Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների իր գործընկերների հետ:
Սեպտեմբերի 23-ին Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Վերջինս Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու նպատակով այցելել էր Նյու Յորքում գտնվող թուրքական տուն՝ «Türkevi»:
Փեզեշքիան-Էրդողան հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի «Ազգային հետախուզության կազմակերպության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը շեշտել է, որ հավատում է, թե Թուրքիայի և Իրանի միջև առկա պատմական և մշակութային կապերը մշտապես դրական ազդեցություն են ունենալու երկկողմ հարաբերությունների վրա:
Կարդացեք նաև
Էրդողանը նշել է նաև, որ հավատում է, թե նոր ժամանակաշրջանում կդիտարկվեն երկու երկրների համար շահեկան համագործակցությունների հնարավորությունները և կողմերն առաջ կշարժվեն՝ խորացնելով հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Թուրքիայի առաջնորդի օրակարգից դուրս չի մնացել նաև Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տիրող իրավիճակը:
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը «վտանգի է ենթարկվում Իսրայելի ագրեսիվության» պատճառով և շեշտել դրա դեմ «խաղաղությանը միտված քայլերի» իրականացման անհրաժեշտությունը:
Էրդողանը նշել է նաև Պաղեստինի և Լիբանանի տարածքներում տեղի ունեցող «բռնությանը» հնարավորինս շուտ վերջ տալու համար միջազգային իրավունքի, դիվանագիտության և մարդու իրավունքների հիման վրա միջազգային հանրության արձագանքի անհրաժեշտությունը:
Այս համատեքստում թուրք ղեկավարը հայտնել է, որ Թուրքիան մեծացնում է իր ջանքերը՝ Պաղեստինի տարածքում ապրող քաղաքացիական անձանց հումանիտար օգնություն հասցնելու համար:
Նշենք նաև, որ հանդիպումից հետո՝ երբ Փեզեշքիանը լքում էր «Türkevi»-ին, լրագրողները նրան հարցրել են, թե ինչպես է անցել հանդիպումը, ինչին ի պատասխան՝ նա ասել է. «Լավ եղե՛ք»:
Էրդողանը սեպտեմբերի 21-ին էր մեկնել ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաք՝ մասնակցելու Միացյալ ազգերի կազմակերպություն (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին: