Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի ելույթները պարտվող եւ հաղթող ղեկավարների ելույթներ են ու միմյանց փոխլրացնում են․ Ստեփան Դանիելյան

Սեպտեմբեր 24,2024 17:04

«Երկու ղեկավարների ելույթները՝ մեկ ընդհանուր տրամաբանության մեջ են․ կա Ադրբեջանի նախագահի ելույթը, որն ասում է՝ ես հաղթող երկիր եմ, որպես հաղթող երկիր, պետք է իմ պայմաններն ընդունեն եւ ապագան, որի մասին խոսում է Հայաստանի ղեկավարը, լինելու է իմ պայմաններով։ Եվ Հայաստանի ղեկավարը, որը խոսում է անցյալը մոռանալու, նույնիսկ ներկան մոռանալու ու խաղաղության մասին․ իր համար գլխավոր արժեքը խաղաղությունն է՝ պայմաններն էական չեն։ Այսինքն, ինքը հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանի, որպես հաղթող երկրի, պայմաններով գնալ այսպես կոչված խաղաղության, եթե դա, իհարկե, հնարավոր է։ Այսինքն, սա հաղթող երկրի եւ պարտվող երկրի ղեկավարների ելույթներ են, որոնք միմյանց փոխլրացնում են եւ նույն տրամաբանության մեջ են», Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ելույթներին։

Ստեփան Դանիելյան

«Անցյալում արդեն ոչ մի բան չենք կարող փոխել, այսօրվա մեջ արդեն շատ բան չենք կարող փոխել, որովհետև այսօրն արդեն ինչ-որ չափով անցյալ է: Բայց ապագան նախագծելն այսօրվա ամենակարևոր գործն է: Անելիքների օրակարգը նույնպես հայտնի է. խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն, ազատություն, արդարություն, մարդու իրավունքներ, արհեստական ինտելեկտ, կլիմա: Բայց կարևոր է այն հայեցակարգը, որ պիտի դնենք ապագայի մեր պատկերացումների հիմքում»,- Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, Ապագայի գագաթնաժողովին ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ինքն իշխանության է եկել «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով եւ կոչ արել՝ լինել «պոզիտիվ»․ «Ասածս տարօրինակ կհնչի, բայց կարևորագույն բանը, որ կարող ենք անել ապագայի համար, պոզիտիվ խոսույթներ ձևավորելն է¸ և դրանց հիմքերի ստեղծման հնարավորությունների վրա»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույն օրը ելույթ ունենալով իր երկրի նորընտիր խորհրդարանում, ասել է՝ իր երկրի «թիվ մեկ խնդիրը երկրի ռազմական հզորության ավելացումն է» ու բացատրել․ «Հայկական կողմը զանգվածաբար զինվում է, միաժամանակ զորավարժություններ է անցկացնում արտասահմանյան երկրների, ընդ որում՝ խոշոր պետությունների հետ։ Արևմտյան երկրները զենք-զինամթերք են մատակարարում Հայաստանին։ Այսինքն՝ միանգամայն ակնհայտ են որոշ արևմտյան պետությունների՝ Հայաստանին մեր դեմ տրամադրելու ծրագրերը»։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ խոսել շանտաժի և վերջնագրի լեզվով․ «Մենք պատրաստ ենք, կարող ենք տալ ցանկացած պատասխան և միշտ պետք է պատրաստ լինենք դրան»։

Իսկ ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին, օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ էլ ասել է․ «Օկուպացիայի ժամանակ տարբեր մայրաքաղաքներից մեզ բազմիցս ասում էին, որ այս հարցը, այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Հիշում եք նաև, որ կար մի թեզ՝ ռազմական լուծում չկա, և այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Ընդ որում, այն ժամանակ չէր կոչվում «առաջին Ղարաբաղյան պատերազմ», բայց ասում էին՝ պետք է հաշվի առնել նաև ղարաբաղյան պատերազմի արդյունքները։ Այսինքն՝ ինչի՞ հետ էին ուզում, որ հաշտվեինք։ Նրանք ուզում էին, որ մենք ընդունենք պարտությունը։ Նրանք ուզում էին, որ մեր ժողովուրդը հաշտվի այդ պարտության հետ։ Մյուս թեզն էլ այն էր, որ պետք է սկսել համագործակցել Հայաստանի հետ։ Հասարակական կազմակերպությունների միջոցով անցկացվում էին տարբեր սեմինարներ։ Մեր հանրության մեջ ոմանք իրենց ծախել են օտար շրջանակներին, մասնակցել այդ դասընթացներին, հարաբերվել հայերի հետ, գործարքների գնացել, նրանց հետ համատեղ հանդիպումներ կազմակերպել։ Ի՞նչ կապ կարող էինք ունենալ արյունարբու թշնամու հետ, ով իրագործել է Խոջալուի ցեղասպանությունը և գետնին հավասարեցրել մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը Ղարաբաղի տարածաշրջանում։ Բայց այս օկուպացիան հավերժացնել ցանկացողների նպատակն այն էր, որ ապագա սերունդը՝ երիտասարդ սերունդը, այլևս չուզենա պատերազմ, որ մենք խաղաղության հասնենք Հայաստանի հետ, և այդպիսով օկուպացիան մնա։ Մենք՝ Ադրբեջանի ժողովուրդս, փշրեցինք այս բոլոր ծրագրերը, տապալեցինք դրանք․․․»։

Թե այս խոսույթներն ի՞նչ արտահայտություններ կունենան գործնական հարթությունում, մեր զրուցակիցը դժվարանում է հստակ ասել, քանի որ աշխարհաքաղաքական զարգացումները դեռ սկզբնական փուլում են․ «Ապագա աշխարհակարգի սկզբունքները պարզ չեն, պարզ չի նաեւ Հարավային Կովկասի, այսպես կոչված, խաղաղության բանաձեւը։ Կարծում եմ, այս գործընթացը երկար է գնալու։ Ցավոք, մոտակա տարիներին, ըստ տրամաբանության, մեզ գլոբալ պատերազմներ են սպասվում․ աշխարհի որոշ հատվածներում, դրանք նաեւ կարող են դաժան բնույթ կրել։ Այն, ինչը որ հիմա մենք տեսնում են Լիբանանում, Գազայում, կտեսնենք նաեւ աշխարհի տարբեր երկրներում, որովհետեւ օրինակը տված է, աշխարհն էլ դա կուլ է տվել։ Այսինքն, սա այլեւս խաղի կանոնների մեջ է մտնում, ով ում հետ ինչ հարց ունի, նման եղանակով կարող է լուծել, իսկ նման հարցեր աշխարհում շատ կան։ Կարծում եմ, նման «լուծումներ» դեռ տեսնելու ենք, եւ միայն այդ ամենի ավարտից հետո պարզ կլինի, թե աշխարհում ինչ կարգ է հաստատվում, ինչ սկզբունքներով, նաեւ Հարավային Կովկասում, որպես դրա հետեւանք, ի՞նչ խաղաղություն կտիրի եւ ի՞նչ պայմաններով»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30