«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեւանում կայացավ այս ամսվա եւս մեկ կարեւոր միջոցառում` Համաշխարհային հայկական գագաթնաժողովը #globalarmeniansummit2024 , որը Հայաստան էր բերել ոչ միայն սփյուռքի մեր երեւելի հայրենակիցներին, այլ նաեւ միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի նվիրյալ աջակիցներին։
Պատիվ ունեի վարել գագաթնաժողովի քննարկումը` Հայաստանի ու Արցախի խնդիրների շուրջ ահռելի ջանք ներդրած եւ շարունակաբար աջակցող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին կոնգրեսական Ջեքի Սփիերի, Կալիֆոռնիայի Սենատոր Ալֆրեդո Պորտանտինոյի, Լիբանանի Խորհրդարանի պատգամավոր Պաուլա Յակուբեանի եւ Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հետ աշխատանքների բաժնի տնօրեն Մարիամ Խալոյանի հետ։
Ցավոք, ամերիկացի սենատոր Պորտանտինոն անգամ շեշտեց, որ Հայաստանի ու Արցախի համար շատ ավելի արդյունավետ լոբբինգ կարող են իրականացնել սփյուռքի կազմակերպությունները, եթե համախմբված լինեն, եթե միմյանց դեմ գործելու փոխարեն, ջանքերը համատեղեն հանուն Հայաստանի… սա խնդիր էր դեռ հարյուր տարի առաջ ու կարծես լուծվելու փոխարեն ավելի ծայրահեղ դրսեւորումներ է ստանում:
Բայց, իրողության տխուր արձանագրումից զատ շեշտեմ, որ հիրավի հաջողած ու կայացած այս համաժողովը նոր մշակույթ է ստեղծում Հայաստան-սփյուռք համագործակցության, նոր կապեր ու կարծրացած ընկալումների փոփոխություն, որը խիստ անհրաժեշտ է միմյանց վերաարժեւորելու այս կարեւոր ճանապարհին։
Կարդացեք նաև