Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք` խնդիրը կարձանագրվի, եթե խնդիր չտեսանք, էլի մի կասկածեք` կասենք. ՍԴ նախագահ

Սեպտեմբեր 24,2024 13:08

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը:

Արման Դիլանյան

Մի քանի րոպեից կսկսվի դատաքննությունը, իսկ հետո կգնանք խորհրդակցությունների սենյակ և որոշ ժամանակ անց որոշումը կհրապարակվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Պարոն Դիլանյանը գնահատականներ չտվեց Կիրանցում սահմանազատման աշխատանքներին՝ անդրադառնալով քննադատությանը, թե այդ սահմանազատումն ապօրինի էր, որովհետեւ կանոնակարգը չէր հաստատվել. «Այս պահին որեւէ գնահատական չեմ տա, երբ այդ հարցը կգա Սահմանադրական դատարան, մենք կտանք գնահատական… Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք` խնդիրը կարձանագրվի, եթե խնդիր չտեսանք, էլի մի կասկածեք` կասենք, որ խնդիր չկար այդ փաստաթղթում», – ասաց նա։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կասի ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացի մասին, ասաց՝ որպես անձ ուշադիր հետեւում է այդ իրադարձություններին, բայց որեւէ կերպ չի միջամտում քրեական գործի քննությանը, իսկ որպես դատարան, ՍԴ նախագահ, երբ կգա իրենց ասելիքի ժամանակը, իրենք անպայման կասեն:

Հրայր Թովմասյան

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն էլ լրագրողներին ասաց, որ հաշվի առնելով հարցի կարեւորությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ գտնում է, որ մի շարք հարցերի պատասխան հնարավոր է ստանալ գործի բանավոր քննության շրջանակներում, առաջարկել է անցնել բանավոր քննության, բայց դատարանը մերժել է. «Իսկ դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում, գոյություն ունի սենյակի գաղտնիության սկզբունք, ոչ հիմա, ոչ հետագայում ոչ մեկն այդ սենյակի գաղտնիությունը չի կարող հրապարակել»:

Հարց հնչեց, թե ինչպես ստացվեց, որ Վրաստանի եւ ՀՀ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը որեւէ իրավական գործընթացով չանցավ, իսկ այս դեպքում որոշվեց մտցնել ՍԴ, այնուհետեւ՝ ԱԺ.

«Այդ եւ այլ հարցեր խորհրդակցական սենյակում կարող են քննարկման առարկա դառնալ, բայց դրանց վերաբերյալ հրապարակային որեւէ բան ՍԴ դատավորներից որեւէ մեկը չի կարող ասել»,- պատասխանեց Հրայր Թովմասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եթե տեսանք, մի կասկածեք` …
    Եթե խնդիր չտեսանք, էլի մի կասկածեք`…
    Ամեն դեպքում կարանք ասել. ‘Կներեք սխալի ու գալիք սխալների համար:’
    Արդարադատության հայկական մոդելը. ‘Կասկածել/Չկասկածել Երիցուկ”:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30