեն, թե «քնած է»։ Ըստ նրա, ժողովրդին առաջնորդներ են պետք, որոնք կտան սկզբունքներ, գաղափարախոսություն ու լուծումների հստակ պլան, ոչ թե առանց ելք մատնանշելու՝ կելնեն ու կասեն՝ ամեն ինչ վատ է։

Ռուբեն Մխիթարյանի ասելով՝  ոչ մի ժողովուրդ ինքնուրույն ոչինչ չի անում, նույնիսկ մարտունակ, կռվի միշտ պատրաստ գլադիատորներին հեղափոխություն կազմակերպելու համար մի Սպարտակ էր պետք։

Իսկ այժմ, ըստ մեր զրուցակցի, մեր երկրում այնպիսի վիճակ է, որ ժողովրդի վզին անընդմեջ փաթաթում են թույլ ու պարտված լինելը։

«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մենք ավելի շատ հերոսական պատմությունների մասին գիտենք, քան 44 օր կռված տղերքի մասին։ Քառօրյա պատերազմից հետո մենք գիտենք Աբաջյան, Ադամ Սահակյան, Ուրֆանյան, քանի՞ հերոսական մարդու մասին գիտենք 44-օրյա պատերազմից հետո, վստահաբար եղել են, չէ՞։ Այսինքն, սա էլ է պետական քաղաքականություն, որ ուզում են անընդհատ վզիդ փաթաթել պարտված լինելու գաղափարախոսությունը, քեզ անընդհատ ասում են ՝ դու թույլ ես եղել, պարտվել ես։

Ես այս իշխանություններին համարում եմ դավաճան, առաջին հերթին իրենց սեփական գաղափարների դավաճաններն են, այսինք՝ այն գաղափարներով, որոնք իրենք 2018 թվին եկել են, իրենք իրենց բոլոր ասածներին դավաճանել են, պետական դավաճանության մասին ապագայում կորոշի դատարանը՝ դա կա՞, թե՞ ոչ։ Մեզ հիմա ուզում են ասել, որ մենք այն ժողովուրդը չենք եղել, որը երկրորդ աշխարհամարտի ժամանակ, Սովետական Միության ձևակերպմամբ՝ Հայրենական պատերազմի ժամանակ 300 հազար մարդ է գնացել, զոհվել։ 600 հազար մարդ է տվել այս փոքր պետությունն այդ պատերազմին, որից 300 հազարը զոհվել են։

Քոչարի են պարել, չէ՞ Բեռլինում, այդ նույն մարդիկ են, հիմա Բեռլինում քոչարի պարած, Սարդարապատ հաղթած մարդուն անընդհատ փորձում են ասել, որ դու թույլ ես, տկար ես, նվազ ես, ոչ ունակ ես, կռվելու զահլա չունես։ Ասում են՝ քիչ ես ապրում, կեր, խմիր, միջոցառումներ ենք քո համար կազմակերպում, քո ազգի հերոսը հայրենիք ազատագրող չէ, այլ` հարկ մուծողն է։

Մենք այսօր մուծում ենք հարկեր, ես ինձ հերոս չեմ համարում, ես դա համարում եմ օբյեկտիվորեն շուկայական հարաբերություններից բխող երևույթ, որը պարտավոր ես անել քո պետության համար, ի՞նչ հերոսության մասին է խոսքը։ Դու ո՞նց կարող ես իրար կողք դնել 18 տարեկան տղայի խրամատում նռնակը քաշելը, հայհոյանք տալն ու ասելը՝ «Ով դիրք հանձնի, ես իր մերը», դա էլ է հերոսություն, ես որ պիտի տանեմ իմ եկամուտից հարկ մուծեմ, դա էլ է հերոսությո՞ւն, ընդ որում լավ պայմաններում, տաք պայմաններում։ Պայմաններս ես եմ ստեղծել, այնքան անվտանգ են այս պահին, որ ես կարողացել եմ ստեղծել  այդ համակարգը, ես գնում եմ, այդ հարկը մուծում եմ։ Եթե հարկը չմուծեմ, ինձ առավելագույնը դատելու են, չեն սպանելու, իսկ այդ տղան կյանքն  է տվել։

Կորստի գիտակցման չափի մասին է խոսք գնում, արդյո՞ք մենք գիտակցում ենք՝ ինչ ենք կորցնում։ 18 տարեկան տղայից, որը գնում է ծառայելու, մենք ապրիորի մտածում  ու պահանջում ենք անձնազոհություն, ասում ենք, որ պատերազմ սկսվեց՝ դու պատրաստ պետք է լինես զոհվել հանուն քո հայրենիքի, տալ կյանքդ հանուն հայրենիքի, այլ ձևակերպմամբ՝ դու միշտ պատրաստ պետք է լինես կորցնել քո կյանքը քո հայրենիքի համար, իսկ այսօր թատրոնում աշխատող պայմանական մտավորականն իր գործը չկորցնելու համար չի խոսում։

Այսինքն ո՞ր կորուստն է ավելի կարևոր, այն տղան, որ նրանից պահանջում ես, ասում ես, գնացել ես ծառայելու 18 տարեկան, պատրաստ պետք է լինես զոհվելու, իսկ ինքն իր գործը չկորցնելու համար չի խոսում։ Այս խեղված արժեքային համակարգի մեջ մենք մտավորական հռչակել ենք մի մարդու, որը երբեք չի խոստացել քեզ, որ ինքը Սևակի կամ Մինասի պես մտավորական պետք է լինի, որ սիստեմի դեմ ելնի, արվեստանոցը վառվի։

Ո՞նց կարող է մտավորականը միշտ լինել իշխանամետ, երբ մտավորականությունը օբյեկտիվ բողոքականության շարժիչ ուժ է, եթե մարդը ունի միտք, գաղափար, կայացվածության աստիճան, ինքնաբավություն, մարդկանց կողմից ընկալունակության բարձր աստիճան, ո՞նց կարող է ինքը միշտ համաձայն լինել իշխանության հետ։ Այսինքն ինքը չէ՞ այն մարդը, որը պիտի կանգնի, քննադատի, առավել ևս արագ կապի մեջ կարող է լինել նրանց հետ։ Օրինակ՝ մի կոմպոզիտոր կա, ինքը բոլոր իշխանությունների սեղանին կենաց խմող է մինչև հիմա, մեծարում են իրեն, բայց ինքն ասում է՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, դու, երբ որ նստած ես այդ մարդու կողքը՝ սեղանին, դու արդեն քաղաքականությամբ ուզես, թե չուզես զբաղվում ես։ Դու արդեն ընդունել ես, որ ինքը երկրի ղեկավարներից մեկն է ու գնացել ես կողքը նստել, բաժակ ես խփում։ Ինչո՞ւ միջին վիճակագրական հայի սեղանին բաժակ չես խփում, ինչո՞ւ փողոցով քայլելիս չես մտնում հարսանիք ու բաժակ խփում, դու գնում ես այնտեղ, որովհետև նա քաղաքական գործիչ է, կարևոր պաշտոն է զբաղեցնում, ըստ այդմ, դու զբաղվում ես քաղաքականությամբ, ուղղակի դու զբաղվում ես քաղաքականությամբ այնքանով, ինչքանով որ դա շոյում է քո էգոն, քո համար միևնույնն է՝ ինչ եղավ։

Ցավոք սրտի, մեր կողմից մեծ հռչակված մարդիկ իրենք իրենց են սիրում այս ժամանակի մեջ, ոչ թե ժամանակն են սիրում, այլ իրենք իրենց այս ժամանակի մեջ սիրում, իրենց համար մեկ է՝ ով է իրենց ծափ տալիս, թուրքն է իրենց ծափ տվել, թե հայը, Ստեփանակերտի դրամատիկական  թատրոնում են իրեն ծափ տվել, թե Ստամբուլի կոնսերվատորիայում, մեկ է»,-ասում է Ռուբեն Մխիթարյանը։

Ըստ նրա, այս ամենին վերջ դնելու նպատակով մեր երկրին պետք է վերադարձնել քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունը, իրավունքը։ Այդ դեպքում երկրում կլինեն քաղաքական կոնկրետ դիրքորոշում ունեցող ու հստակ բանավեճեր ծավալող քաղաքական գործիչներ, որոնք, իրար հանդեպ հարգանք տածելով, պետության մասին մտածելով, կփորձեն իրենց գաղափարները առաջ տանել։ Նույնիսկ այս դեպքում ընդդիմությունն արդյունավետ կլինի երկրի առաջխաղացման համար։

«Ես համարում եմ քաղաքականությունն այն է, որ մի մարդ օրինակ՝ լինի վարչապետ պայմանականորեն, հետո հանգամանքների բերումով երկու տարի հետո հրաժարական տա, դառնա օրինակ՝  պատգամավոր կամ X գործով զբաղվի, հետո երկու տարի հետո նորից կարող է վարչապետ դառնա։ Երբ մենք իշխանությանը սկսեցինք վերաբերել ոչ թե որպես սեփական բարեկեցությունն արագ դիզելու հնարավորություն, այլ չարքաշ աշխատանք, ապա Հայաստանում փոփոխությունների ականատես կլինենք»։

Մեր զրուցակիցը վստահ է, որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ կառավարելու դեպքում 2-3 տարվա ընթացքում  հնարավոր է այնպիսի թռիչք  կատարել՝ բարոյահոգեբանականից մինչև տնտեսական, որը լուրջ ազդակ կհանդիսանա ապագայում զարգանալու համար։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30