Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:
Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:
Պատգամավորի խոսքով Լեւոն Սահակյանը 2022 թվականի մարտին Ազգային ժողովի կողմից ընտրվել է որպես ԿԲ խորհրդի անդամ եւ պաշտոնավարել սահմանված ժամկետներում: «Պարոն Սահակյանին մենք երկրորդ անգամ ենք առաջադրում այդ պաշտոնում»,- ընդգծել է Ծովինար Վարդանյանը:
Թեկնածուն ելույթում խոսել է Կենտրոնական բանկի հիմնական խնդիրների մասին` անդրադառնալով դրամավարկային քաղաքականությանը եւ ֆինանսական կայունության ապահովմանը: «ԿԲ հիմնական նպատակներն են գների ու ֆինանսական կայունության ապահովումը: ԿԲ խորհուրդը հետեւողականորեն կիրառում է իր տրամադրության տակ եղած դրամավարկային քաղաքականության ամբողջ գործիքակազմը»,- նշել է զեկուցողը` հավելելով, որ ցածր ու կայուն գնաճի ապահովմանն ուղղված հետեւողական քաղաքականությունը տնտեսական զարգացման հիմնական գործոններից մեկն է, որը նպաստում է ներդրումներին, երկրի տնտեսական աճին եւ հասարակության բարեկեցության բարելավմանը: Լեւոն Սահակյանի խոսքով այս համատեքստում ԿԲ-ն մշակում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, որի առաջնահերթությունն է խարսխել գնաճը եւ գնաճային սպասումները:
Կարդացեք նաև
«Մենք վստահ ենք, որ գնաճի նպատակային ցուցանիշը համադրելի է եղել գների կայունության ապահովման մեր նպատակի հետ»,- ընդգծել է թեկնածուն: Նրա կարծիքով այսօրվա արագ փոփոխվող պայմաններում աճող անորոշությունները նոր մարտահրավերներ են ներկայացնում ԿԲ-ների համար, եւ դրանք պահանջում են նորարարական մոտեցումներ քաղաքականության մշակման հարցում:
Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
ԱԺ