Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ պատվաբեր է այն փաստը, որ ավստրիացիները մեր Ազգային ֆիլհարմոնիկին են վստահել իրենց երկրում նման կարևոր իրադարձության բացման համերգը»

Սեպտեմբեր 24,2024 12:47

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բուռն կերպով մեկնարկեց 99-րդ համերգաշրջանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 12-ին սկսված և մինչև հոկտեմբերի 30-ը տևող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը լի է աստղային հրավիրյալ երաժիշտներով:

Սեպտեմբերի 19-ից 23-ը Ազգային ֆիլհարմոնիկը մեկնել էր եվրոպական հյուրախաղերի: Դեպի Ավստրիա նվագախմբի մոտ հարյուր անձի ավիափոխադրման հարցում, որը բավականին խնդրահարույց էր, աջակցության ձեռք է մեկնել Fly One Armenia ավիաընկերությունը:

Սեպտեմբերի 20-ին, Ավստրիայի Կլագենֆուրտ Մյուզիքֆեռայնում Ազգային ֆիլհարմոնիկը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդես եկավ Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգով: Բոլոր տոմսերը սպառված էին, որպես մենակատար հանդես եկավ համաշխարհային աստղ, թավջութակահար Դանիել Մյուլլեր-Շոթը, որը փայլուն մեկնաբանեց Դվորժակի Թավջութակի կոնցերտը։ Իսկ Բրուքների 9-րդ սիմֆոնիան, Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ և Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, խստապահանջ ավստրիացի ունկնդրի կողմից ընդունվեց բուռն օվացիաներով։ Այս մասին տեղեկանում ենք ավստրիական մամուլից:

Մենք կապվեցինք մաեստրո Թոփչյանի և թավջութակահար Մյուլլեր-Շոթի հետ: «Հայկական նվագախմբի համար շատ պատվաբեր է այն փաստը, որ ավստրիացիները մեր Ազգային ֆիլհարմոնիկին են վստահել իրենց երկրում նման կարևոր իրադարձության բացման համերգը: Ինչպես գիտենք, Բրուքները Ավստրիայի մեծագույն ազգային արժեքներից է և մենք մեծ պատասխանատվությամբ էինք պատրաստվել այս համերգին: Շատ ուրախ ենք և ոգևորված, որ ավստրիացիների կողմից Բրուքների 9-րդ սիմֆոնիայի մեր մեկնաբանությունը նման ջերմ ընդունելության արժանացավ»,- հայտնեց մաեստրոն:

Մյուլլեր-Շոթն ասաց. «Արդեն երրորդ անգամ եմ ելույթ ունենում այս հրաշալի նվագախմբի հետ, առաջին երկու ելույթներս կայացել են ձեր գեղեցիկ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ինձ համար միշտ մեծ հաճույք է այս երաժիշտների հետ երաժշտություն ստեղծել: Երեք անգամ էլ մենք Դվորժակ ենք նվագել և արդեն մեկ-մեկու լավ ենք ճանաչում ու զգում: Նվագախմբում մեծ կիրք կա, էներգիա, երաժիշտները շատ ջերմ են և ամբողջությամբ տրվում են երաժշտությանը: Մաեստրո Թոփչյանի հետ նույնպես միշտ հաճելի է աշխատել, նա միշտ սուպեր հստակ է և հասկանալի ամեն ինչում, ինչ որ անում է: Դա ինձ հնարավորություն է տալիս բավականին ազատ լինել իմ մեկնաբանման մեջ… դա մեծ բավականություն է: Ավստրիայում մեր համատեղ ելույթը մեծ փորձառություն է բոլորիս համար, առաջին անգամ միասին հրաշալի կերպով հանդես եկանք բոլորովին այլ մշակույթ ունեցող երկրում, դա շատ ոգեշնչող է բոլորիս համար»:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյան, Էդուարդ Թոփչյան, Մարիան Թուրներ` Սլովակիայի ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն

Իսկ սեպտեմբերի 22-ին, Սլովակիայում, Բրատիսլավայի երաժշտական փառատոնում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես եկավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված համերգով: Հնչեց Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը՝ սլովակ շեփորահար, միջազգային մրցույթների մրցանակակիր, Ստանիսլավ Մասարիկի կատարմամբ, հնչել են նաև Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան և Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը: Համերգին ներկա է գտնվել Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արմեն Պապիկյանը և այլ երկրների տասնյակ դեսպաններ և դիվանագետներ:

Վերջում չմոռանանք նշել, որ մաեստրո Թոփչյանի հաղորդմամբ, Բրատիսլավայի փառատոնին շատ հեղինակավոր երաժիշտներ և նվագախմբեր են հրավիրված, որոնց կողքին ելույթ ունենալը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի համար պարտավորեցնող է և մեծ պատիվ:

 

Ֆիլհարմոնիկ նվագախումբն այս գիշեր է վերադարձել Երևան, երեկոյան արդեն հանդես կգա Թումանյանի անվան այգում, իսկ Երևանյան միջազգային փառատոնի հաջորդ համերգը սեպտեմբերի 28-ին է՝ անվանի հայազգի սոպրանո Հրաչուհի Բասենցի մասնակցությամբ:

 

Պատրաստեցին

Աստղիկ Դալլաքյանը,

Սամվել Դանիելյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30