«Սրբազան պայքար» շարժման սոցիալական հարթակների ուղիղ եթերում հանրության հետ զրույցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը դիմելով պայքարի աջակիցներին, ասել է.
«Անընդհատ կրկնելու եմ: Եթե ոմանց համար սա քաղաքական գործընթաց եւ քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է: Ես նաեւ առիթն օգտագործելով՝ խորհուրդ կտամ բոլոր մեկնաբաններին, դրական կամ բացասական իմաստով վերլուծաբաններին, քննադատներին, բոլորին անխտիր, այդ ամենի ժամանակը վաղուց անցել է: Մենք անելիք ունենք, եթե իրապես դուք հավատում եք, որ մենք կանգնած ենք արդեն իսկ շարունակական աղետի մեջ եւ եթե պետականության, հայրենիքի ազատագրության գաղափարները ձեզ համար թանկ են:
Ոմանք նաեւ ասում են, թե ծրագիր չկա: Ծրագիրը մեկն է, այս չարիքի հեռացումը: Եվ շատ սիրով նորից կրկնում եմ. նրանք, ովքեր ծրագիր ունեն, թող գան եւ իրականացնեն: Այս պայքարը բոլորինն է անխտիր, թող հանձն առնեն եւ իրականացնեն: Եվ միասին, մենք էլ՝ ձեզ հետ, բոլոր նրանց հետ, ովքեր քաղաքական ծրագիր ունեն, գաղափարական ծրագիր ունեն, որը շատ հանգամանքներում եւ հնարավորություններում կարող էին իրականացնել: Ես չեմ ասում՝ առանձին իրականացնեն: Թեպետ՝ առանձին էլ: Մենք էլ մեր ծրագիրն ունենք, տեսիլքն ունենք, ճանապարհն ունենք: Ուրիշ հարց, որ երբեմն այդ ճանապարհը այս կամ այն պատճառով որոշակի դժվարություններ է կրում:
Այդուհանդերձ, մեր միտքը մեկն է, մղումը մեկն է, ծրագիրը հստակ կերպով դրված է, թե ինչ պետք է տեղի ունենա փոփոխության ժամանակ եւ ինչ պետք է տեղի ունենա մի քիչ ավելի երկար կամ միջնաժամկետ ժամանակում: Եվ այդ փոփոխություններից հետո ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում: Բազմաթիվ առիթներով խոսել եմ այս մասին: Եթե դիտավորյալ չտեսնելու կամ չլսելու ցանկություն կա, դա բոլորովին արդեն այլ հարց է:
Կարդացեք նաև
Հետեւաբար, հոկտեմբերի 2-ին, ժամը 18:30-ին հանդիպելու ենք Հանրապետության հրապարակում՝ մեր հաղթանակի եւ լույսի ճանապարհի վերջնարդյունքին հասնելու մղումով, որը գուցե, հոկտեմբերի 2-ին սկսելու եւ ավարտելու տրամաբանությամբ չի լինելու, բայց լինելու է շարունակվող, համառ, աննահանջ: Մենք քայլ առ քայլ հասնելու ենք մեր նախանշած վերջնարդյունքին, որը ոչ միայն պայմանավորված է իշխանության փոփոխությամբ, որը փոքրիկ բաղադրիչ, բայց մեծ խոչընդոտ է մեր մեծ արժեքների դաշտի փոփոխության համար: Եվ մի հարցրեք. հնարավո՞ր է , թե՞ ոչ: Հարցրեք ինքներդ ձեզ. անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Մեր մեկնակետը հենց դա է: Այո, անհրաժեշտ է:
Երկրորդը, որ ուզում եմ նշել: Այս ամբողջ գործընթացների մեջ նրանք, ովքեր ներգրավված են անհատապես, թե հավաքական իմաստով որպես կուսակցություններ եւ կազմակերպություններ, մեզ համար չափազանց կարեւոր է լինելու օղակների համագործակցությունը: Եվ նաեւ, եւ հատկապես այս բոլոր գործընթացներում բանալին կարգապահությունն է: Պիտի գործեն հստակ կերպով եւ կարգապահությամբ:
Կապված սեպտեմբերի 22-ի հետ: Մեր հավաքը ցույց տվեց այն էությունը, բովանդակությունը, որ մեր պայքարը անընդհատ առաջադրել է: Դա որպես երեւույթ խոսում է նաեւ հաջողության մասին, որովհետեւ չարիքի իշխանության գործակալները այլ բաներ չենք գտել խոսելու, քան կեղծ, կիսադատարկ դահլիճներ ներկայացնելը՝ փորձելով մարդկանց մտքերը դարձյալ պղծել, արատավորել պայքարին մասնակցող մարդկանց, փոքրիկ-փոքրիկ բաներ ներկայացնել, բայց հիմնական մասով լուռ մնալ, որովհետեւ իրենք էլ իրենց համար պարզել են, որ մեր երկիրը, մեր ժողովուրդը փոփոխության է ձգտում, պարզել են, որ իրենք այլեւս որպես այդպիսին գոյություն չունեն որպես գաղափարակիր վավերական իշխանություն: Ձեր ատելությունը ուտելու է ձեզ, սպառվելու եք, այրվելու եք հենց ձեր ատելության եւ թշնամության մեջ: Չարիքը ինքն իրեն սպանելու է եւ դուք հենց դա եք անում:
Երկրորդը ուղերձն է մեր ներսում գտնվող այն անձանց, որոնք այս կամ այն կերպով ազնիվ մղումներով հարցականների, հուսախաբության որեւէ դրսեւորում են ունեցել իրենց մեջ: Սա հնարավորություն է՝ ցույց տալու, վերստին հաստատելու, որ մենք ընթանում ենք ուղիղ, առանց ոլորանների ճանապարհով: Եվ մեր թիրախը մեկն է, ցանկությունը մեկն է, ձգտումը մեկն է: Եվ դա այս չարիքի հեռացումն է հանուն հայի եւ Հայաստանի, հանուն ճշմարտության, հանուն հաշտության, հանուն արդարության»,-ասել է սրբազանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ