«Խաղաղության պայմանագիրը» Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը հերթական կապիտուլյացիա է համարում: «Սա շարունակվող կապիտուլյացիա է: Ունեինք Նոյեմբերի 9-ի պայմանագիրը, որն առաջինը խախտեցինք: Մեր երկրի ղեկավարը գնաց Պրահա, հանձնեց Ղարաբաղը, խախտեց այդ պայմանագիրը: Կային Մինսկի պայմանագրեր, հիմա ոչ ոք չի հիշում, թե դա ինչ էր, դրանք էլ խախտվեցին: Պայմանագրերն անընդհատ կնքվում և խախտվում են: Կարևորը ուժերի բալանսն է, մեր ուժային բալանսը չենք վերականգնում, մեր դիվանագիտությունը չենք շտկում Իրանի հետ, ստրատեգիական համագործակցության չենք դիմում, քանի որ Արևմուտքն արգելում է դա անել: Ռուսաստանը վաղուց արդեն մեր դաշնակիցը չէ, մեր թշնամին է դարձել: Տապալեցինք մեր արտաքին քաղաքականությունը, վերջին վեց տարվա քաղաքականությունը բացարձակ ձախողված քաղաքականություն է: Մի բան, որն այս խմբի մոտ լավ է ստացվում, անընդհատ արդարացումներ գտնելն ու մեր ժողովրդին մանիպուլացնելն է, ասել, որ ուտել-խմելով՝ թուրքերից կպրծնենք: Նման բան չի լինելու»,-ընդգծում է նա:
Այս բոլոր բանակցությունների ու քննարկումների ֆոնին մշտապես բարձրաձայնվում է Բաքվում պահվող մեր ռազմագերիների ու անհիմն մեղադրանքներով ազատազրկված քաղաքացիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայրենիք վերադարձի հարցը: Մինչ բարձրաձայնվում է այն մասին, որ COP29 գագաթաժողովը հրաշալի առիթ էր այս մասին խոսելու, Հայաստանի իշխանություններն ասում են՝ այս ուղղությամբ կատարում են աշխատանքներ, որոնք այս փուլում անտեսանելի են հանրության համար: «Իշխանության որևէ քայլ, որևէ աշխատանք չեմ տեսնում այս ուղղությամբ: Հրապարակայնորեն չեն խոսում այս մասին, չեն պահանջում, որ Ադրբեջանը կատարի իր պարտականությունները: Խախտել են Նոյեմբերի 9-ի պայմանագիրն իրենց ապիկար քաղաքականության հետևանքով: Ո՛չ հետ բերեցինք մեր գերիներին, ո՛չ Արցախում հայություն մնաց, ո՛չ էլ հույս մնաց, որ ապագայում նրանք ինչ-որ կարգավիճակ կունենան: Գնացին Պրահա և քանդեցին ամեն ինչ՝ դուրս գալով Նոյեմբերի 9-ի պայմանագրից: Հիմա փորձում են արդարացումներ գտնել»,-հավելում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորը:
Արևմուտքի ուղին բռնած Հայաստանի իշխանություններն այժմ փորձում են հարաբերություններ կառուցել բոլոր ուղղություններով և կրկին մղվում են դեպի Ռուսաստան: «Ասում էինք, որ պետք է հավասարակշիռ քաղաքականություն վարել, պետք է պրոֆեսիոնալ կադրեր բերել, նրանք դա չունեն: Կարծում են՝ գոռգոռոցներով, փիառ ակցիաներով, թատրոնով, կաթսա խփելով՝ կարող են ինչ-որ բան աշխարհում փոխել: Նրանք տապալվեցին, Ռուսաստանի հետ ամեն ինչ քանդեցին, Արևմուտքից որևէ ռեալ բան չստացան, ինչ-որ ծիծաղելի ԲՏՌ-ներ՝ ապակուց, և ինչ-որ գեղեցիկ խոստումներ, իսկ Ռուսաստանին կորցրեցինք: Ընկան երկու աթոռի մեջտեղը: Հիմա փորձում են ներողություն խնդրելով, չորեքթաթ հետ գնալ Ռուսաստանի մոտ: Ռուսաստանն էլ գիտի այս մարդկանց տեսակը, մեզ տալու է ինչ-որ երրորդական նշանակություն Ալիևից ու Էրդողանից հետո, ասելու են՝ նստեք ձեր տեղը, կասենք, թե ձեր ապագան ոնց ենք որոշել: Սա կատաստրոֆիկ արտաքին քաղաքականություն էր, սրա մասին խոսել էինք, բայց մեզ ոչ ոք չէր լսում»:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում