«Հարց է առաջանում՝ լիազոր մարմնի կողմից դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմելու մասին որոշմամբ դատական նիստերի մասին իրականությանը չհամապատասխանող, թերի, չճշտված տեղեկություններ ներառելն ու խորհրդին ներկայացնե՞լն է ավելի շատ և իրապես վտանգում դատական իշխանությանը և այն կրող դատավորի հեղինակությունը, նվազեցնում անձանց վստահությունը դատական իշխանության նկատմամբ, թե՞ իմ կողմից նշված ծանրաբեռնվածության ու աշխատանքային ռեժիմի պայմաններում նշված գործը երեք տարի ժամկետում քննելն ու ավարտելը, որի վաղեմության ժամկետները չեն անցել, կողմերն օգտվել են իրենց՝ բողոքարկելու իրավունքից, ընդ որում, որևէ ակնարկ նույնիսկ չկա ողջամիտ ժամկետների խախտման առումով»,- դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նիստի ժամանակ հայտարարեց Վահե Միսակյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին հրավիրված ԲԴԽ նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գևորգյանը, հիմնավորելով ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը՝ դատավորին ենթարկել կարգապահական պատասխանատվության, նշել էր․ «Դատավորի կողմից թույլ են տրվել վարքագծի խախտումներ։ Թիվ ԵԴ03360121 քրեական գործը (Վազգեն Մանուկյանի գործը, որով նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելը։ Իսկ մեղադրանքի հիմքում 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ Մանուկյանի քաղաքական ելույթներն էին։ Նա հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում՝ նշելով. «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը».-խմբ.) դատավորը քննել է ավելի քան երեք տարի, և գործով նշանակված 18 դատական նիստերից 14-ը հետաձգվել է։ Անհրաժեշտ ջանասիրություն չցուցաբերելով գործը ողջամիտ ժամկետներում քննելու ուղղությամբ նիստերի կայացման համար՝ մեր դիտարկմամբ՝ կանխամտածված խոչընդոտող գործողություններ է ստեղծել»։
Վահե Միսակյանը փաստեց՝ այս գործով բողոք չի ներկայացվել ու ասաց․ «Ներկայումս քրեական գործը Վերաքննիչ դատարանում է։ Ճիշտ է՝ հաղորդումը ներկայացրել է դատախազը, սակայն իրականում դատախազը՝ որպես դիմումատու անձ, այս գործով վերաքննիչ բողոք չի ներկայացրել, ոչ էլ պաշտպանական կողմն է իր ներկայացրած բողոքներում վիճարկել ողջամիտ ժամկետների խախտման փաստը։ Վերաքննիչ դատարանը դրանում խախտում արձանագրելու հավանականություն չունի։ Այսինքն՝ դատավարության կողմերից որևէ ակնարկ չկա դատաքննության արդյունքում ողջամիտ ժամկետների խախտման մասին։ 3 տարի տևած քննության արդյունքում որևէ կողմի համար բացասական հետևանք չի առաջացել, չեն առաջացել նաև քրեաիրավական օրենսդրության տեսանկյունից այնպիսի բացասական հետևանքներ, ինչպիսիք են քրեական պատասխանատվության վաղեմության անցնելը ու այնպես չէ, որ դրանք անցնելու են մեկ, երկու կամ երեք ամիս հետո։ Չի սահմանափակվել դատավարության կողմի՝ դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացումը։ Սա փաստ է, որ արդեն ակտը գտնվում է Վերաքննիչ դատարանում»։
Վահե Միսակյանը նշեց, որ դատական նիստերի հետաձգման պատճառը եղել է իր ծանրաբեռնվածությունն ու ասաց․ «Որոշ թեթև գործեր նույնիսկ դատական նիստի քարտուղարին եմ հանձնարարել, նախագահող դատավորի օգնականի աշխատանքային ծանրաբեռնվածությունն այնքան բարձր է եղել, որ նա չի հասցրել զուտ ժամկետների պահպանման տեսանկյունից»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով խնդրահարույց գործին՝ Վահե Միսակյանն ասաց․ «Մեղադրանքը վերաբերում էր քաղաքական խոսքին, ազատ խոսքին, ամբողջը վիճարկվում էր պաշտպանության կողմից: Թեև լիազոր ներկայացուցիչս նշել է, որ այս գործով վկաներ չեն եղել, բայց եղել են տեսանյութեր, դրանք զննության ենթարկելու մասին արձանագրություններ։ Դատարանը համադրել է տեսանյութերը զննության արձանագրությունների հետ, դրանք քննարկման առարկա են դարձել։ Ես 7 ժամ տևած դատական նիստերից դուրս լրացուցիչ յոթ ժամ դատական նիստերի արանքում ևս 2-3 անգամ նման ժամանակ եմ տրամադրել, որ հնարավորություն ունենամ գործի քննությունն ավարտել։ Ակնհայտ է դառնում, որ վերը նշված ծանրաբեռնվածության պայմաններում՝ օրական ութ աշխատանքային ժամը կարող է և բավարար չլիներ նշված խնդիրն ամբողջությամբ և պատշաճ լուծելու համար։ Ես սրտացավություն եմ ցուցաբերել այդ գործի համար և աշխատել եմ արտաժամյա։ Իրականում դրոշակ չեմ սարքում դա։ Դա էին թելադրում իմ՝ արդարադատության շահի մասին պատկերացումները, իմ համար նաև բարեխղճությունը։ Ես ամսական կտրվածքով ութ ժամը գերազանցող ռեժիմով գտնվել եմ աշխատանքի վայրում և այդ ժամանակահատվածում ես լուծել եմ այն խնդիրները, որոնք չեմ հասցրել աշխատանքային ժամերի ընթացքում, քանի որ աշխատանքային ժամերի ընթացքում հնարավորություն եմ ունեցել դատական նիստեր անցկացնելու, իսկ դրանք հնարավորություն չեմ ունեցել իրականացնելու ոչ աշխատանքային ժամերին, քրեական գործերին ծանոթանալու, դատական ակտեր կայացնելու համար ես փորձել եմ այդպես օգտագործել ժամանակս, ինչը ժամանակ է խլել իմ անձնական կյանքից, ընտանիքիցս»։
Վահե Միսակյանն ասաց՝ չունի դատական վարույթի շրջանակներում իր անմեղությունն ապացուցելու պարտականություն․ «Ինչպե՞ս կարելի է իմ կողմից նշված պատճառաբանությունների պայմաններում պնդում անել, որ դատավորը հարմար առիթ է ման եկել դատական նիստը հետաձգելու, առնվազն խուսափել է արդարադատություն իրականացնելուց։ Ամեն դեպքում վերը նշված հանգամանքներն առնվազն դրա մասին չեն վկայում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ