Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ:
Ի շարունակություն նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման շրջանակում կայացած քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը և Ռաբաբ Ֆաթիման ընդգծել են դեպի ծով ելք չունեցող զարգացող, տարանցիկ երկրների, ինչպես նաև շահագրգիռ միջազգային գործընկերների համագործակցության հնարավորությունների առավելագույնս օգտագործման կարևորությունը:
«Մենք իրապես հավատում ենք LLDC երկրների համագործակցության, առաջնահերթությունների խթանման հիմքում դրված առանցքային գաղափարին, և մեր քաղաքականությամբ, նախաձեռնություններով ձգտում ենք առավելագույնս նպաստել այդ օրակարգի առաջմղմանը,» – ընդգծել է նախարար Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման, ներառական օգտագործման տեսլականի կյանքի կոչման կարևորությունը, ինչի հնարավորությունը նախատեսում է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ ԳՔ տեղակալն անդրադարձ են կատարել առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ Բոտսվանայում կայանալիք LLDC երկրների ՄԱԿ երրորդ համաժողովի շրջանակներում նոր Գործողությունների ծրագրի ընդունմանը։ Մտքեր են փոխանակվել տարբեր հարթակներում LLDC երկրների առաջնահերթունների առաջմղման նպատակով քննարկվող նախաձեռնությունների, ինչպես նաև LLDC խմբում հաջորդ նախագահության շուրջ:
ԱԺ