Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազան. «Մենք բացարձակ տրամադրություն չունենք դահլիճներում, սահմանափակ միջավայրերում անցկացնել մեր միջոցառումների առաջիկա ողջ ընթացքը եւ հոկտեմբերի 2-ից նոր փուլ ենք մուտք գործում, որը ես կոչել եմ հաղթանակի եւ լույսի շրջան»

Սեպտեմբեր 24,2024 15:49

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված մեծ հավաքից հետո այսօր  ուղիղ եթերով զրուցել է միջոցառմանը ներկա գտնված պայքարի անմիջական մասնակիցների, աջակիցների, հետեւորդների, ինչպես նաեւ ներկա գտնվելու հնարավորություն չունեցած, սակայն տեսախցիկից այն կողմ իրենց մեկնաբանություններով մասնակից ու աջակից հանրության հետ:

«Բոլորիդ մեր սերն ու գնահատանքը: Ինչպես մեր հանդիպման ժամանակ եմ ասել, այս ընթացքում բոլոր թերությունները եւ սխալները, եթե կուզեք, անգամ՝ ձախողումները իմն են եւ միայն իմը: Եվ մյուս բոլորը՝ հաջողությունները, ձեռքբերումները եւ, վերջապես, հաղթանակը, ձերն է, միայն եւ միայն ձերը, սիրելի ժողովուրդ:

Շատ էին հարցնում, թե ինչու դահլիճային հանդիպում, մարզահամերգային համալիր: Նախ, մեզ համար չափազանց կարեւոր էր մեր, պատկերավոր ասած, վերադարձը: Եվ դահլիճային հանդիպումը հանրահավաքային տրամաբանությունը վերացնում էր, որովհետեւ մենք չուզեցինք հանրահավաքային տեսքով հանդիպել մեր հատկապես ակտիվ մասնակիցներին, այս պայքարը ուղղակիորեն կրողներին: Բայց ցանկացանք դահլիճային հանդիպման հնարավորություն ունենալ ու եւս մեկ անգամ ավելի հասանելի կերպով, հանդարտ պայմաններում նախանշել բոլոր գաղափարները եւ ուղիները, ուղղակիորեն հաղորդակից դարձնել այն բոլոր գաղափարներին, ինչպես նաեւ առաջիկա անելիքներին, որը ավելի նպատակահարմար էր դահլիճային կերպով անել: Ոչ թե պայքարը վերադարձնել դահլիճներ, դահլիճներում սահմանափակել, այլ ընդհակառակը: Եվ ամենամեծ վայրը, որ կարող էինք դրա համար ընտրել՝ ակնկալելով շատ մարդկանց ներգրավվածություն, բնականաբար, միակ տեղը մարզահամերգային համալիրն էր:

Մենք բացարձակ տրամադրություն չունենք դահլիճներում, սահմանափակ միջավայրերում անցկացնել մեր միջոցառումների առաջիկա ողջ ընթացքը, այլ, ինչպես ազդարարել եմ, հոկտեմբերի 2-ից նոր փուլ ենք մուտք գործում, որը ես կոչել եմ հաղթանակի եւ լույսի շրջան, հաղթանակով ձեռք բերված լույսի շրջան, լույսով ձեռք բերված հաղթանակի շրջան: Եվ դա լինելու է մեր համառ, աննահանջ, հետեւողական պայքարի առաջին ազդարարը: Հոկտեմբերի 2, ժամը 18:30 Հանրապետության հրապարակում, որից էլ սկսվելու են մեր հետագա բոլոր գործողությունները:

Այո, մենք վերատեսության ենք ենթարկել մեր գործողությունների ծրագիրը, մեթոդաբանությունը, մարտավարությունը: Եվ այդ վերատեսությունն է, որ մեզ այսօր մղում է քայլ առ քայլ գործելու: Չեմ զլանալու վերստին կրկնել՝ համառ, հետեւողական աննահանջ պայքարով: Այո, սա պայքար է, շարժում է եւ պայքար է, որը սահմանափակված չէ կուսակցական գաղափարաբանությամբ կամ կազմակերպության որեւէ տեսակի կառուցվածքով, այլ յուրաքանչյուրի պայքարն է, բոլոր նրանց, ովքեր հայրենիք ունեն՝ անկախ տարաձայնություններից, մեկնաբանություններից: Սա մի պայքար է, որը, շատ եմ շեշտել, անձնական գիտակցության, անձնական դրսեւորման միջավայր պետք է դառնա յուրաքանչյուրիս համար»,-ասել է Բագրատ սրբազանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30