Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հայտարարեց նոր կայքէջի գործարկման մասին, որը փաստագրում է ցեղասպանության գործընթացի զարգացումը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կործանմանը: Տեղակայված լինելով ANI-ի հիմնական կայքէջում, որը ավելի քան 25 տարիների ընթացքում դարձել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության միջազգային հաստատումը փաստագրող նշանավոր հեղինակություն, նոր կայքէջը հիմնված է ամբողջովին պաշտոնական արձանագրությունների վրա, որոնք վկայում են իրադարձությունների ցեղասպանական բնույթի մասին, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության լիակատար վտարմանը։
ANI կայքէջի նոր բաժինը վերնագրված է՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումն ու ավիրումը. Հայոց ցեղասպանության վերջին գլուխը:
ANI-ն նախատեսում է էլ ավելի ընդլայնել հրապարակված տվյալների բազան, քանի որ ավելի շատ արձանագրություններ են վերանայվում: Կայքէջն արդեն պարունակում է հազարավոր էջեր ու լուսանկարներ և ավելի քան 370 ֆորմալ արձանագրություններ՝ պաշտոնական, միջազգային և հասարակական սուբյեկտներից, որոնք դիտարկել կամ հաղորդել էին իրադարձությունների ընթացքի մասին: Առաջարկվում են փաստաթղթերի լայն շրջանակ՝ սկսած ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի արձանագրություններից մինչև Միացյալ Նահանգների, եվրոպական և այլ երկրների օրենսդրական և գործադիր փաստաթղթեր, իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներ, ամերիկյան համալսարանների հետազոտական փաստաթղթերի նախագծեր և այլ ստուգված, համապատասխան նյութեր:
«Լեռնային Ղարաբաղի կործանման հետ կապված իրադարձությունները լավ փաստագրված են։ Ամենադաժան ապացույցների մեծ մասը գալիս է ադրբեջանական և թուրքական աղբյուրներից, ներառյալ ցեղասպան մտադրությունների ընդունումը 2023թ․-ի սեպտեմբերից առաջ, այդ ընթացքում և դրանից հետո: Եթե նախկինում կային հիմնավոր կասկածներ, ապա այսօր իրենց իսկ խոսքերից և գործերից պարզ է դառնում, որ ոճրագործների վերջնական նպատակը միշտ եղել է Արցախում հայ ժողովրդի, մեր քրիստոնեական ներկայության և մշակույթի վերջնական ոչնչացումը, որպես ներկայիս Հայաստանի Հանրապետության դեմ շարժվելու նախադրյալ։ «էթնիկ զտումների հիմնական պատրվակը խաղաղ բնակչության դեմ, ովքեր պետք է պաշտպանվեին ռուս խաղաղապահների կողմից, ակնհայտորեն արդարացում չունի»,– հայտարարեց ANI-ի Կառավարիչների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը: «Ցեղասպան վարչակարգերը, հասնելով իրենց նյութական նպատակներին, անմիջապես դիմում են ապացույցների խեղաթյուրմանը և ժխտողական համակարգի ստեղծմանը: Այս կայքէջը և փաստերի վրա հիմնված մեր շարունակական աշխատանքը կանխում են մինչ օրս կոպիտ ժխտման ջանքերը և ավելի բարդ հերքումներն ու կեղծ պատմությունները, որոնք մենք ժամանակի ընթացքում ակնկալում ենք ավտորիտար Ալիևի և Էրդողանի կառավարություններից»:
Կարդացեք նաև
Կենտրոնանալով 2023թ․-ի սեպտեմբերին հայ ժողովրդի վերջնական հարկադիր արտագաղթի վրա՝ արձանագրությունները լայնորեն ընդգրկում են 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հետևանքները և հաջորդող փուլ առ փուլ ամբողջական շրջափակումը և հայ բնակչությանը սպառնացող սովամահությունը՝ մինչև 2023թ․-ի սեպտեմբերին վերջնական ցեղասպանությունը՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված էթնիկ զտումները և պատմական հայկական եկեղեցիների ու քրիստոնեական ներկայության շարունակական պղծումն ու ոչնչացումը։ Այն նաև ներառում է Կոլումբիայի համալսարանի «Մարդու իրավունքներ և օտարերկրյա ահաբեկչական գործունեություն Արցախում (Լեռնային Ղարաբաղ)» նախագիծը, որը ղեկավարում է պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիփսը, որը տրամադրեց մարդկության դեմ հանցագործություններ և այլ վայրագություններ փաստագրող հիմնական աղբյուրները:
33 տարի շարունակ՝ 1991-2023թթ․-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը նաև կոչվում է Արցախի Հանրապետություն, եղել է ժողովրդավարական ինքնավար պետություն։ Դրան նախորդող յոթանասուն տարիների ընթացքում՝ 1921-1991թթ․-ին, Լեռնային Ղարաբաղը ինքնավար շրջան էր ԽՍՀՄ-ի կազմում։ Հազարամյակներ շարունակ որպես բնիկ հայ բնակչությամբ բնակեցված էթնոաշխարհագրական տարածաշրջան գոյությունից հետո՝ 2023թ․-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց ադրբեջանական և թուրքական ուժերով։
«Հասարակության ուշադրության մեծանալով և աղետալի իրադարձությունների մասին շատ ուշ փուլում հաղորդումներով, այս կայքէջի փաստաթղթերը ամուր հիմք են հանդիսանում հասկանալու համար, թե ինչպես է ծավալվել ավելի երկար պատմությունը»,– հավելեց ANI-ի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանը: «Կայքէջը նախագծված է նաև մանկավարժների, գիտնականների և դասախոսների հետ՝ հավաստի աղբյուրների հավաքածուին արագ հասանելիություն ունենալու համար: Կայքէջի հիմնական գաղափարն այն է, որ արցախահայերի էթնիկ զտումները Հայոց ցեղասպանության վերջին գլուխն էին, որոնք բացահայտեցին վերջին երկու դարերի ընթացքում հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական ընդհանուր քաղաքականության երկար հաջորդականությունը՝ սկսած 1890-ականների կոտորածներից Օսմանյան կայսրությունում»։
Գրիգորյանը հավելեց. «Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում գիտական ոլորտի աշխատողներին, ովքեր օգնեցին մեզ այս հարցում, և անգնահատելի Մարկ Մալքասյանին՝ կայքէջի նկատմամբ վերահսկողության և դրա կառուցվածքը մշակելու համար: Դիզայնը զուգորդվում է ANI-ի կայքէջի վավերագրական բովանդակության հետ, որը երկար ժամանակ վերահսկել է ANI-ի խորհրդի անդամ Մալքասյանը: Առիթն օգտագործում եմ նաև շնորհակալություն հայտնելու այն թիմին, որն անցյալ տարվա ընթացքում աշխատեց ANI-ի տնօրենի հետ՝ բացահայտելու, կազմակերպելու և հրապարակելու այս կարևոր արձանագրությունները: Ուզում եմ հատկապես առանձնացնել 2024թ․-ի ամառային փորձնակներ՝ Շուշանիկ Հայրիյանին, Լիլի Մկրտչյանին, Նարեկ Փանոսյանին, Միհրանուշ Վարժապետյանին և Սերգեյ Խաչատրյանին, ինչպես նաև ANI-ի տնօրենի նախկին օգնական Ռոբերտ Արզումանյանին, ով այնքան ջանասիրաբար և բարեխղճորեն աշխատեց Լեռնային Ղարաբաղի ցեղասպանության մասին այս լայնածավալ արձանագրությունը հավաքելու համար»։
«Լեռնային Ղարաբաղի ցեղասպանության մասին» կայքէջի առաջին տարբերակը գործարկվում է 2024թ․-ի սեպտեմբերին՝ համընկնելով Արցախից էթնիկ հայերի բռնի հայաթափման մեկամյա տարելիցին։ ANI-ն ողջունում է կառուցողական դիտողություններն ու առաջարկությունները, քանի որ կայքէջն ավելի է ընդլայնվելու:
Լեռնային Ղարաբաղի ցեղասպանության կայքէջը լրացնում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջնակարգ ինտերնետային ռեսուրսը, որն արդեն պարունակում է լայնածավալ տեղեկատվություն 1915թ.-ի իրադարձությունների և դրանց հետևանքների մասին, ներառյալ` պատմական արձանագրություններ, հաստատող հայտարարությունների ընդարձակ բազա ամբողջ աշխարհից, մեկ այլ տվյալների բազա Հայոց ցեղասպանության հուշահամալիրների վերաբերյալ բոլոր մայրցամաքներում, անվճար ներբեռնվող ցուցանմուշներ՝ հիմնված ԱՄՆ արխիվներից վավերացված լուսանկարչական ապացույցների վրա, ինտերակտիվ թանգարանային բաղադրիչ՝ որպես Հայոց ցեղասպանության ներածություն, կրթական ռեսուրսների մի ամբողջ շարք, որոնց վրա կարող են ապավինել մանկավարժները՝ կախված իրենց դպրոցների և աշակերտների կարիքներից, ինչպես նաև մարդու իրավունքների և ցեղասպանության թեմայի վերաբերյալ լայնածավալ գիտական գրականության ներածական մատենագիտություն՝ կապված Հայոց ցեղասպանության հետ, ի թիվս բազմաթիվ այլ օգտակար բաղադրիչների: ANI-ի կայքէջը հասանելի է նաև թուրքերեն, արաբերեն և իսպաներեն լեզուներով և անընդհատ ընդլայնվում է, քանի որ ավելի շատ արձանագրություններ են թարգմանվում:
Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հիմնադրվել է 1997 թվականին: Այն 501(c)(3) ուսուցողական բարեգործական կազմակերպություն է Վաշինգտոնում, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության ուսումնասիրմանը, հետազոտմանն ու հաստատմանը: ANI-ի կայքէջից կարելի է օգտվել անգլերեն, թուրքերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով: ANI-ն նաև սպասարկում է Ամերիկայի Հայոց ցեղասպանության առցանց թանգարանը (AGMA):
Հայկական ազգային ինստիտուտ