Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ամենը միայն գույք չէ․ այս ամենը պատմություն է, Հայաստանի, մեր ժողովրդի արժեքն է»․ Նկարիչների միության նախագահ

Սեպտեմբեր 24,2024 15:25

«Անընդհատ հնչում է գույք բառը, բայց մոռանում ենք, որ այս ամենը միայն գույք չէ․ այս ամենը պատմություն է, այս ամենը արժեք է, այս ամենը Հայաստանի, մեր ժողովրդի արժեքն է»,- Հայաստանի նկարիչների միությունում Հայաստանի ստեղծագործական միությունների և այլ հասարակական կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքերի նկատմամբ այդ կազմակերպությունների սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու և գույքերը պետականացնելու խնդրի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Նշենք, որ այս նախագծով նախատեսվում է պետականացնել Հայաստանի գրողների, Նկարիչների եւ այլ միությունների շենքերը։

Սուրեն Սաֆարյանը փաստեց՝ Հայաստանի նկարիչների միությունն ամենակարևոր օղակներից մեկն է ՀՀ մշակութային կյանքում․ «Եթե չլիներ Հայաստանի նկարիչների միությունը, ՀՀ Ազգային պատկերասրահի շատ սրահներ չէին համալրվի գոհարներով, եթե չլիներ Հայաստանի նկարիչների միությունը, այն բոլոր անվանի արվեստագետները չէին ունենա այն հնարավորությունը, որ ունեցել են դրսևորվելու, ցուցադրվելու, իրենց խոսքն ասելու, ՀՀ-ն ներկայացնելու արտերկրում։ Այս պատճառով մենք միայն գույք չենք։ Այս երեսուն տարիների ընթացքում ասել ենք, որ ստեղծագործական միություններն իրենց կարևոր նշանակությունն ունեն մեր հանրապետությունում։ Այսօր պարզապես գույք ասելով, ինչ-որ օրենքների և կետերի մեջ մտնելով՝ մենք մոռանում ենք մի պահ՝ ինչ արժեքի մասին է խոսքը»։

Հայաստանի նկարիչների միության նախագահը նշեց՝ նկարիչների ջանքերն ու ներդրումն այս ամենում ակնհայտ է․ «Չեմ ուզում վարկաբեկել կամ սև գիծ գծել ուրիշ ՀԿ-ների կամ կազմակերպությունների գույքի վրա, բայց կան արժեքներ, որոնք իրենց բնույթով տարբերվում են մնացած բոլոր գույքերից։ Եթե եղել է պետական մի շենք, որը չգիտեմ ինչ ճանապարհներով սեփականաշնորհման վկայական է ստացել, դա չի կարելի համեմատել Հայաստանի նկարիչների միության կամ ստեղծագործական մեր տների շենքերի հետ։ Անընդհատ խոսվում է՝ միայն այս շենքի՝ Աբովյան 16-ում գտնվող շենքի մասին, այնինչ մեր մյուս գույքերի հետ կապված նույնպես եկել են դատական գործեր՝ թե′ Շորժայի Նկարիչների ստեղծագործական տան վրա, թե′ Ծաղկաձորի նկարիչների ստեղծագործական տան վրա»։

Սուրեն Սաֆարյանն ասաց՝ մենք բոլորս զարմացած ու վրդովված ենք այս խնդրով․ «Վրդովված ենք, քանի որ ամիսներ շարունակ ինչ-որ գործընթաց է, նիստեր են արվում, օրենքի վրա են աշխատում, շահագրգիռ կողմեր և այլն։ Իսկ մենք շահագրգիռ կո՞ղմ չենք, այսինքն՝ մենք չենք կարող օգտակար լինե՞լ օրենք մշակելու համար, քանի որ մեզ է այս ամենը վերաբերում։ Մենք այս ամենով շատ անհանգստացած ենք, քանի որ, եթե կորցնենք այս մեծ ժառանգությունը, մշակութային մեծ արժեքը, մենք ի՞նչ եք ասելու ապագա սերունդներին, ի՞նչ արժեքներ ենք փոխանցելու»։

Սուրեն Սաֆարյանն ասաց՝ բոլոր միությունների նախագահների և ՀԿ-ների անունից դիմում-նամակ են ուղարկել ՀՀ վարչապետին հանդիպման ակնկալիքով․ «Հույս ունենք, որ մոտ ապագայում ԱԺ ներկայացուցիչների հետ կհանդիպենք։ Հոկտեմբերի 30-ին դատախազությունը պետք է վճիռ կայացնի, իսկ եթե վճիռը կայացրեց, էլ ի՞նչ օրենք։ Եթե Աստված չանի՝ վճռի պատասխանը եղավ, որ այս շենքը պետականացնում են, այդ դեպքում մենք՝ միության նախագահներս ի՞նչ օրենքի շուրջ ենք քննարկելու ԱԺ-ում, եթե արդեն այս գույքը մերը չի լինելու, ի՞նչ օրենքի մասին է։ Այդ ամենը հիմա պետք է արվի»։

https://www.youtube.com/watch?v=omOWWDoNbas&t=56s

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30