«2023 թվականին արցախահայությունը «ոչ» ասաց ստրկացմանը, ոչ՝ թրքացմանն եւ ոչ՝ ցեղասպանությանը։ Արցախահայության համար սկսվեց մաքառման հերթական փուլը եւ նա «այո» ասաց կյանքին ու պայքարին, «այո»՝ հայկական Արցախ վերադարձին»,- այս խոսքերով այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում սկսվեց «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը: Այս հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների եւ սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակը:
«Մեր ժողովրդի մեծ մասի հանգրվանը դարձել է մայր Հայաստանը, ժամանակավոր հանգրվանը, որովհետեւ ոչ մի արցախցի երբեք չի կորցրել ու չի կորցնի տուն վերադառնալու հույսն ու նպատակը։ Այս մեկ տարվա ընթացքում շատ ենք լսել մեր հայրենակիցներից՝ լացելու տեղ անգամ չունենք։ Հայրենիքում են մնացել մեր պապերն ու տատերը, քույրերն ու եղբայրները, ամուսինները, զավակները։ Այդ մեծ ցավը փոքր-ինչ մեղմելու նպատակով հասարակության տարբեր շերտերի հետ պարբերական քննարկումների արդյունքում եւ Հայաստանի կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում կկառուցվի Արցախի կանչը հուշակոթողը»,- ասաց միջոցառման համակարգող Հունան Թադեւոսյանը։
Կարդացեք նաև
Հուշակոթողը կառուցելու նախաձեռնությունը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին է։ Ֆինանսավորումը հատկացրել է արցախցի բարերար, որի անունը չի հրապարակվում։
Ճարտարապետ Միքայել Սարգսյանն ասաց, որ «Արցախի կանչ» հուշարձանը հնարավորինս նման է լինելու Ստեփանակերտի հուշահամալիրին։
«Տարածքը, որի վրա մշակվել է նախագիծը, կազմում է մոտ 500 քմ, բուն կոթողը լինելու է 6 մետր բարձրության։ Կոթողն ամփոփելու է մեր արցախյան չորս պատերազմների զոհերի եւ պայթյունի զոհերի հիշատակը։ Հուշակոթողն ընտրել ենք որպես պարզ ճարտարապետական մինիմալիստական ոճ»,- ասաց Միքայել Սարգսյանը։
Հիմնարկեքի արարողությանը մասնակցում էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք ու արցախցիներ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ